HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի բացումը՝ Դսեղում

Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն արդեն 8-րդ անգամ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, միջոցառումը հյուրընկալել է տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության,  Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի, Դաղստանի, Ուկրաինայի թատերական գործիչների և Հայաստանի քաղաքներում գործող տիկնիկային թատրոնների: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, գործելու է ժյուրիի կազմ. թատերական ներկայացումները կգնահատվեն, թատերախմբերն ըստ այդմ կարժանանան մրցանակների:

Երվանդ Մանարյանն, ով ամեն տարի լինում է Դսեղում, այս անգամ եկել է թոռնուհու հետ. Ալիսան պապիկի տիկնիկային գործի շարունակողն է: Մանարյանն, ով միջոցառման ժյուրիի նախագահն է, նշում է, որ հասարակության հետաքրքրությունը նվազել է տիկնիկային թատրոնների նկատմամբ. «Ցանկալի կլիներ, որ բոլորը զորավիգ լինեին այս դաստիարակչական կարևոր կառույցին: Պիտի գիտացենք, որ թատրոնն ինքն իրեն ստեղծված առաջին կառույցն է»:

Իսկ Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Արմեն Սաֆարյանն ասում է.«.«Ութերորդ տարին է՝ փառատոնը կազմակերպվում է, այս տարիներին 24 երկրներից թատրոններ են մասնակցել, ելույթ են ունեցել ոչ միայն Դսեղում, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերում: Իմ փափագն է Թումանյանի անունը մեկ անգամ ևս աշխարհով մեկ ավելի բարձրացնել: Մեր միջազգային միության մեջ ընդգրկված է 78 երկիր, որոնք Թումանյանին արդեն ճանաչում են նորովի, մի շարք թատրոններ Թումանյան են բեմադրում»:

Փառատոնի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին Դսեղում: Այն մեկնարկեց գյուղի հրապարակում, այնուհետև շարունակվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում, որտեղ ելույթ ունեցան Էջմիածնի «Նուրի» տիկնիկային թատերախումբը, Երևանի Միմոս-մարիոնետների թատրոնը, Ալավերդու նորաստեղծ տիկնիկային թատրոնը, Մեծամորի «Ընտանիք և համայնք» կազմակերպության «Փալանչո» թատերախումբը, Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնի «Հեքիաթն է կանչում» ինքնագործ տիկնիկային թատրոնը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները, Գավառի նորաստեղծ թատրոնը, որը վերջերս Բուլղարիայում արժանացավ առաջին մրցանակի:

Թատերական ներկայացումները շարունակվեցին նաև գյուղի Մշակույթի տանը:«Տիկնիկները՝ հանուն բարեկամության և մշակույթների մերձեցման» խորագիրը կրող փառատոնի 5 օրերի ընթացքում ներկայացումներ կլինեն նաև Վանաձորում, իսկ հանդիսավոր փակումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Դսեղում:

Վոլոդյա Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter