HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բժիշկի դեմ քրեական գործ հարուցվեց

«Հետքի» մի քանի հրապարակումներից եւ հարազատների անդադար պայքարից հետո  այս տարվա հուլիսի 8-ին Երեւան քաղաքի դատախազը «Արթմեդ» ԲՎԿ-ի բժիշկ Աշոտ Քոսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հարուցել է քրեական գործ:

Վերա Ղազարյանի դուստրը` Նոնա Սարգսյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այնտեղից էլ գրությունով մահացածի դստեր բողոքը հասցեագրվել էր Երեւան քաղաքի դատախազությանը:

Հիշեցնենք, որ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, 63-ամյա Վերա Ղազարյանն այս տարվա մարտի 9-ին, հարազատների պնդմամբ, նորմալ ինքնազգացողությամբ գնացել է աշխատանքի եւ դասերը վերջացնելուց հետո` ժամը 12.30-ի սահմաններում, անձնական ավտոմեքենայով ուղեւորվել «Արթմեդ» կենտրոն, որտեղ ողնաշարի ճողվածքի բուժման համար պետք է ստանար երկրորդ ներարկումը: Մինչդեռ ժամեր անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ Վերա Ղազարյանը, ներարկումը դեռ չստացած, մահացել է:

Հարազատները պնդում են, որ մահը վրա է հասել բժիշկ Քոսյանի մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով:

Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Ենգիբարյանը այս տարվա մայիսի 23-ին մերժել էր նույն վարչական շրջանի ոստիկանության քննիչ Վ. Պողոսյանի որոշման դեմ Վ. Ղազարյանի դստեր`Նոնա Սարգսյանի բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Մահացածի դուստրը պահանջում էր բժիշկի դեմ քրեական գործ հարուցել, մինչդեռ իրար հետեւից մերժման գրություններ էր ստանում:

Մահացածի հարազատները հույս ունեն, որ ի վերջո կապացուցվի, որ Վերա Ղազարյանի մահը վրա է հասել բժիշկի մեղքով, եւ նա կենթարկվի պատասխանատվության:

Մեկնաբանություններ (3)

մարդ
Բա գիտեիր անմեղ կնոջ գլուխը կերար ու հանգիստ խղճով պետք է ապրես:
ANNA
Kardalov ays hodvat@ cav apreci vor menq qaxaqaciner@s bjski anusadir u vo4 profesional asxatanqi pat&arov zoh en darnum Urax em vor (HETQ)_I mi qani hraparakumneric heto ardarutyun@ verakangnvum e SHAT cavali e vor nman depqer@ satanum en ev amenacavalin vor dranq mnum en anpatij
Syuzi
Միթե այս երկրում կա արդարություն: Երբ մենք առաջին հոդվածը կարդացինք ցնծված էինք,մեզ հետաքրքրեց, որովհետև նման մի բան էլ մեզ հետ էր պատահել և սկսեցինք պարտաճանաչ կարդալ մյուս հոդվածները և շատ ուրախացանք, երբ տեսանք, որ քրեական գործ է հարուցվել բժիշկի դեմ:Երևի այս երկրում արդարությունը քիչ-քիչ վերականգնվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter