Վճռաբեկից պահանջում են վերանայել Գրիշա Վիրաբյանի գործը
«Հետքն» անդրադարձել էր, որ 2004 թ. ապրիլյան հանրահավաքներին մասնակցելու եւ նախագահական ընտրությունների իրադարձություններին ցուցաբերած ակտիվության համար Արարատի մարզի ոստիկանության կողմից ծեծի ենթարկված Գրիշա Վիրաբյանի փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան` ընդդեմ իրավապահ եւ դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների: Երեկ Գ. Վիրաբյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` ՀՀ քրեական եւ զինվորական գործերով նախկին վերաքննիչ դատարանի կողմից 2005 թ. մարտի 3-ին կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջով:
«Ինձ ծեծի ենթարկած ոստիկանները պետք է պատասխան տան խոշտանգումների համար, ոստիկանությունը` իմ դեմ կեղծ քրեական գործ սարքելու, իսկ դատավորներն էլ` սխալ եւ անարդարացի դատեր ու վճիռներ կայացնելու համար,- «Հետքին» ասել էր Գրիշա Վիրաբյանը եւ հավելել, որ ոչ մի բանի առջեւ չի կանգնելու, եւ, ինչպես խոստացել է, բոլորը պետք է պատժվեն նաեւ ուրիշների նկատմամբ կայացրած անարդարացի վճիռների ու կալանքների համար,- մի մոռացեք, որ 2004 թ. ապօրինի կալանավորվեցին մոտ 2500 ակտիվիստներ»:
Նշված դատական ակտի վերանայման հիմքը Գրիշա Վիրաբյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012 թ. հոկտեմբերի 2-ին ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռն է, որով հիմնավորվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով նախատեսված՝ Գրիշա Վիրաբյանի իրավունքների խախտման փաստերը:
ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արձանագրել է, որ Գրիշա Վիրաբյանի գործի եւ դատարանում բողոքի քննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել խոշտանգումների ենթարկելու առնչությամբ, խախտվել է անմեղության կանխավարկածը, չի իրականացվել արդյունավետ քննություն՝ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառված խոշտանգումների կիրառման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2004 թ. ապրիլի 23-ին Գրիշա Վիրաբյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Հետագայում գործի նախաքննությունը հանձնարարվել էր Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն նախկին համայնքների դատախազությանը եւ Գ. Վիրաբյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նա մեղադրվում էր ոստիկանության աշխատակցի աջ աչքին հարվածելու եւ նրա առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Ոստիկանները բռնություն էին կիրառել Գրիշա Վիրաբյանի նկատմամբ: Նրա ամորձիներին շարունակաբար հասցրել էին հարվածներ ոտքերով, ձեռքերով եւ մետաղական առարկաներով։ Այս վնասվածքները երկարատեւ հետևանքներ են թողել նրա առողջության վրա, քանի որ պատռվածքից հեռացվել է ձախ ամորձին: Այնուհետեւ ձեռնաշղթաներով, ձեռքերը մեջքին կապած, նրան ծեծի էին ենթարկել: Գ. Վիրաբյանը հարվածներ էր ստացել նաեւ կրծքավանդակի եւ կողոսկրերի հատվածում:
Էրեբունի եւ Նուբարաշեն նախկին համայնքների դատախազության քննիչը Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակել էր որպես անհրաժեշտ պաշտպանություն եւ 2004 թ. օգոստոսի 11-ին որոշում էր կայացրել ոստիկանների մասով գործի վարույթը կարճելու մասին: Իսկ օգոստոսի 30-ի որոշմամբ կարճվել էր նաեւ Գ. Վիրաբյանի մասով քրեական գործի վարույթը` ստացված վնասվածքների հետեւանքով կրած զրկանքների հիմքով:
Գրիշա Վիրաբյանը ներպետական բոլոր ատյաններում պաշտպանություն չգտնելով դիմել էր ՄԻԵԴ:
Ալեքսանդր Սիրունյանը Վճռաբեկ բողոքում նշել է, որ Կոնվենցիայով բացարձակ իմաստով արգելվում են խոշտանգումները եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ զոհի պահվածքից։ Որեւէ բացառություն չի նախատեսվում, չի թույլատրվում որեւէ շեղում կատարել այդ պայմանից:
Հետեւաբար` վատ վերաբերմունքը պետք է լինի նվազագույն ծանրության, որպեսզի համարվի թույլատրելի։ Իսկ նվազագույն վիճակի որոշումը հարաբերական է: Այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ՝ վերաբերմունքի տեւականությունից, դրա ֆիզիկական եւ հոգեկան ազդեցություններից եւ, որոշ դեպքերում՝ տուժողի սեռից, տարիքից եւ առողջական վիճակից:
«Երբ անհատին առողջ տանում են ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր, իսկ ազատվելուց պարզվում է, որ նա վնասվածքներ է ստացել, ապա պետության պարտականությունն է տալ արժանահավատ բացատրություն այն մասին, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները: Այլապես, խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի կանխավարկածը կարող է բերվել ի նպաստ դիմումատուի, և հարցը կարող է բարձրացվել Կոնվենցիայի 3–րդ հոդվածի համաձայն»,- գրված է բողոքում:
ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Գրիշա Վիրաբյանի գործով քննությունն իրականացվել է թերի:
Ըստ բողոքի` քրեական գործի հանգամանքները բացառապես հիմնվել են իրադարձությունների մասին ոստիկանների կողմից տրամադրված տարբերակի վրա, ներառյալ` հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց եւ նրանց այն գործընկերների կողմից տրամադրված տեղեկությունների վրա, ովքեր բոլորը որոշակիորեն ներգրավված էին 2004 թ. ապրիլի 23-ի իրադարձություններում` չլսելով նույնիսկ Գրիշա Վիրաբյանին կամ որեւէ այլ վկայի: Ավելին՝ հենց ամենասկզբից իրադարձությունների մասին այս տարբերակը համարվել է հաստատված փաստ եւ ամբողջ հետաքննությունը իրականացվել է դրա հիման վրա: Ոստիկանության տարբերակը քննիչի կողմից հենց այդպես ընդունվել է այն ժամանակ, երբ նա նույնիսկ իր տրամադրության տակ չի ունեցել Գ. Վիրաբյանի վնասվածքների բնույթի եւ հնարավոր պատճառների մասին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Արդյունքում, նա դարձել է այդ վարույթի միակ մեղադրյալը, մինչդեռ նշված ոստիկանները երբեք չեն համարվել հնարավոր կասկածյալներ: Ավելին` նրանք մասնակցել են միայն որպես վկաներ, իսկ ոստիկանության աշխատակիցներից մեկը որպես «զոհ» է ներկայացվել:
Այս գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չի կարելի հաշվի չառնել մի շարք նշանակալից բացթողումներ եւ անհամապատասխանություններ, որոնք կարող էին վտանգել դրա հուսալիությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես` գործով իրավապահ մարմիններին եւ դատարանին չի հաջողվել իրականացնել հետաքննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կարեւոր նշանակություն ունեցող բժշկական ապացույցների` համապատասխան ժամկետներում, պատշաճ եւ օբյեկտիվ հավաքում եւ գնահատում։ Արդյունքում վատ վերաբերմունքի մասին Գրիշա Վիրաբյանի պնդումների առումով ձեռնարկված հետաքննությունը եղել է անարդյունավետ, ոչ պատշաճ եւ միանգամայն թերի: Դրանով հնարավոր չի եղել տալ հավաստի եզրակացություններ եւ արձանագրել գործի փաստերը: Մարմինները չեն գործել բավականաչափ բարեխղճորեն, եւ չի կարելի ասել, որ մտադրված են եղել բացահայտելու եւ պատժելու հանցագործներին:
ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ այս գործով խախտվել է նաեւ անմեղության կանխավարկածը, ինչի վրա աչք են փակել ներպետական դատարանները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել