HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի հետ. «Նարեկացի» արվեստի միությունը նշում է իր 9-րդ տարեդարձը

«Ինչքան մոտենանք Կոմիտասին, այնքան կմոտենանք մեր ինքնությանը, մեր ակունքներին, ինչքան մոտենանք Կոմիտասին, այնքան կմոտենանք աստծուն, քանի որ Կոմիտասն անսահման է: Նա միջոց է, փրկիչ»,- այս մասին այսօր «Նարեկացի» արվեստի միության 9-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

Նրա խոսքերով՝ հենց այդ նպատակով սեպտեմբերի 5-9-ը «Նարեկացի» արվեստի միությունը կազմակերպում է զանազան միջոցառումների շարք, որոնք ունեն փաստագրական բնույթ` բաղակացած փաստագրական ցուցահանդեսից, համերգաշարից և դասախոսություններից:

««Նարեկացի» արվեստի միության մշակութային իրադարձությունները կարծես թե ամբողջությամբ իրար բացահայտում են, լրացնում,  միությունը եւ իր անելիքները, հետեւաբար ընտրությունը, որի վրա կենտրոնանում է միությունը, թիրախային է. նշանակետին ճիշտ գնացող անուններ, երեւույթներ»,- ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նա շնորհակալություն հայտնեց կենտրոնին՝ անվարձահատույց կերպով արվեստագետներին աջակցելու, արվեստասեր գործունեություն իրականացնելու  համար:

Կոմիտասին վերադառնալու,  այդ հարցում նման միջոցառումների կարեւորության մասին խոսեց նաեւ  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը: Վերջինս շեշտեց, որ Կոմիտասին մաքուր ձեւով ներկայացնելն այսօր իսկապես կարեւոր է: Նրա խոսքերով հաճախ կարող ենք լսել, որ այսինչ մարդը վերցրել ու մշակել է Կոմիտասի ստեղծագործությունը, դա այն դեպքում, երբ  այդ մասին հայտարարողն իրականում չէր կարող դա անել, քանի որ Կոմիտասն ինքը արդեն մշակել է դրանք:

«Երբ որ վերցնում են մի մեղեդի, անունը դնում են «Կոմիտասի ստեղծագործության մշակում», ես ապշում եմ, որովհետև Կոմիտասը հանճարեղ մշակույթ է,  նրան պետք չէ մշակել. նրան պետք է լսել, կրթվել, մեծանալ այդ երգերի տակ»,- ասաց Ռ. Մլքեյանը: Նա դեմ չէ, երբ մարդիկ վերցնում են որեւէ ժողովրդական երգ ու իրենց մշակմամբ ներկայացնում են, սակայն դա, նրա խոսքերով, չի կարելի անել Կոմիտասի մշակման հետ, չէ որ այն այլեւս մշակված է:

Այս իմաստով ՆԱՄ-ում նախատեսվող համերգային մասը լինելու է հենց բնագրային Կոմիտասյան կատարումներ` առանց որեւէ այլ մշակման:

Կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանն էլ նշեց, որ այսօր շարժում կա. Բազմաթիվ  երիտասարդներ օրեցօր ավելի են մոտնեում են Կոմիտասին, այսօր կա նրա կարիքը: Նա նաեւ ասաց, որ շուտով կլինի նաև Կոմիտասի կայքը, Կոմիտաս համայնքը, «…որտեղ պետք է հավաքվեն Կոմիտասի ընտանիքի անդամները»` դարձյալ ընդգծելով նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Երաժշտագետ Մհեր Նավոյանի խոսքերով Նարեկացի արվեստի միությունը ճիշտ մոտեցում է ցուցաբերում` շեշտադրում կատարելով Կոմիտասի բնագրային ներկայացման վրա` հիշեցնելով, որ թեեւ Կոմիտասի կերպարը սերտաճած է Ցեղասպանության հետ, եւ նրան մենք ընկալում ենք որպես ողբերգական կերպար, այդուհանդերձ. «Այդ ողբերգությունը չպետք է գերաճի Կոմիտասի հետ»:

Այս եւ Կոմիտասին վերաբերող այլ հարցերին էլ հենց նվիրված է լինելու վերջինիս դասախոսոթյունը ՆԱՄ-ում ՆԱՄ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միությունը սեպտեմբերի 5-ին նշում է իր հիմնադրման 9-րդ տարեդարձը:

Այս տարի միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ նվիրված է Կոմիտաս կոպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին:

Կոմիտասը, որպես հայ երաժշտական բյուրեղյա ինքնության հիմնարար պատվար, կհնչի նրա ձեռագրերի տառին ու ոգուն հնարավորինս հարազատ բնագրային ճշգրտությամբ` առանց մշակումների, նրա ժառանգությունը` թե՛ կոմպոզիտորական, թե՛ գիտական, կներկայացվի հնարավորինս համակողմանիորեն` կոմիտասագետների դասախոսություններով, իսկ նրա կյանքը կլուսաբանվի արխիվային լայնածավալ հավաքածուի ցուցադրությամբ:

Ստորեւ ներկայացված է սեպտեմբերի 5-9 –ը նախատեսված միջոցառումների  ծրագիրը:

5 սեպտեմբերի, 19:00

Հանդիսավոր բացում.
Բացման խոսք` Բագրատ սրբազան Գալստանյան 
Անուշ և Եվա Ստեփանյաններ 
Ավագ Մարգարյան (բլուլ)
Գոհար Մարտիրոսյան 
Վարուժան Մարգարյան 
Վաչե Շարաֆյան (դաշնամուր) 
«Վեմ» երգչախումբ
Ծրագրում` գեղջկական երգեր, մեներգեր, խմբերգեր

Փաստագրական ցուցահանդեսի բացում (5 – 30 սեպտեմբերի). 
Կոմիտասի նամակները, գծանկարները, լուսանկարները, խազագրերը և նոտագրերը Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից 

Վայրը` «Նարեկացի» արվեստի միություն (Վարդանանց 16/1)
____

6 սեպտեմբերի, 19:00 

Դասախոսություն. 
«Կոմիտաս կոմպոզիտոր» 
Բանախոս՝ Տիգրան Մանսուրյան
Վայրը` Նարեկացի արվեստի միություն (Վարդանանց16/1)

____

7 սեպտեմբերի, 19:00 

Դասախոսություն. 
«Հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը»
Բանախոս՝ Արթուր Շահնազարյան
Վայրը` Նարեկացի արվեստի միություն (Վարդանանց 16/1)

____

8 սեպտեմբերի, 19:00 

Դասախոսություն.
«Կոմիտասի ժառանգությունը ինքնության հարցերի համատեքստում»
Բանախոս՝ Մհեր Նավոյան
Հաջորդիվ համերգ. 
«Գեղարդ» երգեցիկ խումբ
Ծրագրում` հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ
Վայրը` Նարեկացի արվեստի միություն (Վարդանանց 16/1)

____

9 սեպտեմբերի, 19:00 

Համերգ. 
Մարգարիտ Շահինյան 
Աննա Մայիլյան
Լուսինե Գրիգորյան (դաշնամուր)
Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան)
Ծրագրում` մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային ստեղծագործություններ 
Վայրը` Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տուն (Իսահակյան 1) 

Ավելացնենք, որ առաջին եւ վերջին օրերին միջոցառումների մուտքը հրավիրատոմսերով է, մնացած օրերին  մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter