HY RU EN

Անի Հովհաննիսյան

Ծեծի ենթարկված ակտիվիստները չեն վստահում ոստիկանությանը

Վերջին 15 օրերին քաղաքացիական շարժումների արդեն 7 ակտիվիստներ Երեւանի տարբեր հատվածներում ենթարկվել են կազմակերպված ծեծի եւ բռնության: Ծեծի ենթարկվածները դիմել են ոստիկանություն, բացատրագրեր են գրել, սակայն մինչ օրս որեւէ քրեական գործ չի հարուցվել: Բռնության զոհ դարձած ակտիվիստները չեն վստահում ՀՀ ոստիկանությանը՝ նշելով, որ մինչ օրս նման դեպքերի բացահայտում եւ պատժամիջոցների կիրառում Հայաստանում չի եղել:

Ժամեր առաջ ավարտվել է երեկ հարձակման ենթարկված Սուրեն Սաղաթելյանի քթի վիրահատությունը, ով այս պահին դեռեւս թիվ 1 հիվանդանոցում է: Սուրենը կարծում է, որ թիրախը հիմնականում եղել է ընկերը՝ Հայկակ Արշամյանը, քանի որ Հայկակը վերջերս աչքի էր ընկնում գրեթե բոլոր քաղաքացիական հավաքներին: Հայկակ Արշամյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ պատրաստվում է առավել ուժգին շարունակել պայքարը՝ նշելով, որ սպառնալիքները միայն հակառակ ազդեցությունն են ունեցել իր վրա:

Հայկակ Արշամյանը վստահ է, որ երեկվա ծեծը կազմակերպվել է բարձր ատյաններում քննարկված եւ համաձայնեցված քաղաքականության արդյունքում. «Ես սա կապում եմ ոչ միայն իմ քաղաքացիական եւ սոցիալական ցանցերում դրսեւորած ակտիվության հետ, այլ սա կազմակերպված հարձակում է Հայաստանի մեդիա դաշտի, ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դեմ: Ես ինքս Երեւանի մամուլի ակումբի փորձագետ եմ, ինչպես նաեւ՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի անդամ: Սա բարձրաստիճան մարմնի կողմից կազմակերպած հանցավորություն է, քանի որ հարձակվողները թիկնապահներ էին՝ մարզված, հաստավիզ, խփում էին «ռուկայատկաներով», ինչից էլ ես հիմնականում վնասվել եմ: Այս հանցագործներին հնարավոր է 5 րոպեում գտնել, քանի որ մեզ ծեծելուց հետո նրանք դուրս են եկել Պետեկամուտների կոմիտեի դալանով, որտեղ տեսախցիկներ կան եւ հնարավոր չէ, որ նկարահանված չլինեն: Իսկ ոստիկանությունը չգիտես, թե ինչով է զբաղված եւ օրեր շարունակ նույնիսկ գործ չի հարուցում: Բայց ես մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու քննությանը»,- ասում է ակտիվիստը:

Ոստիկանության լրատվության բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ քրեական գործեր չեն հարուցվել, սակայն բոլոր դեպքերով անցկացվում է քննություն, իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Սակայն 2 օր առաջ ծեծի ենթարկված Արման Ալեքսանյանը նշում է, որ երեկ այցելել է Մաշտոցի պողոտայում գտնվող բոուլինգ կենտրոն, որպեսզի տեղեկանա, թե արդյոք տեղազննության որեւէ աշխատանք կատարվել է: «Ես այնտեղ մի քանի անձանց հարցրի, թե արդյոք ոստիկանները տեղազննություն իրականացրել են, նրանք ասացին, որ դեպքից հետո որեւէ ոստիկան տեղանք չի այցելել: Այսինքն՝ ոստիկանությունը որեւէ աշխատանք չի էլ սկսել: Ինձ ծեծողները դուրս են եկել բոուլինգ կենտրոնի ավտոկայանատեղիից, որտեղ ինքս եմ ստուգել՝ մի քանի տեսախցիկներ կան տեղադրված: Այդ տեսախցիկներով ոստիկանության որեւէ աշխատակից երեկվա դրությամբ չի հետաքրքրվել»,- նշում է Արման Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ եթե նախկինում գնում էր հավաքներին ընկերներին տեսնելու նպատակով, ապա այժմ ավելի հաճախակի է մասնակցելու հավաքներին:

Օգոստոսի 25-ին հարձակման ենթարկված Բաբկեն Տեր-Գրիգորյանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի է: Վերադարձել է Հայաստան՝ պայքարելու կոռուպցիայի եւ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Ակտիվիստը մեծ հույսեր չունի, թե իրեն ծեծողները կգտնվեն ու կպատժվեն՝ համարելով, որ դեպքերը որոշ չափով իրականացվում են հենց ոստիկանության միջոցով:   

«Ոստիկանությունը կոռումպացված է, ոչ պրոֆեսիոնալ եւ որոշ առումով կապ ունի այս դեպքերի հետ: Օրինակ՝ մի քանի օր առաջ իմ տան դռան դիմաց երկու ծաղիկ էր դրված. այն ծաղիկներից, որոնք դնում են մարդու գերեզմանին: Դրանով փորձում էին ինձ կրկին սպառնալ՝ ասելով, թե մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում: Իմ բնակության հասցեն գտնելու միակ ձեւը ոստիկանության միջոցով է, քանի որ ես որեւէ տեղ գրանցված չեմ, Հայաստանի քաղաքացի չեմ: Բնակությանս հասցեն տվել եմ միայն ոստիկանությանը՝ ծեծի մասին բացատրագիր գրելու ժամանակ»,- ասում է Տեր-Գրիգորյանը: Բաբկենն արդեն դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ իր շահերը պաշտպանելու խնդրանքով, իսկ այսօր պատրաստվում է փաստաբանի օգնությամբ պարզել, թե ինչու դեպքից 12 օր հետո դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Հայրենադարձ ակտիվիստը նշում է, որ որքան շատանան սպառնալիքներն ու բռնությունները, նույնքան մեծ թափով ինքը շարունակելու է պայքարը:

Օրերս հարձակման ենթարկված Միքայել Տոնոյանը համոզված է, որ ոստիկանությունը հերթական անգամ կոծկելու է դեպքերը: Նա որոշել է ինքնապաշտպանվել եւ հարձակման դեպքում զենք կիրառել, քանի որ համոզված է, որ օրենքն այս անգամ էլ անպատիժ կթողնի հանցագործներին:

«Ես հաղորդում եմ տվել ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն օրեր հետո ինձ կանչեցին Մալաթիայի բաժնից: Ես նրանց հարցնում եմ, թե ինչու են գործը տեղափոխել, քննիչներից մեկը պատասխանում է, թե երեւի ուզել են գլխառադ անել իրենց վրայից, ուղարկել են մեզ մոտ: Ես այլեւս չեմ ուզում շփվել ոստիկանության հետ եւ որոշել եմ այսօրվանից ինքս զբաղվել իմ ինքնապաշտպանությամբ: Զենք կգնեմ, օրենքով կգրանցեմ ոստիկանությունում եւ հարձակման դեպքում ես իրավունք ունեմ ինքնապաշտպանության՝ ընդհուպ հարձակվողներին սպանելը, որը կանեմ»,- նշում է Միքայել Տոնոյանը:

Վերջինս չի կասկածում անգամ, որ հարձակվողները Հանրապետական կուսակցությունից աջակցություն ստացող եւ նույն ձեռագրով գործող բանդաներ են: Միքայել Տոնոյանը նամակներով դիմել է ԱՄՆ դեսպանատուն, Կանադայի հյուպատոսություն, ԱԱԾ, ՀՀ կառավարություն եւ լրատվամիջոցներին:


Նկարագրված դեպքերի վերաբերյալ «Հետքը» հարցեր ուղղեց ոստիկանությանը.

  1. ՀՀ քաղաքացիների վրա հարձակումների դեպքերը շարունակվում են արդեն 15 օր: Ինչո՞ւ ոստիկանությունը մինչ այժմ որեւէ քրեական գործ չի հարուցել, եւ որեւէ կասկածյալ մինչ օրս ի հայտ չի եկել:
  2. Բռնության ենթարկված բոլոր ակտիվիստները նշում են, որ մոտերքում տեսախցիկներ են տեղադրված եղել: Ինչո՞ւ է տեսանկարահանումների դիտումն այդքան երկար տեւում:
  3. Ակտիվիստներից ոմանք այս հարձակումների, սպառնալիքների եւ ոստիկանության միջեւ կապ են տեսնում. ինչպե՞ս եք դուք արձագանքում դրան:  

Այս բոլոր հարցերի պատասխանը մեկն էր. «Տեղի է ունենում հետաքննություն»:

 

Լուսանկարները՝ ակտիվիստների ֆեյսբուքյան էջից, aravot.am-ից եւ Ֆոտոլուրից: