ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կողմ են Մաքսային միությանը միանալուն
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության գործադիր մարմի նիստը: Այն վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն ու երկու երկրների նախագահների ստորագրած հայտարարությունը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել Մաքսային միությանը միանալուն, եւ այդ հարցում տարակարծություն չի եղել: Նա եւս մեկ անգամ նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանը չի դադարեցնում համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:
Մամուլի խոսնակի կարծիքով` նախագահ Սարգսյանը շատ արդյունավետ որոշում է կայացրել, եւ սա բխում է Հայաստանի պետական եւ հասարակության լայն զանգվածների շահերից: Իսկ Մաքսային միությանը միանալու հայտարարության որոշման դեմ բողոքի ցույցերն, ըստ Էդուարդ Շարմազանովի, այլընտրանքային կարծիքի դրսեւորում է: Նրա խոսքերով, այդպիսի բողոքի ակցիաներ լինում են նաեւ եվրոպական երկրներում եւ որեւէ արտառոց բան չկա:
«Որեւէ շրջադարձային բան չի եղել: Մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, եւ մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղում եղել է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների խորացումը: Ռուսաստանը մեր թիվ 1 դաշնակիցն է: Հայաստանը խորացրել է հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ հետ քաղաքական եւ տնտեսական դաշտում եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա»,-հավելեց Է. Շարմազանովը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել