Վենդետայի օրինականացումը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, և նրանք ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ նրանք կալանավորվել էին մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած հայտնի փոխհրաձգության պատճառով, որի արդյունքում սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել էր:
Որոշումը կայացրել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժինը` հետևյալ պաշտոնական բացատրությամբ. «Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»: Այլ կերպ ասած` նախաքննությունն իրականացնող մարմինը կատարված հանցագործության իրական մեղավորներ է համարում ոչ թե Լիսկայի որդուն, ով, ըստ պաշտոնական վարկածի, արձակել է Ավետիք Բուդաղյանին ուղղված մահացու կրակոցը, և Զարզանդ Նիկողոսյանին, այլ Բուդաղյան եղբայրներին, և արդեն իսկ ակնհայտ է, որ քննությունն ընթանալու է հենց այս ուղղությամբ:
Լիսկայի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հրապարակված տեսագրությունից պարզ երևում է, որ Ավետիք Բուդաղյանը մահացու կրակոցը ստանում է թիկունքից, երբ արագ քայլերով դուրս է գալիս առանձնատան բակից և շարժվում դեպի փողոց: Նախաքննությունն իրականացնող մարմինը, սակայն, որևէ բացատրություն չի տալիս այն հարցի կապակցությամբ, թե ինչպես կարող է «ակնհայտ պաշտպանության հատկանիշներին» համապատասխանող համարվել հեռացող «հանցագործին» թիկունքից կրակելը, երբ ակնհայտ է, որ տվյալ պահին նրանից իրական վտանգ չէր սպառնում առանձնատան բակում գտնվողների կյանքին և առողջությանը: Հետաքրքրական է` այդ ի՞նչ փորձաքննության և ում կողմից տրված եզրակացության հիման վրա է պարզվել, որ Տիգրան Խաչատրյանն ինքնապաշտպանությունից դրդված է կրակել թիկունքով շրջված և իրեն չտեսնող Ավետիք Բուդաղյանին:
ՊՆ ՀԿԳ քննչական բաժինն իր այս որոշմամբ պարզապես Լիսկայի որդուն և թիկնապահին միայն չարդարացրեց: Այն ապացուցեց, թե ինչպես է գործում ակնհայտ հանցագործությունն արդարացնելու մեխանիզմը, և թե ինչպես կարող է պետությունը պաշտպանել այդ հանցագործությունը կատարողներին:
Օրեր առաջ մի խումբ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվեցին հասարակական ակտիվիստներ Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը: Նրանցից առաջ ծեծել էին նաև մեկ այլ ակտիվիստի` Արման Ալեքսանյանին: Բոլոր երեք քաղաքացիներն էլ դիմել էին ոստիկանություն: Սակայն առ այսօր այդ բողոքներից և ոչ մեկի հետ կապված քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանությունը միայն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե բոլոր դեպքերով քննություն է կատարվում, և ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ: Երևանի փողոցներում անարգել շրջում են իրենց քաղաքացիական դիրքորոշման և ակտիվ հասարակական գործունեության համար մարդկանց բռնությունների ենթարկող, ահաբեկող հանցագործ խմբավորումներ, սակայն ոստիկանությունը քրեական գործ հարուցել չի կարողանում: Եթե սա պրոֆեսիոնալ անկարողություն չէ, ապա տուժողները և հասարակությունը լիարժեք իրավունք ունեն կարծելու, որ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն կոչված ոստիկանությունը, իրավապահ մարմինները կա՛մ անմեղսունակ են կա՛մ հանցակիցներ` իրենց միտումնավոր անգործությամբ:
Նման գործելակերպով իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինները, կամա թե ակամա, նպաստում են քրեածին իրավիճակի խորացմանը: Նրանք, կամա թե ակամա, սեփական քաղաքացիներին իրենց ձեռքերով հանձնում են հանցագործների ողորմածությանը, թողնում անպաշտպան և ամրապնդում այն կարծրատիպը, որ պետությունը ոչ թե իրենց, այլ հենց այդ շրջանակների հովանավորն է:
Ի՞նչ պետք է անի տվյալ դեպքում, օրինակ, Բուդաղյան ընտանիքը, որտե՞ղ պետք է փորձի արդարադատություն փնտրել, երբ դեռ քրեական գործը չհարուցված՝ զինդատախազը օլիգարխի տան մոտ տեղի ուենցածին տալիս է իրավական գնահատականներ, ուղղորդում նախաքննության ընթացքը, որի հետևանքը դառնում է թիկունքից մարդուն կրակողի ազատ արձակումը: Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները Երևանի փողոցներում ոստիկանների քթի տակ շրջող բանդաներին հանդիպելիս, որոնք ավելի ու ավելի են լկտիանում կամ ոստիկանության միտումնավոր կամ ոչ միտումնավոր անգործության պատճառով: Ի՞նչ կարող է անել հասարակությունը, եթե չի գործում նրա անվտանգությունն ապահովող պետական ողջ համակարգը:
Երբ պետությունը դադարում է կատարել իր այդ առանցքային գործառույթը, նրանցից յուրաքանչյուրը սկսում է իր անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու մասին մտածել` ինչպես ընդունված է ջունգլիներում: Այն սկսում է առաջնորդվել արդարադատության իրականացման սեփական պատկերացումներով: Արդյունքում ունենում ենք մի հասարակություն, որտեղ վենդետան որպես միջոց սկսում է արդարացվել: Ունենում ենք մի պետություն, որն իր անգործությամբ խրախուսում է վենդետայի ինստիտուտը, որը վաղ թե ուշ շրջվում է հենց նույն պետության դեմ: Ահա թե ինչու ստեղծված իրավիճակում քաղաքացիական շրջանակները խոսում են ինքնապաշտպանության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ինքնապաշտպանություն` քրեական տարրերից, ամենազոր օլիգարխներից և, որքան էլ ցավալի հնչի, նրանց համաձուլվածքի շահերը սպասարկող պետությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել