
Ախթալան հռչակվեց խորովածի համաշխարհային մայրաքաղաք
Սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հրապարակում տեղի ունեցավ խորովածի ավանդական 5-րդ փառատոնը: Փառատոնին Ախթալա քաղաքը, որպես հնագույն բնակավայր, հռչակվեց խորովածի համաշխարհային մայրաքաղաք, իսկ ամեն տարվա սեպետեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվեց խորովածի միջազգային տոն: Փառատոնի գլխավոր մցանակը 170 միավորով շահեց «Հազարաշեն» ռեստորանը, որի ավագ խոհարար Ջորջ Օդոնը արմատներով Նիգերիայից է և արդեն 15 տարի ապրում է Հայաստանում: «Հազարաշեն» ռեստորանը գտնվում է «Սարդարապատ» թանգարանի հարակից տարածքում:
«Ես զարմացա, ես չեմ պատկերացնում: Ուղղակի ես այս փառատոնը շատ եմ սիրում: Ես ասել եմ, որ հայկական խորովածի փառատոնին, ոնց ուզում է լինի, պետք է մասնակցեմ: Շնորհակալություն կազմակերպիչներին, շնորհակալություն հայ ժողովրդին»,- լրագրողներին ասաց Ջորջ Օդոնը: Փառատոնի կազմակերպիչները «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպությունը և Ախթալայի քաղաքապետարանն է: Վերջիններս փառատոնի կազմակերպչական աշխատանքներում աջակցել են էկոնոմիկայի նախարարությունը, Լոռու մարզպետարանը:
«Ես 2-րդ անգամ եմ ներկա Ախթալայի խորովածի փառատոնին, շատ հրաշալի միջոցառում է, շատ մարդիկ են հրավիրված, և շատ հաճելի է ընթանում փառատոնը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փառատոնին ներկա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ուրախացնում էր այն փաստը, որ փառատոնին մասնակցում են ոչ միայն Լոռու, այլ հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ: Փառատոնի 16 տաղավարներում իրենց հմտությունները ներկայացրեցին Հայաստանի տարբեր ռեստորանների, սննդի ուսումնական հաստատությունների ուսանողներ և առանձին անհատներ:
Ախթալայի խորովածի առաջին փառատոնի առաջին մրցանակիր, Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի համար այս փառատոնին բացահայտում է եղել Երևանի «Աֆրիկյան պանդոկ» ռեստորանի պատրաստած խորովածի տեսականին:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը հայտնեց, որ փառատոնին ներկայացրել են հայ կանանց այն աշխատանքները, ովքեր որոշակի հմտություններ են ստացել երիտասարդ կանանց ասոցացիայի կողմից իրականացարած ծրագրերի շնորհիվ: Փառատոնը ընթանում էր հանրապետության լավագույն երաժշտական խմբերի համերգներով: Փառատոնի եզրափակիչ փուլում Լոռու մարզպետը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնին նվիրեց հայկական խորովածի մանղալ: Սեդրակ Մամուլյանը ըստ անվանակարգերի ներկայացրեց խորովածի փառատոնի հաղթողներին:
«Լավագույն մտահղացում» անվանակարգում ոսկե մեդալ և առաջին տեղ շահեց «Կամուրջ» ռեստորանը:
«Լավագույն տեսք» անվանակարգում 1-ին տեղ և ոսկե մեդալ շահեց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գարիկ Գևորգյանը: Վերջինս Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանի կողմից որպես մրցանակ ստացավ նաև Վիկ Դարչինյանի ձեռնոցը:
«Լավագույն համ» անվանակարգում 1-ին տեղ և ոսկե մեդալ ստացավ «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանը: Վեց ռեստորաններ շահեցին բրոնզե և արծաթե մեդալներ:
«Հայ խոհարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի սահմանած մրցանակները ստացան «Աշտարակի ձոր», «Ուրսի» ռեստորանները, Երևանի 6-րդ ուսումնարանը: Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև Կրասնոդարի «Արգո» ռեստորանի և Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից:
Փառատոնի ավարտին «Հայ խոհարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը «Հետքին» հայտնեց, որ խորովածի փառատոնի կազմակերպչական աշխատանքների վրա ծախսել ենք 1մլն 100 հազար դրամ: «Փառատոնի շրջանակներում 200 հազար դրամ բարեգործական գումար է հավաքագրվել, որը Ախթալայում կօգտագործվի բարեգործական նպատակներով»,- հայտնեց Սեդրակ Մամուլյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել