HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գլենդել Հիլզ»-ին կառավարությունը վաղուց պետք է զրկեր Գյումրիում շինարարություն իրականացնելու իրավունքից. Վահան Թումասյան

Նախնական տվյալներով` Շիրակի մարզում անօթեւանների համար նախատեսված բնակարանաշինությունը պետք է սկսվեր այս տարվա ապրիլ ամսին եւ ավարտվեր սեպտեմբերին՝ 420 բնակարան Գյումրիում, 140 բնակարան Ախուրյանում եւ 50 բնակելի տներ գյուղական համայնքներում: Այս մասին փաստեց անօթեւանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն, ով արդեն հինգ ամիս է` չիրականացվող շինարարության վերաբերյալ ոչ մի կոնկրետ պատասխան չի ստանում ոչ Քաղաքաշինության նախարարությունից, ոչ շինարարությունն իրականացնող կազմակերպությունից:

 «Իմ նամակները նախարարությունն ուղարկում է «Գլենդել Հիլզ»-ին, վերջինս էլ ինչ որ անորոշ փաստարկներ է բերում շինարարության հետաձգման վերաբերյալ»,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը: Նրա կարծիքով, բազմաթիվ թերություններով 2812 բնակարան շահագործման հանձնած «Գլենդել Հիլզ»-ին կառավարությունը պետք է զրկեր հետագայում եւս աղետի գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունից:

«Թող կառավարությունը նոր մրցույթ հայտարարի, ընտրի տեղի շինարարական կազմակերպություններից որեւէ մեկին, որը, համոզված եմ, ավելի լավ ու որակով կկառուցի: Ոչինչ, որ հիմա էլ այդ պատճառով շինարարությունը կհետաձգվի, դրա փոխարեն գոնե մարդկանց վստահությունը կվերականգնվի շինարարի հանդեպ»,-առաջարկեց Վահան Թումասյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ է արդյոք տարածված այն տեղեկատվությունը, որ «Գլենդել Հիլզը» սնանկ է ճանաչվել, Վահան Թումասյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, բայց եթե անգամ ճիշտ լինի լուրը, ապա չի զարմանա:

«Ես ինչ-որ տեղ հավատում եմ, որ պետությունն, այնուամենայնիվ, խոստացած բնակարանաշինությունը կիրականացնի: Եթե կազմակերպությունն է սնանկ կամ պետությունը գումարներ չունի, գուցե այլ աղբյուրներ պետք է փնտրել: Ի վերջո, ամեն տարի համահայկական մարաթոն է կազմակերպվում: Թող այս անգամ էլ հավաքված գումարի մի մասը ուղղեն Շիրակի մարզ»,-նկատեց Վահան Թումասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter