Հայաստանն ավելի նպաստավոր դիրք է գրավել համաշխարհային մրցունակության զեկույցում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր բացելով կառավարության նիստը, հայտարարել է, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով: «Բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել»,- ասել է վարչապետը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ հրապարակված զեկույցով Հայաստանը ներկայում զբաղեցնում է 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, հաջորդը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, եւ երրորդ ցուցանիշը, որը բնութագրում է մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս, թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությունը, որքանով են սահմանափակում: «Այս ցուցանիշի գծով նույնպես բարելավում է արձանագրվել»,- ասել է Շաբոյանը:
Ապա վարչապետ Տիգրան Սարգսյանը թվարկել է ՀՀ հինգ ուշագրավ առավելությունները և հինգ ուշագրավ թերությունները: Ըստ այդմ՝ «առաջին առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բզինես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են»:
Ուշագրավ թերություններից առաջինը, ըստ վարչապետի, կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը:
«Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են նաև այլ գերատեսչություններին վերաբերող խնդիրները` կրթական, առողջապահական համակարգ, որտեղ մեր դիրքերը վատացրել ենք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը: Հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն և իրենց որորտների վերաբերյալ վարչապետին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի բարելավենք միջավայրը»,- ասել է վարչապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել