HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Երկիրը մի վերածեք օֆշորի». ընդդիմադիր պատգամավորները դեմ էին օրենքի ընդունմանը, բայց այն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր 67 կողմ, 42 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց  « «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Երեկ պատգամավորների քվեարկությամբ  որոշվեց, որ նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու եւ ընդունվելու է հատուկ կարգով` առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Իսկ առաջին ընթերցումը կազմակերպվեց երեկ:

Հիմնական զեկուցողը ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն էր: Ըստ նախագծի` ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի «պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, ինչպես նաեւ նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատվում են շահութահարկից»:

Նշենք, որ ռեզիդենտ են համարվում ՀՀ-ում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները եւ պայմանագրային ներդրումային ֆոնդերը, բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի: Իսկ ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները:

Սուրեն Կարայանի ասելով` բոլոր այն երկրների ռեզիդենտ կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանն ունի կրկնակի հարկման համաձայնագրեր այս հարցը կանոնակարգվում է այդ համաձայնագրերով եւ կրկնակի հարկում տեղի չի ունենում, իսկ այն երկրները, որոնց հետ նման համաձայնագիր չի կնքվել այդ երկրի ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունները ՀՀ պետական արժութային պարտատոմսերում ներդրումներ կատարելու դեպքում կրկնակի են հարկվում, ինչը նվազեցնում է այդ ոլորտում ներդրումներ անելու շահագրգռվածությունը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ոչ ռեզիդենտությունը մեծամասամբ կախված չէ անձի քաղաքացիությունից: Հարկային ռեզիդենտությունը պայմանավորված է նրա գործունեության կամ տնտեսական շահի կենտրոնով:

Պատգամավորը դիմելով կառավարության ներկայացուցչին, հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիքներ ունեն, որ հայկական կապիտալը կարող է ներգրավվել այս գործընթացի մեջ` շրջանցելով, կամ օֆշորն օգտագործելով նորից հայտնվել Հայաստանում, այս անգամ արդեն ոչ ռեզիդենտի անվան տակ եւ ստացվի, որ այդ կապիտալը չի հարկվելու: Սա այն դեպքում, երբ հայկական դրամով կատարված ներդրումն այսօր հարկվում է: «Եթե դա քաղաքականություն է, ինչու՞ եք արտարժույթով պայմանավորում, պայմանավորեք ըստ էության»,-ասաց Ա. Մինասյանը:

Բացի այդ, պատգամավորին մտահոգում էր, որ Հայաստանի արտաքին եւ ներքին պարտքի հիմնական ձեւակերպումը գրվում է պարտքի տիրոջ կամ սեփականատիրոջ ով լինելու հանգամանքով: Ա. Մինասյանի խոսքերով, եթե արտաքին պարտքի դեպքում հասցեատերը կազմակերպություն կամ այլ անձ է եւ հստակ երեւում է, ապա ներքին պարտքի դեպքում, որը ընթացքում կարող է դառնալ արտաքին պարտք, կառավարությունը ցույց տալու համար հստակ մեխանիզմներ չունի:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի նշված փոփոխության հավանաբար արվում է եվրոպարտատոմսերի համար եւ զարմանք հայտնեց, թե ինչու չի քննարկվում հայաստանյան կազմակերպությունների կողմից արտարժույթով ներդրում կատարելու հարցը:

Սուրեն Կարայանը իրատեսական չի համարում, որ հայկական ընկերությունները օֆշորով հայտնվեն Հայաստանում եւ ոչ ռեզիդենտի անվան տակ խուսափեն հարկումից: Ըստ նրա` պատճառներից մեկն էլ այն է, որ հայաստանյան ընկերությունը տեղում ավելի շահավետ պայմաններով կարող է ավելի մեծ շահույթ ստանալ, քան ոչ ռեզիդենտի կարգավիճակով հանդես գալով:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կառավարությունը նոր ուղիներ է փնտրում պետական պարտքի չափը մեծացնելու ուղղությամբ եւ հիմքեր կան կասկացելու, որ այս օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների հետ:

«Եթե նայենք այն հրատապությունը, որով կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը փորձում են այս հարցն անցկացնել, կարող է մեկնաբանվել, որ վերջին զարգացումների բերումով արեւմտյան կառավարությունների հետ կառավարությունը հաշվարկում է, որ վարկային խնդիրներ կարող է ունենալ եւ այդպիսով փորձ է արվում մասնավոր կապիտալը ներգրավել Հայաստանի պարտատոմսերի մեջ»,-ասում է Նիկոլ Փաշինյանը եւ հավելում, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ այդքան ակտիվ չի անում, քան վարկեր վերցնելն ու արտաքին պարտքի ծավալները մեծացնելը:

Սուրեն Կարայանն ասաց, որ դժվար է այս փոփոխությունը կապել վերջին գործընթացների` Մաքսային միությանը միանալու հետ:

«Այս նախագիծը, այս վիճակում, խավարի մեջ բերել անցկացնել նշանակում է եւս մեկ հնարավորություն տալ գործող կառավարությանը հերթական անգամ Հայաստանը դնելու վատ վիճակի մեջ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագիր է սա, ինչ ծավալի թողարկման մասին է խոսքը, արտաքին պարտքի ինչ կառուցվածքային քաղաքականություն է իրականացվելու սրանով: Սա օգնելու է մեր երկրում փողերի լվացմանը եւ հերթական վնասն է բերելու երկրի տնտեսությանը եւ տնտեսական կյանքին»,-ասաց Արծվիկ Մինասյանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ չկա ոչ մի հաշվարկ, կանխատեսում եւ այս պայմաններում կառավարությունը ԱԺ-ին խնդրում են հավանություն տալ նախագծին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Նա պատգամավորներին հորդորեց օրենսդրական նախաձեռնությունը ավելի խորը կարդալ եւ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում նոր միայն արտահայտվել: Վ. Այվազյանի ասելով` տեղական կազմակերպությունները զրկված չեն արտարժույթով ներդրումներ կատարելուց, պարզապես այս քայլով խրախուսվում է դրսի կազմակերպությունների ներդրումները:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կատեգորիկ դեմ է այս նախագծին, պատճառաբանելով, որ կառավարությունը արտոնություններ տալով մեծահարուստներին, երկիրը օֆշորային գոտու է վերածում:

«Օֆշորային գոտի եք սարքե՞լ, թե՞ օֆշոր բառը դուրներդ եկել է»,-նշեց Հ. Բագրատյանը:

Նշենք, որ օրինագծին դեմ են քվեարկել խորհրդարանական ընդդիմությունը եւ ԲՀԿ խմբակցությունը: ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորներից բացի կողմ է քվեարկել նաեւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Էդմոն Մարուքյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը քվեարկել են ձեռնպահ, իսկ ԲՀԿ-ականներ Բազմասեր Առաքելյանը, Մերուժան Սիմոնյանը, Հարություն Ղարագյոզյանը, Ռուստամ Գասպարյանը, ՀՀԿ-ից` Մանվել Բադեյանը, Մնացական Մնացականյանը, Մհեր Սեդրակյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter