HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Քանի դեռ չկա միավորման նախագիծ, բարձրացված խուճապի ու իրարանցման իմաստը չեմ հասկանում»

 ՀՀ կառավարության բուհերի միավորման նախագիծը քննարկումների բուռն ալիք է բարձրացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Գեղարվեստի պետական ակադեմիայի` Գյումրու մասնաճյուղերում: Միավորման դեպքում դադարեցվում է մասնաճյուղերի գործունեությունը: Փոխարենը ձևավորվում է մեկ բուհ՝ Գյումրու արվեստների ակադեմիա անվամբ: Մասնաճյուղերի 3 ռեկտորներից միայն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանն է կողմ միավորմանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված իր բազմաթիվ հարցազրույցներում Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Համբարձում Ղուկասյանը նշել է, որ անհնար է մեկտեղել կերպարվեստը, թատրոնն ու երաժշտությունը, նաև մտավախություն էր հայտնել, որ կլինի ուսանողների արտահոսք Երևանի մայր բուհ: Իսկ այս կարգավիճակով ուսանողը, սովորելով Գյումրու մասնաճյուղում, հստակ գիտի, որ ստանալու է մայր բուհի դիպլոմ: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն Սամվել Գրիգորյանն էլ կարծիք էր հայտնել, թե միավորման դեպքում կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ «կլինենք մենք մերոնցով. մենք կչալենք, մենք կպարենք»:

Բուհերի միավորման դեպքում բնականաբար առաջ է քաշվելու մեկ ղեկավարի խնդիրը: Խոսակցություններ են գնում, թե նորաստեղծ Արվեստների ակադեմիայի ռեկտոր է նշանակվելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաճյուղի ներկայիս ղեկավարը՝ Կարինե Ավդալյանը, որովհետեւ նա վերևներում «լավ կապեր» ունի եւ կողմ է միավորմանը:

«Ես ուղղակի տեղս չեմ գտնում վրդովմունքից: Ես չգիտեմ, թե ովքեր են նման խոսակցություններ տարածողները,- «Հետք»-ի հետ զրույցում վրդովմունքը չի թաքցնում Կարինե Ավդալյանը,- էս հարցով օրը մի լրագրող գալիս է, չենք կարողանում նորմալ ուսումնական պրոցեսները կազմակերպել: Գործերս թողած զբաղված ենք պարզաբանումներ տալով: Ու դա էն դեպքում, երբ հստակ ոչ մի բան չկա: Որեւէ մեկին պաշտոնապես բան չեն ասել, մեզ որեւէ նախագիծ ցույց չեն տվել»:

Կարինե Ավդալյանի փոխանցմամբ` իրենք չունեն իրենց ձեռքի տակ պաշտոնական որոշում, որ բուհերը միավորվում են: Ըստ տիկին Ավդալյանի` դրանք ասեկոսներ են, որ ինքը լսում է տարբեր մարդկանցից: Իսկ եթե իր կարծիքն է պետք, ապա այն հետեւյալն է. «Ամբողջ աշխարհը գնում է գլոբալիզացիայի և կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի միացումը, էն առումով, որ կստեղծվի առանձին մի միավոր՝ Արվեստի ակադեմիա: Մասնաճյուղի կարգավիճակը քեզ ստիպում է մշտապես կառչած մնալ մայր բուհ-ին: Մի կողմից դա լավ է, մյուս կողմից էլ զրկված ես ինքնուրույն որոշումներ կայացնելուց և սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելուց»:

Ըստ Կարինե Ավդալյանի` պետք չէ այդքան դրամատիկ ընկալել այն փաստը, որ բուհերի միավորումից հետո ուսանողի դիպլոմի մեջ գրվելու է, որ նա ավարտում է ոչ թե Երեւանի, այլ Գյումրու Արվեստի ակադեմիան, ասենք՝ երաժշտական արվեստ բակալավր մասնագիտությամբ: «Սրանից ոչ դասավանդող մանկավարժի գիտելիքն է պակասում, ոչ ուսանողի իսկապես սովորելու ցանկությունը,- ասում է Կարինե Ավդալյանը,- և ես էլ համարում եմ, որ դա ցածր ստատուս չէ՝ Գյուրմու Արվեստի ակադեմիա ավարտելը»:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ներկայումս սովորում է 200 ուսանող: Յուրաքանչյուր տարի աշխատում են այդ թիվը պահել, թեպետ ուսումնական հաստատությունները չգիտես ինչու ձգտում են աշխատանքի վերցնել ոչ թե բարձրագույն, այլ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների: Դա է պատճառը, որ ամեն անգամ որոշակի խնդիրներ են ունենում ուսանողների թվաքանակը չպակասեցնելու առումով:

«Մեր բուհում սովորող ուսանողների վարձավճարը բարձր է բոլոր բուհերից, որովհետեւ մեր մոտ անհատական պարապմունքներ կան: Կոնսերվատորիայի մեկ ուսանողը պետության վրա նստում է  880 հազար դրամ: Մենք հավաքում ենք վարձավճար 450 հազար դրամ: Այս տարի ուսման վճարները չենք բարձրացրել, թեպետ մայր բուհը գնացել է այդ քայլին,- փաստում է Կարինե Ավդալյանը,- մենք հրաժարվեցինք այդ մտքից՝ նկատի ունենալով մարզի սոցիալական վիճակը»:

Կարինե Ավդալյանն արդեն 10-րդ տարին է ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Համարում է, որ այս տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց են գրանցել: Կապեր են հաստատել Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի կոնսերվատորիաների հետ, որտեղից մասնագետներ են այցելում Գյումրի 10 օրով իրենց փորձը ուսանողներին փոխանցելու նպատակով: Մեծ հաջողությամբ՝ արդեն 5-րդ տարին է անցկացնում են երաժիշտ-կատարողների «Վերածնունդ»  միջազգային փառատոնը:

«Եթե պետությունը ընդունում է որոշում, որ պիտի մասնաճյուղերը միավորվեն եւ ստեղծվի ակադեմիա, նշանակում է ինչ-ինչ պատճառներ կան: Ենթադրում եմ, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որովհետև ակադեմիա լինելով` ինքը չի կարող երեք մասնաճյուղեր ունենալ: Նոր ֆակուլտետներ պիտի ունենա անպայման: Ինքը պետք է ունենա արվեստի մենեջմենթի, մարկետինգի ֆակուլտետ և այլն, որոնք շատ համահունչ կլինեն այսօրվա աշխարհի պանանջմունքներին»,-կարծիք է հայտնում Կարինե Ավդալյանը:

Եվ իհարկե Գյումրու Արվեստների ակադեմիան պիտի ունենան նոր ռեկտոր: Թերևս ամենախնդրահարույց և ամենաքննարկվող հարցն առաջին իսկ օրվանից, երբ շրջանառության մեջ դրվեց նախագծի մասին լուրերը: Զրուցակիցս վստահ է, որ չի լինի պարզ նշանակում, կլինի մրցույթ, ինքն էլ բնականաբար կմասնակցի հայտարարված մրցույթին:

«ՀՀ ցանկացած քաղաքացի, եթե ունի համապատասխան կրթություն եւ բավարարում է մրցույթի պահանջներին կարող է մասնակցել եւ հաղթել: Իսկ ինչու չեմ կարող այդ մեկը լինել ես: Ունեմ անցած ճանապարհ, մեծ աշխատանքային փորձ, կոչում: Չեմ անցնի, դա ամեն դեպքում մեծ դժբախտություն չեմ համարի: Ես ունեմ իմ արվեստի դպրոցը, իմ բիզնեսը: Հակառակ դեպքում կգնամ իմ դպրոցը կղեկավարեմ: Ով էլ որ անցնի, առաջինը ես նրա ձեռքը կսեղմեմ, կշնորհավորեմ: Բայց քանի դեռ չկա միավորման նախագիծ, բարձրացված խուճապի ու իրարանցման իմաստը չեմ հասկանում»,- զրույցն ամփոփում է Կարինե Ավդալյանը:

Մեկնաբանություններ (1)

ali
Havatatsats em, vor Karine Avdalyani koghmits irakanatsvats gortserin tsanot enbolory yev nman asekosenern u voch teghin xosqery parzapes hamarum em pashtpanoghakan reaktsia shat u shat charakam u charalezu, inchpes nayev bansarku anhatneri koghmits. Sa bnakan e qanzi haytni e, vor qnnarkvum, bansarkvum en shat hachakh amenaarzhaninery, mtqi yev xelqi trichq unetsoghnery........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter