Կենտրոնական բանկը չի վերահսկում վճարային քարտերի դաշտը
Հունիսի 16-ին դիմել եմ ՀՀ ԿԲ նախագահ Ա.Ջավադյանին`խնդրելով, որպես ՀՀ բանկային համակարգի գերագույն հսկող և կարգավորող ատյանի ղեկավար, պահանջել «Առէկսիմբանկ»-ից անցկացնել անաչառ և ամբողջական քննություն իմ վճարային քարտի հաշվից կատարված գումարային խոշոր (520 հազար ՀՀ դրամ) հափշտակության առիթով (Տես` Բաց նամակ ԿԲ նախագան Ա. Ջավադյանին):
Ըստ ԿԲ սահմանված կարգի` ես պետք է պատասխան ստանայի 5 օր անց, սակայն լոկ հուլիսի 11-ին` 25 օր անց, իմ բազմակի հիշեցումներից հետո ԿԲ իրավաբան Լևոն Սահակյանի կողմից ինձ հանձնվեց պատասխան-նամակ` «Բանկային գաղտնիք» խորագրի ներքո ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի ստորագրությամբ:
Սույն գրությունը վկայում է, որ ԿԲ-ն խուսափում է իրականացնել իր հիմնական գործառույթներից մեկը` ՀՀ բանկային համակարգի վերահսկողությունը: Վերաշարադրելով «Առէկսիմբանկ»-ի վարկածը ինձ հետ կատարվածի վերաբերյալ և փաստացի հավանություն տալով այն հանգամանքին, որ բանկոմատի տեսախցիկը նկարահանում է գաղտնագրի հավաքման պահը` ՀՀ ԿԲ-ն ոչ մի գործնական առաջարկ և որակում չի տալիս վճարային քարտից կատարված հափշտակության կապակցությամբ:
Հատկապես տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ ԿԲ իրավաբանանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանն անտեսում է «Առէկսիմբանկ»-ի կողմից հափշտակության դեպքի թաքցնելն իրավապահ մարմիններից. հանցագործության մասին իրազեկվելու օրն իսկ «Առէկսիմբանկ»-ը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, պետք է տեղյակ պահեր իրավապահ մարմիններին, ինչն այդպես էլ չի կատարվել ցայսօր:
Այդուհանդերձ շնորհակալ եմ ԿԲ-ին, որ ինձ խորհուրդ է տալիս սպասել իմ կողմից հարուցված քրեական գործի ավարտին և դիմել դատարան: Կհետևեմ այդ խորհրդին, սակայն ինչ պետք է անեն այն հարյուր հազարավոր կենսաթոշակառուները, որոնց համեստ գումարներն ի պահ են տրված «Առէկսիմ» և «ՎՏԲ» բանկերի բանկոմատներին և բնավ ապահովագրված չեն ինձ հետ կատարվածի կրկնությունից:
Ով կարող է պնդել, որ նրանց գաղտնագրերը և պլաստիկ քարտերի կրկնօրինակները չեն հայտնվի նույն հանցագործների ձեռքում:
Ժամանակն է ստեղծել ՀՀ քարտապանների շահերի պաշտպանության կազմակերպությունմ, հատկապես մեր պարագայում, երբ ՀՀ ԿԲ նորմատիվային ակտերով բոլոր ռիսկերը դրվում են լոկ քարտապանների վրա, ի տարբերություն այլ երկրների, որտեղ ռիսկերը կիսվում են` քարտապանի և սպասարկող բանկի միջև:
Տուժյալ` Ալեքսանդր Մելքումյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել