Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին. անեկդոտ Աժ-ում
Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ խնդրում վերջինիս օգնությունը, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի: Սերժ Սարգսյանն ասում է` «հարց չկա» եւ ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում. «քո արածը, քո դուրը եկա՞վ»: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարաք Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը:
Այս անեկդոտը ԱԺ-ում պատմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ կենտրոնական ընտրական հանձանաժողովի հաղորդագրության քննարկման ժամանակ, որը ԱԺ ամբիոնից ներկայացնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Պարոն Մուկուչյան, սա կարծրատիպ չէ, մարդիկ ինչ տեսնում են ժողովրդական բանահյուսության մեջ օգտագործում են: Հույս ունեմ, որ այս անեկդոտը անձնական չեք ընդունի, սա պետական հարց է, որի ֆոնին ցավոք սրտի, Ձեր կերպարն այսպիսի մեկնաբանություն է ստանում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանելով պատգամավորին ասաց, որ հարցն այն չէ, որ իր հասցեին է վատ բաներ ասում, այլ այն, որ «ժողովուրդը ձեզանից ամեն ինչ շատ վատ փաթեթավորմամբ է ստանում»:
«Իսկ այն ինչ իմ հասցեին ասացիք, կարծում եմ դուք էլ լավ գիտեք, թե Թումանյանը մոտավորապես ինչ է ասել Ձեր տեսակի մասին: Ձեր տեսակի մասին էլ ասել է. «դեռ հեռու է մինչեւ մարդն իր ճամփան» »,-ավելացրեց Տ. Մուկուչյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, արդյոք ԿԸՀ-ն սոցիոլոգիական հարցումներ իրականացրել եւ պարզել է, թե որոնք են քաղաքացիների կամ սոցիոլոգիական հարցմանը մասնակից քաղաքացիների մատնանշած այն հիմնական թերությունները, որոնք վերաբերում են ԿԸՀ վստահությանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նման սոցիոլոգիական հարցումներ չեն արվել:
Նշենք, որ 41 էջից բաղկացած փաստաթղթով մանրամասն անդրադարձ է կատարվել ընտրական ողջ գործընթացի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել