Ի՞նչ և ինչու՞ Սերժ Սարգսյանը տանուլ տվեց Մոսկվայում
Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը, ապագայում նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին հայտարարությունը անակնկալ չէր: Իշխանությունները երկար ժամանակ նախապատրաստում էին այս հանգուցալուծումը, թեև մինչև Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելն այն մնում էր ռեզերվային տարբերակ:
Պատճառը, թերևս, այն էր, որ մինչև վերջին պահը Սերժ Սարգսյանը հույս ուներ կամ հասնել Վլադիմիր Պուտինի անզիջում կեցվածքի մեղմացմանը և զիջումներին, կամ, եթե դա հնարավոր չէ, գոնե առավելագույնը պոկել Մոսկվայից`ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դիմաց:
Դատելով Հայաստանի երկաթուղային համակարգում և ատոմային էներգետիկայում ներդրումներ կատարելու, ինչպես նաև ռազմատեխնիկական հարաբերությունները խորացնելու մասին պաշտոնական Մոսկվայից հնչած հավաստիացումներից՝ Սերժ Սարգսյանին քիչ թե շատ հաջողվել է երկրորդը: Թեև ակնհայտ է, որ անգամ եթե Մոսկվան ոչինչ էլ չխոստանար, Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանն անելու էր ցանկացած պարագայում: Ինչպես հիմա է պնդում ցինիզմի հասնող ռուսական փորձագիտական միտքը, մեծ հաշվով՝ նա ուրիշ ելք չուներ էլ:
Ի՞նչ շահեց Մոսկվան
Ռուսաստանը երբեք չէր կարող անտարբեր մնալ դեպի Եվրոպա Հայաստանի դրսևորած նկրտումների հանդեպ, որքան էլ դրանք զուտ պաստառային բնույթ կրեին: Մոսկվան տանուլ է տալիս իր նախկին աշխարհաքաղաքական ազդեցության տարածքի ամբողջ երկայնքով, իսկ Արևելյան գործընկերության ԵՄ ծրագիրը սպառնում է նրան զրկել գրեթե իր սեփականը համարվող վերջին բաստիոններից` Հայաստանից և Ուկրաինայից:
Մերձավորարևելյան տարածաշրջանին հարող շրջանում միակ երկիրը, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազա, Հայաստանն է: Դա միակ գոտին է Մոսկվայի համար, որտեղից ցամաքի միջոցով կարող է վերահսկել սիրիական զարգացումները և որտեղից կարող է ազդել Իրանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր էքսպանսիոն գործողությունների վրա: Հետևաբար, այս պահին առավել, քան երբևէ Հայաստանը Մոսկվայի համար իբրև պլացդարմ կենսական նշանակություն է ձեռք բերել, որը կորցնելը գործնականում կարող է նշանակել կորցնել ազդեցության մի հսկայական գործոն:
Եթե նա թույլ տար Հայաստանին ընտրել տնտեսաքաղաքական, արժեհամակարգային ու աշխարհայացքային այլ՝ եվրոպական համակարգ, նա այլևս գործ էր ունենալու ոչ թե Հայաստանի հետաքրքրությունների հետ, որի հետ երբեք հաշվի չի նստել, այլ արդեն ԵՄ-ի, ինչը նշանակելու էր Հայաստանում նրա ազդեցության էական նվազում ու անորոշ հեռանկար: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն հենց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նկատառումով էր խոստանում Հայաստանին առնել իր գրեթե լիարժեք ֆինանսատնտեսական հովանավորության ներքո: Այս տարբերակն աշխատել է Վրաստանում, և Մոսկան չի ուզում բախվել նույն գերխնդրին Հարավային Կովկասում իր ուենցած միակ հենման կետում` Հայաստանում: Հետևաբար, նա ատամներով էր պահելու Հայաստանն իր ազդեցության գոտում` դիմելով թե՛ դիվանագիտության և թե՛ շանտաժի լեզվին:
Հետխորհրդային ամբողջ տարածաշրջանում չկա որևէ երկիր, որի նկատմամբ Ռուսաստանն ավելի շատ ու ավելի բազմակողմանի ճնշման լծակներ ունենա, որքան Հայաստանի, և դա վերաբերում է կենսական բոլոր ոլորտներին` տնտեսական, քաղաքական, անվտանգության, սոցիակական, ստերեոտիպային և այլն: Դա է պատճառը, որ այն, ինչ ոչ մի կերպ կարծես թե չի հաջողվում Մոսկվային Ուկրաինայում, որի տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգի որոշակի անկախությունը թույլ է տալիս Կիևին մանևրել, հալած յուղի նման ստացվում է Հայաստանի պարագայում: Եվ անցած երեք ամիսներին Ռուսաստանը հերթով քաշեց Հայաստանի պարանոցը շուրջառող՝ ունեցած այդ բոլոր լծակները, որին վաղուց արդեն իրենց ինքնիշխանություը Կրեմլի միջանցքներում վատնած Հայաստանի իշխանությունները դիմադրել չէին կարող:
Այս ամենի արդյունքում Ռուսաստանը կարողացավ տակտիկական հաղթանակ տանել Արևմուտքի նկատմամբ՝ պահպանել Հարավային Կովկասում իր հեգեմոնիան: Չի կարելի բացառել, որ պայմանավորված առաջին հերթին սիրական ճգնաժամով և հնարավոր պատերազմով՝ Ռուսաստանը կմեծացնի կոնտինգենտը Հայաստանի իր ռազմաբազայում և այն կհամալրի նոր, առավել ժամանակից ու ստրատեգիական զինատեսակներով:
Ի՞նչ է շահում Հայաստանը
Այն, որ եվրաինտեգրման քաղաքականությունը փաստացի տապալման եզրին է, ցույց է տալիս, որ Հայաստանը հերթական դիվանագիտական պարտությունը կրեց` սխալ քաղաքական հաշվարկների, ոչ ճկուն դիվանագիտության, իրենից անկախ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունների աննպաստ դասավորության, ԵՄ-ի կոշտ բյուրոկրատիզմի ու անզիջումային կեցվածքի, այսինքն՝ թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Սա հերթական անգամ հարվածեց Հայաստանի հեղինակությանը, որովհետև անկախ ամեն ինչից՝ նոր ապացույցներ տրամադրեց միջազգային հանրությանն առ այն, որ Երևանը երբեք չի կարող լինել բավարար չափով անկախ տարածաշրջանային խաղացող ու հնարավոր չէ նրա հետ հասնել գլոբալ նշանակության որևէ պայմանավորվածության:
Եթե ԵՄ-ն վերջնականապես մերժի նոյեմբերին Վիլնյուսում գոնե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Երևանի հուսահատ առաջարկությունը, ապա վերջինս կկորցնի տեսանելի ապագայում խորքային ու արդյունավետ տնտեսական, քաղաքական ու իրավական բարեփոխումների հեռանկարը: ՀՀ իշխանությունը, Սերժ Սարգսյանի վարչակարգը կկորցնեն վստահելի գործընկերոջ կարգավիճակը, ինչպես նաև՝ Արևմուտքի բացահայտ աջակցությունը, ինչը վերջինիս կդրդի Հայաստանում իշխանությունից դուրս հենման կետեր փնտրել: Դա էլ իր մեջ ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակը ապակայունացնելու լուրջ ներուժ է պարունակում` առանց այն էլ սոցիալական պայթյունի հանգող ներկայիս իրողություններում: Դա կստիպի իշխանություններին լեգիտիմության մեծացող դեֆիցիտը լրացնել Ռուսաստանի և իշխանության հենարանը մինչ այսօր կազմող շրջանակների աջակցությամբ, որի հետևանքը կլինի ավտորիտարիզմի, քրեաօլիգարխիկ համակարգի հզորացումն ու ամրապնդումը: Հայաստանը կարող է պարզապես հայտնվել նոր տեղապտույտների, նոր ներքին ու արտաքին անորոշությունների առանցքում` ինչպես փոթորիկի բերանն ընկած նավակ: Արդյունքում արտագաղթի տեմպերը կահագնանան` երկիրը պարզապես կանգնեցնելով ժողովրդագրական աղետի առջև:
Դրա փոխարեն Հայաստանը կունենա երկու ձեռքբերում, երկուսն էլ՝ անուղղակի: Առաջինը` տնտեսության մեջ շատ ու կանխիկ փող ներարկելու Ռուսաստանի խոստումը, որը միշտ բերում է Մոսկվայից Հայաստանի կախվածության մեծացման, և երկրորդ` Ռուսաստանի աջակցության գործոնի շահարկմամբ պատերազմի կանխումը կամ առժամանակ հետաձգումը: Բայց դա կարող է նաև թվացյալ լինել: Նախ` հատկապես Եվրասիական միություն ստեղծելուն Սերժ Սարգսյանի համաձայնությունը տալուց հետո ի հայտ է գալիս նոր ռիսկ` պայմանավորված այն հանգամանքով, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Արևմուտքը կարող են պահանջել վերանայել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում միջնորդական առաքելության կառուցվածքը, Ռուսաստանին զրկել այդ մանդատից` շահարկելով այն պարզ իրողությունը, որ հակամարտող կողմերից մեկի (իսկ Հայաստանը հենց հակամարտության կողմ էլ ընկալվում է միջազգային հանրության մոտ) հետ տնտեսական, քաղաքական ու ստրատեգիական ուղղակի շահեր ունեցող երկիրը չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել: Նման սցենարի զարգացման հավանականությունն, իհարկե, փոքր է, քանի որ ՀԱՊԿ-ի նախադեպն արդեն կա, և դա կարծես թե լուրջ ազդեցություն չունեցավ բանակցային գործընթացի վրա: Երկրորդ` որովհետև այն խարսխված է բացառապես պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում Ռուսաստանի միջամտության զուտ տեսական հեռանկարից Ադրբեջանի ունեցած վախով: Եթե Բաքուն դա հաղթահարի, դժվար է ասել` ինչ տեղի կունենա:
Մեծ հաշվով, եվրաինտեգրումը Հայաստանին անհրաժեշտ էր բոլորովին էլ ոչ եվրոպական երկիր դառնալու համար: Նման պահանջարկ չկա թե՛ իշխանության և թե՛ հասարակության մեծամասնության մոտ: Այդ մեծամասնությունը դեռևս պատրաստ չէ ամբողջությամբ ընդունելու եվրոպական նոր արժեհամակարգը, առավելևս՝ ապրել դրանով, իսկ իշխանությանը, որը այդ հասարակության հայելային արտացոլանքն է, ԵՄ-ն անհրաժեշտ էր ընդամենը արտաքին լեգիտիմության խնդիրը լուծելու և դրա ծխածածկույթով ներքին ամբողջ աղբը թաքցնելու համար:
Եվրաինտեգրումը Հայաստանին անհրաժեշտ էր` ներսում ռուսական ազդեցությունը որոշակիորեն չափավորելու և քաղաքական դիվերսիֆիկացման շնորհիվ ինքնիշխանությունը գոնե մասամբ վերականգնելու համար: Հայաստանյան հասարակության չբարձրաձայնվող, գրեթե ենթագիտակցական մակարդակի սպասելիքը եվրաինտեգրման սկսված այս գործընթացից հենց դա էր:
ԵՄ-ից ակնկալիքները չէին կարող մեծ լինել: Այն ոչ թե նոր արժեհամակարգ էր թելադրելու Հայաստանին, որն ավելի շուտ երեխային գայթակղելու համար պարզված կոնֆետի է նման, որքան նրան իր հետ համագործակցության տիրույթ ներքաշելով՝ ԵՄ-ին տարածաշրջանում ձևավորված հավասարակշռությունը խախտելու շանս էր տալու: Եվրոպան, ինչպես եղել է իր պատմության ողջ ընթացքում, երբեք արժեքները չի գերադասել իր շահերից և դա չէր անելու նաև հիմա: Հակառակ դեպքում իր փաստացի հովանու տակ չէր առնի լուրջ խախտումներով ընտրված իշխանությանը, ջայլամի կեցվածք չէր ընդունի Հայաստանում շարունակվող մարդու իրավունքների համատարած ոտնահարման, իրավական ու սոցիալական արդարության գրեթե լիակատար բացակայության նկատմամբ:
ԵՄ-ն նաև չէր կարող երաշխավորել ո՛չ Հայաստանի ու ո՛չ էլ առավելևս ԼՂՀ-ի անվտանգությունը: Այնպես որ, խնդիրը տվյալ դեպքում պետք է լիներ ոչ թե այս երկու ուղղությունների միջև ընտրություն կատարելը, այլ դրանց հավասարակշռումը: Բայց ամբողջ հարցն այն է, որ արդեն տասը տարուց ավելի է` Հայաստանը չգիտի ինչպես դա անել:
Լուսանկարը՝ president.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել