
Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ են արձակվել
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այսօր վերացվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:
«ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»,- նշված է հաղորդագրությունում:
Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նման բան իրենց հայտնի չէ, այդ մասին մամուլից է իմացել, բայց հույս ունի՝ տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն, «որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ աբսուրդը կարող է այդ աստիճանի հասնել»:
ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել