ԱԺ-ն սկսեց աշխատանքները. պատգամավորները պահանջում են խորհրդարան հրավիրել ԱԳ նախարարին
Այսօր սկսվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Գրանցվել է 105 պատգամավոր: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց չորսօրյա նիստերի օրակարգը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի խորհրդարան հրավիրվի արտաքին գերատեսչության ղեկավար Էդուարդ Նալբանդյանը և այն պատասխանատուները, ովքեր բանակցություններ են վարել Մաքսային միությանը միանալու վերաբերյալ և քաջատեղյակ է փաթեթին:
«Ազգային ժողովը հրատապ կարգով պետք է տեղեկացված լինի կատարված եւ կատարվելիք գործընթացների մասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորի հարցին ի պատասխան նշեց, որ հանրապետության նախագահը նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել է մեծամասնության, այսինքն՝ ՀՀԿ-ի հետ:
Նույն հարցով ԱԺ նախագահին դիմեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չի կիսում տարածված այն կարծիքը, թե Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, կորցնում է իր ինքնորոշումը և ազգային անվտանգության խնդիր է առաջանում: Ըստ ԱԺ նախագահի՝ ճիշտ հակառակն է. Հայաստանը քայլեր է ձեռնարկում պետականությունն ամրապնդելու ուղղությամբ:
Նա պատգամավորներին հանգստացրեց, որ Մաքսային միությանը միանալու հարցը ԱԺ-ում կքննարկվի այն ժամանակ, երբ հարցն ընդգրկվի օրակարգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել