HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթով է ազգը հարատև

Շուրջ քսաներեք տարի է, ինչ ապրում եմ հայրենիքում: Մշտապես հետաքրքրված լինելով հայ արվեստով` հաճախել եմ մշակութային օջախներ ու հաճելիորեն նկատել, որ Երևանի թատրոններում պարբերաբար բեմադրվում են հայ դասական և ժամանակակից դրամատուրգների գործերը, ցուցասրահներում մշտապես ներկայացվում  են հայ նկարիչների  ու քանդակագործների աշխատանքներ,  իսկ գրողների միության և զանազան հրատարակչությունների կողմից հրատարակվում  են հայ գրողների գրքերը:  Վերջերս ավարտվեց կինոարվեստի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որտեղ նույնպես հայ կինեմատոգրաֆիստները ցուցադրեցին իրենց ֆիլմերը և ունեցան հաջողություն:     

Ընթերցողը հավանաբար նկատեց, որ ես ոչինչ չասացի հայ երաժշտական արվեստի մասին: Այն, որ համերգասրահներում, եթերով և հասարակական տրանսպորտում լսում ենք  արաբա-թուրքական ելևէջներով գռեհիկ երգեր, բոլորիս է հայտնի: Արդեն երկու տասնամյակ է այդ բացասական երևույթի մասին շատ է ասվել ու գրվել: Փառք աստծո, վերջին տարիներին կարծես թե նվազել է այդ ախտածին արատը:

Ինչ վերաբերվում է ժամանակակից դասական երաժշտական արվեստին, կարծիքս  երկփեղկվում է:

Նախ՝ երախտիքս եմ ուզում հաղորդել կառավարության աջակցությամբ և օպերային թատրոնի ղեկավարության նվիրյալ աշխատանքով իրականացված օպերային թատրոնի բեմի տեխնիկական վերազինման առիթով: Ինչպե՜ս չհպարտանամ, երբ լրատվական միջոցներից տեղեկանում եմ աշխարհի տարբեր բեմերում օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և մեներգիչների հաջող ելույթների մասին: Կրկնակի հպարտություն ապրեցի, երբ օպերային թատրոնում դիտեցի «Վերդիանա» համերգը: Ինչպիսի՜ առաջնակարգ մեներգիչներ, դիրիժորներ, երգչախումբ և նվագախումբ ունենք:  Այս ամենի հետ  նկատել եմ, որ  օպերային թատրոնում պարբերաբար վերաբեմադրվում են բոլորիս քաջատեղյակ հայ դասական ներկայացումներ (օպերաներից՝ «Անուշ», «Դավիթ Բեկ»,  «Ալմաստ», «Արշակ 2-րդ», «Սայաթ-Նովա», բալետներից «Գայանե», «Սպարտակ») և չեն բեմադրվում  ժամանակակից հայ կոմպոզիտորի կողմից ստեղծված նոր ազգային օպերա կամ բալետ: Արտասահմանից ժամանած իմ բարեկամներին չգիտեմ ինչ պատասխանեմ, երբ նրանք հարցնում են. «Իսկ, ուր են ձեր նոր ազգային օպերաներն ու բալետները»:

Վերջին տարիներին վերաբեմադրվեցին Արամ Խաչատրյանի հանճարեղ «Սպարտակ» բալետը ու Ջ. Վերդիի անզուգական «Աիդա» օպերան, որն անչափ գովելի է:  Սակայն, անժխտելի է և այն, որ պետք է  ապահովել  ազգային օպերային և բալետային արվեստի առաջընթացը և բեմադրել  հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր գործերը, որը դժբախտաբար չի արվում:

Ասում են, որ հանրապետության ներկայիս տնտեսական դժվարին կացությունը թույլ չի տալիս իրականացնել նոր օպերայի և բալետի բեմադրություն, որի համար անհրաժեշտ կլինեն  զգալի միջոցներ: Սակայն լրատվական միջոցներից հայտնի է, որ «Սպարտակ» բալետի և «Աիդա» օպերայի բեմադրության համար ծախսվել է մի քանի միլիոն դոլլար, իսկ նոր ազգային օպերա կամ բալետ բեմադրելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 100-120 հազար դոլար: Ուրեմն, ցանկության դեպքում կարելի կլինի  հայթաթել այդ անհամեմատ փոքր գումարը: Միթե ձեռնտու չէ բեմադրել նոր ազգային ներկայացում:  Զարմանքս ավելի մեծացավ, երբ իմացա, որ տասնամյակներ շարունակ օպերային թատրոնում ընդհանրապես չի բեմադրվել ազգային նոր օպերա կամ բալետ:         

Սովետական կարգերի ժամանակ օպերային թատրոնում պլանային կարգով և պետական միջոցներով, բացի համաշխարհային դասական ներկայացումներից, պարբերաբար բեմադրվել են նոր ազգային օպերաներ և բալետներ:

Բոլորիս հուզող հարցի վերաբերյալ հարցս կուզեմ ուղղել մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին, նորաստեղծ Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համապատասխան բաժիններին. ինչու չի տարվում համապատասխան մշակութային ռազմավարություն, որպեսզի հանրապետության գլխավոր մշակութային օջախ՝ օպերային թատրոնում բեմադրվեն նոր ազգային ներկայացումներ:      

Հիշենք, որ ճապոնացիները տնտեսական զարգացման հասան նախապես հոգևոր արժեքներին զարկ տալուց հետո: Իսկ հայոց բժշկապետ Մխիթար Հերացին դեռ 12-րդ դարում ասել է. «Պետության հարստությունը պայմանավորված է ժողովրդի առողջությամբ»: Ուրեմն քաղաքակիրթ և զարգացած պետություն դառնալու համար տեր կանգնենք ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր առողջությանը:

 Արտաշես Բարսեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter