HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարեն Եսայանի սպանության օրը ավտոլվացման կետից առգրավված տեսաերիզների դիտումը հետաձգվեց հաջորդ դատական նիստին

Կարեն Եսայանի սպանության գործում առկա տեսաերիզների ուսումնասիրությունը նախատեսված էր սեպտեմբերի 4-ի դատական նիստի ժամանակ: Սակայն այս անգամ էլ ապացույցների հետազոտումը հետաձգվեց: Բանն այն է, որ նախորդ՝ օգոստոսի 23-ին կայացած նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել էր, որ դատարանում տեսաերիզների դիտմանը ներկա լինեն տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը եւ վկաներից Օհաննա Մախսոյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն էլ իր հերթին էր միջնորդել ապահովել վկաներ Ռոման Ղարաքեշիշյանի եւ ավտոլվացման կետի տնօրեն Արմեն Խաչատրյանի ներկայությունը:

Դատական նիստին, որն այս անգամ սկսվեց 2 ժամ ուշացումով, ծանուցված վկաներից ոչ մեկը չէր ներկայացել: Նրանցից միայն մեկը՝ Անահիտ Իսկանդարյանն էր դատարանին նամակով տեղեկացրել, որ վատառողջ է եւ չի կարող ներկա լինել նիստին: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել տեսաերիզների դիտումը: «Մենք հատկապես կարեւորում ենք Անահիտ Իսկանդարյանի ներկայությունը, իսկ քանի որ տուժողի իրավահաջորդն իր նամակում չի հիմնավորել, թե հատկապես ինչ առողջական խնդիրներ ունի կամ ինչ բարդության, այդ պատճառով էլ ճիշտ կլինի, եթե դատարանը նրա եւ մյուս վկաների նկատմամբ բերման որոշում կայացնի»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը խոստացավ հաջորդ նիստին ապահովել Անահիտ Իսկանդայանի ներկայությունը, հակառակ պարագայում՝ ներկայացնել վերջինիս առողջական խնդիրների լուրջ հիմնավորում: Դատարանը որոշեց բերման որոշում կայացնել մյուս երեք վկաների նկատմամբ եւ անցնել գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալ Հարություն Սարգսյանին պատկանող, քրեական գործում որպես իրեղեն ապացույց համարվող հագուստները՝ պոլիէթիլենե տոպրակով փաթեթավորված: Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ փաթեթավորումն արված է փնթի ձեւով՝ սոսնձված ու կնքված չէ, այսինքն՝ ցանկացած մեկը կարող է բացել այն, ինչ-որ գործողություններ կատարել, թողնել ցանկացած հետք եւ այլն:

 Փաթեթը բացելուց հետո պարզվեց, որ այնտեղ միայն ամբաստանյալի տաբատն է, իսկ վերնազգեստը բացակայում էր: Փորձաքննության արդյունքում Հարություն Սարգսյանի մեքենայից առգրավված տաբատի վրա հայտնաբերվել էին կապարի մետաղական հետքեր: Պաշտպանական կողմը, մատնացույց անելով տաբատի փողքի ներքեւի հատվածի այրված մասերը, կեղտաբծերը եւ վնասված հատվածները, նշեց, որ ամբաստանյալը չէր կարող այն որպես ներկայանալի հագուստ կրել առօրյայում: Դեռեւս նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալը հայտարարել էր, որ ոստիկանների կողմից առգրավված տաբատն ինքը հագել է մեքենաների վրա աշխատելիս, եւ առկա յուղաբծերն ու կապարի հետքերն էլ դրա հետեւանքն են:

Դատավոր Մարտին Սարոյանն առաջարկեց իրեղեն ապացույցների հետազոտումից հետո անցնել ամբաստանյալի հարցաքննությանը, սակայն պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել այն, քանի որ իրենք պատրաստ չեն: Բացի այդ՝ ավարտված չէ գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտումը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter