HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խանութների տերերը բողոքում են, որ կանգառի տեղ չկա

Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը տարհանում է բոլոր այն մեքենաները, որոնք կայանված են արգելված վայրերում:

Մասնավորապես, տարհանվում են կանգառն արգելող ճանապարհային նշանի եւ տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթեւեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) եւ խոչընդոտում են երթեւեկության այլ մասնակիցների երթեւեկությանը: Կարգը խախտողների հանդեպ, ըստ օրենքի, կիրառվում է 40.000 դրամ տուգանք:

Արշակունյաց 2 հասցեում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչական շենքի առաջին հարկի շարքում, տեղակայված է 12 խանութ, որոնք իրականացնում են տարբեր տեսակի գործունեություն. ավիատոմսերի վաճառք, մանկական սրճարան, ավտոպահեստամասերի, խմիչքի, սննդի առեւտուր:   

26-ամյա Սարգիս Սաֆարյանը, որ «BMW» մեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող «Քրասովեր» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, վրդովված է այս որոշումից: Նա պատմում է, որ հարեւան խանութների տերերի հետ փաստի առաջ են կանգնել, քանի որ նախկինում մայթի վրա կայանված մեքենաները, համենայն դեպս, չէին էվակուացվում, եւ խանութին մոտենալու համար շատերը հենց մայթի վրա էլ կայանում էին: Իսկ հիմա, ըստ նրանց, մեքենա ունեցող հաճախորդները կգերադասեն այլ տեղից առեւտուր անել, որտեղ նաեւ կայանատեղ կա: Բացի դրանից՝ հենց իրենք՝ սեփականատերերը, ապրանքը մեքենայով չեն կարող մոտեցնել խանութին եւ բեռնաթափել:  

Արշակունյաց 2-ի դիրքը յուրահատուկ է: Դրա մի մասը հարում է Գրիգոր Լուսավորչի փողոցին, իսկ Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց (այլ կերպ ասած՝ Կրկեսի) խաչմերուկից ներքեւ՝ Արշակունյաց պողոտային: Կայանում թույլատրվում է լուսաֆորից 15 մ հեռավորության վրա, այլ կերպ ասած՝ միայն Արշակունյաց պողոտայի մի քանի մետր հատվածում (Լուսավորչի՝ խաչմերուկին հարող մասում գտնվող նախկին հանրային կանգառը տեղափոխվել է, եւ հիմա այդ մասում ոչ կանգառ է թույլատրվում, ոչ էլ, առավել եւս, կայանում), որտեղ, ըստ Սարգսի, արդեն առավոտվա ժամը 8-ից մեքենաներ են կանգնած, եւ հետո եկողները կանգառ անել չեն կարող:

Քանի որ Արշակունյաց 2-ի մոտ մայթը բավականին լայն է, երկար տարիներ վարորդները կայանել են հենց այդտեղ՝ երբեմն մայթը փողոցի վերածելով: Սարգիսն ընդունում է, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով, սակայն եւ շեշտում է, որ լայն մայթի վրա գուցե կարելի է հատուկ նշագծումներ անել կամ այն նեղացնել կայանատեղի համար: Պատմում է, որ, ըստ հին աշխատողների, նախկինում եւս նման մի փորձ եղել է, սակայն հետո քաղաքային իշխանությունները չեն արգելել մայթի վրա կայանումը:     

Նա խանութը բացել է գարնանը, բանկից վարկ է վերցրել, իսկ դա մարելու համար պետք է գումար աշխատի. «Բայց եթե մի 10 օր էլ էսպես նստեմ, պիտի նայեմ խանութիս դատարկ պատերին, հետո էլ կգա բանկը, կասի՝ ուշացում ունես: Եթե 3-4 օր էլ խանութները չաշխատեն, դա ահագին մինուս է: Թող թողնեն աշխատենք, ինձ ուրիշ բան պետք չէ: Էս տարածքը մի քիչ ուրիշ ձեւի է, թող ժամանակավոր թույլատրեն, մինչեւ ինչ-որ բան արվի, կամ մայթի մի մասը քանդեն: Հո չե՞ն կարող բոլոր խանութները փակվեն: Առաջին օրն արդեն հացադուլ էի հայտարարում, ուզում էի մեքենան մայթին կանգնեցնել, նստեի, բենզինի շիշն էլ կողքս դնեի»:  

Ճանապարհային ոստիկանության տարհանումներից հետո Սարգիսը զանգել է քաղաքապետարան, որտեղից էլ միացրել են տրանսպորտի վարչություն, այդտեղ ասել են, թե չեն կարող օգնել, պիտի զանգել ոստիկանություն, որտեղից ուղարկել են ճանապարհային ոստիկանություն, նրանք էլ Սարգսին հորդորել են դիմում գրել Կենտրոն վարչական շրջանին, որպեսզի հետո այն հասցեագրվի քաղաքապետարանին: Այս փակ ու անլուծելի թվացող շրջանակը կարծես հիասթափեցրել է երիտասարդ գործարարին: Նա մյուս խանութների տերերի հետ այժմ լուծման ուղիներ է մտածում եւ փորձում ընդհանուր հայտարարի գալ պատկան մարմինների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter