Լեռնանիստում նոր ամբուլատորիա է բացվել
Այսօր Լեռնանիստում բացվեց «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով կառուցված հերթական ամբուլատորիան։ Բացման հանդիսությունը լեռնանիստցիներն իսկական տոնի էին վերածել։ Այդ առիթով համայնք այցելած ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին և մյուս պաշտոնյաներին նրանք դիմավորեցին ոչ միայն աղ ու հացով, այլև երգ ու պարով, գյուղի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների բացօթյա ցուցադրությամբ։
Ներկա գտնվող բազմաթիվ լեռնանիստցիներին նախարար Դումանյանը մաղթեց առողջ լինել և ամբուլատորիայից օգտվել ավելի շատ կանխարգելիչ նպատակներով։
«Ես ուզում եմ, որ ձեր համայնքում շատ երեխաներ ծնվեն։ Վստահ եմ, որ հրաշալի պայմաններ ունեցող այս կենտրոնում բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, որ երեխաները ժամանակին կպատվաստվեն ու զերծ կմնան մանկական վարակիչ հիվանդություններից»,- ներկաներին ասաց նախարարը։
Նախարար Դումանյանը նաև հավելեց, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014 թվականից էականորեն կբարձրանան։ Բացի այդ, ամբուլատորիան կընդգրկվի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրում և կհամալրվի անհրաժեշտ նոր սարքավորումներով։
Լեռնանիստի շուրջ 3000 բնակիչությանը սպասարկող Ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր 1987թ.-ին։ Այն չուներ կոմունալ հարմարություններ` ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և շահագործումից ի վեր չէր վերանորոգվել:
Ընդամենն ութ ամսում կառուցված նոր ամբուլատորիան ապահովված է անհրաժեշտ պայմաններով, հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:
Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Լեռնանիստ համայնքում ներդրվել է 53.952 մլն դրամ, որից 49.652 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.204 մլն դրամ), և շուրջ 4.3 մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ:
Այս նույն ծրագրի շրջանակներում մինչև սեպտեմբերի վերջը շահագործման կհանձնվեն նաև մարզի Վերին Պտղնի, Սոլակ և Ակունք համայնքների նորակառույց ամբուլատորիաները։
Տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերով 2000-2013թթ. ընթացքում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 4 և հիմնանորոգվել 22 ամբուլատորիա։ Մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով: Մի շարք ամբուլատորիաների հատկացվել են բուժօգնության մեքենաներ։ Աբովյանի պոլիկլինիկան ապահովվել է անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներով: Աբովյանի, Հրազդանի, Եղվարդի հանրապետական հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաներին հատկացվել է սարքավորումների հավաքածու: Իսկ Կոտայքի մարզի հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնին հատկացվել է շարժական լաբորատորիա: Միաժամանակ ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել են 140 բժիշկ և 161 բուժքույր: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրերով միայն Կոտայքի մարզում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ 959մլն 885 հազ դրամի չափով ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։
Պատասխանելով լրագրողների հարցերին նախարար Դումանյանը ներկայացրեց, որ վերջին տարիներին շահագործման է հանձնվել ավելի քան 270 ամբուլատորիա։ Եւս 41-42-ը կառուցելուց հետո ողջ հանրապետությունում կունենանք միայն ժամանակակից պահանջներին համապատասխանող ամբուլատորիաներ։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել