HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հարոյանի տարրական եւ Մինասյանի տակտիկական սխալները

Երբ Չեխիա-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Ռոման Բերեզովսկին, իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը որակազրկվեցին, նույնիսկ անհույս լավատեսները սկսեցին մտածել, որ մեր թիմի համար Դանիայի հետ խաղում դժվար է լինելու: Այդպես էլ եղավ:

Հենց խաղի սկզբից նախաձեռնությանը տիրեցին հյուրերը, որոնք պարբերաբար ճեղքումներ էին կատարում եզրերով: Այդպիսի անցումներից մեկից հետո աջից կատարված փոխանցում-հարվածը միայն բախտի բերումով դիպավ դարպասաձողին եւ չհայտնվեց դարպասում: Իսկ այդ ժամանակ Կասպարովը սխալ դիրք էր գրավել: Նկատելի էր մեր ֆուտբոլիստների դժվար շարժը, նրանց գործողություններում հոգնածություն էր նկատվում: Ըստ էության, չեխերի հետ հանդիպմանը հավաքականը բավականին մեծ էներգիա էր սպառել, ինչից հետո ամբողջությամբ վերականգնվելը դժվար էր: Պաշտպաններից հատկապես Մկոյանն ու Հայրապետյանը չէին հասցնում մրցակիցների հետեւից, եւ ձախ եզրը շարունակաբար ճեղքեր էր տալիս: Դեռ չեխերի հետ հանդիպմանը տեսանք, որ այս երկու ֆուտբոլիստները լավագույն մարզավիճակում չեն, սակայն նրանց համարժեք փոխարինող ներկայում թերեւս չկա: Իրենց թարմությամբ աչքի էին ընկնում միայն Հենրիխ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը, գուցե նաեւ Կառլեն Մկրտչյանը:

Իսկ պաշտպաններից ամբողջ խաղի ընթացքում ամենահստակը գործում էր միայն Վարազդատ Հարոյանը, որը երկու անգամ սխալվեց. առաջին դեպքում նա գրոհ սկսելիս անմիջապես կորցրեց գնդակը, եւ դանիացիներին հակագրոհի հնարավորություն տվեց, իսկ երկրորդը ճակատագրական եղավ մեր թիմի համար: Հարոյանը կոշտ պայքար սիրող ֆուտբոլիստ է, սակայն միշտ պետք է հիշի, որ չի կարելի անցնել սահմանները, այն էլ երբ պատասխատվությունն անչափ մեծ է: Հավաքականում անցկացրած իր առաջ խաղում (Լիտվա-Հայաստան՝ 3-0), փյունիկցի պաշտպանը անտեղի կոպիտ սահանկման պատճառով կարմիր քարտ ստացավ, ինչը ազդեց թիմի խաղի վրա: Այս անգամ Վարազդատը կրկնակի նվեր մատուցեց դանիացիներին՝ 11-մետրանոց եւ հետագա պայքար արդեն 10 հոգու դեմ:

Հարոյանի սահանկումը սեփական տուգանայինում միանգամայն սխալ եւ անտեղի էր, քանի որ 100-տոկոսանոց սպառնալիք չկար դարպասի ուղղությամբ, Կասպարովն էլ տեղում էր: 73-րդ րոպեին Ագերի գոլը հարված էր մեր թիմի ողնաշարին այն պարզ պատճառով, որ արդեն 65-րդ րոպեից Հայաստանի հավաքականը թափ էր հաղորդել իր գործողություններին եւ շարունակաբար մեծացնում էր ճնշումը դանիացիների պաշտպանության եւ դարպասի ուղղությամբ: Ինչպես ասում են, գոլի հոտ էր գալիս, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Եթե թիմի խաղը դիտարկենք ամբողջ հանդիպման համապատկերում, ապա պետք է նշենք, որ միայն 65-73-րդ րոպեներին իսկապես ակտիվություն նկատվեց Մինասյանի սաների գործողություններում: Անհասկանալի էր, սակայն մարզչական շտաբը ընտրել էր ավելի շատ պաշտպանողական-սպասողական մարտավարություն, ինչը չարդարացրեց իրեն: Այս հավաքականը, որը հատկապես աչքի է ընկնում հենց գրոհային սուր գործողություններով, սեփական հարկի տակ, ֆուտբոլային լեզվով ասած, խաղում էր «երկու» համարով: Մինասյանը խաղից հետո ասել է, թե թիմը խաղում էր այնքան, որքան թույլ էր տալիս մրցակիցը, եւ իրենք մտադիր չէին զիջել նախաձեռնությունը: Բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչպես պիտի նախաձեռնություն դրսեւորեր մի թիմ, որը խաղում է իրեն խորթ ոճով՝ առանց գոնե մեկ մաքուր հարձակվողի: Ավելին՝ երբ այդ մաքուր հարձակվողի դիրքը հարաբերականորեն զբաղեցնում է պրակտիկա չունեցող Մարկոսը, որը «Կուբանից» «Կրասնոդար» տեղափոխվելուց հետո ամրագրել է իր տեղը պահեստայինների նստարանին:

Թե ինչու հենց սկզբից չէր խաղում Սարկիսովը, որը խաղից առաջ շատերի կողմից համարվում էր Մովսիսյանի բացը լրացնող, Վարդան Մինասյանն ասել է. «Մարկոսը դուրս եկավ խաղադաշտ, քանի որ մենք ցանկանում էինք ավելի շատ գնդակ պահել, իսկ Մարկոսն ավելի լավ է գնդակ պահում, քան Սարկիսովը»: Լավ, իսկ մի՞թե Դավիթ Մանոյանը, որը մշտապես խաղում է «Փյունիկում» եւ տեխնիկապես ու տակտիկապես գրագետ է, ավելի վատ է գնդակ պահում, քան Մարկոսը, որը թե Ալբանիայի, թե Չեխիայի հետ խաղերում ոչնչով աչքի չի ընկել: Ընդ որում՝ Հայաստանի հավաքականի գրոհները երկրորդ կեսի միջնամասում պայմանավորված էին նաեւ հենց Մարկոսին փոխարինած Մանոյանի մասնակցությամբ: Մինասյանը կարող է ընդունել, որ սխալվել է մեկնարկային կազմի ընտրություն կատարելիս, քանի որ եթե Կառլենի ու Արթուրի փոփոխությունները պարտադրված էին վնասվածքի պատճառով, ապա Մարկոսի ներկայությունը, ինչպես ապացուցվեց խաղում, արդարացված չէր:  

Տպավորություն էր, որ մեր ընտրանին շեշտը դրել է հուսալի պաշտպանության վրա եւ սպասում է խաղի վերջնամասին, որպեսզի խլի նախաձեռնությունն ու վճռական հարվածով որոշի հանդիպման ելքը: Հիշենք, որ չեխերի հետ խաղում հենց վերջին րոպեներին Ղազարյանի գուցեեւ պատահական հարվածը որոշեց ամեն ինչ:

Մինասյանը նշել է վերջին երկու խաղում 5 հարկադրված փոփոխությունները, ինչը ոչ ոք չի հերքում, բայց որ կարող էինք դանիացիների դեմ ավելի լավ եւ ակտիվ, նախաձեռնող խաղ ցույց տալ, փաստ է: Մանոյանի եւ մաքուր հարձակվողի սկզբնական ներկայությունը, ըստ էության, այլ պատկեր կհաղորդեին հանդիպմանը: Այդ պարագայում հենակետային դիրքերից մեկը հենց սկզբից կարող էր զբաղեցնել Մխիթարյանը:

Այժմ խոսենք նրա մասին, թե ինչ ունենք այսօր: Ինչպես եւ չեխերի հետ խաղում, այս անգամ էլ Արթուր Եդիգարյանը աչքի ընկավ կոշտ պայքարով, երբեմն էլ կոպտությամբ ու արժանացավ երկրորդ դեղինին, որի պատճառով բաց կթողնի հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Բնականաբար, նույնը վերաբերում է Հարոյանին: Ահա այսպես. մեր հավաքականը կրկին կորուստներ կունենա, չնայած կենտրոնական պաշտպանի ու կիսապաշտպանի դիրքերը փակելու հաջող տարբերակներ ունենք:        

Երեկ Իտալիան սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է չեխերին, իսկ բուլղարները Մալթայում նույն հաշվով հաղթել են դաշտի տերերին: Իտալացիները, ինչպես եւ հոլանդացիները արդեն իսկ ապահովել են «Բրազիլիա-2014»-ի ուղեգիրը, իսկ մեր ընտրական խմբում երկրորդ տեղի համար կպայքարեն Բուլղարիան, Դանիան, Չեխիան, Հայաստանը: Վերջին երկու տուրերում կկայանան հետեւյալ հանդիպումները. Մալթա-Չեխիա, Հայաստան-Բուլղարիա, Դանիա-Իտալիա, Դանիա-Մալթա, Իտալիա-Հայաստան, Բուլղարիա-Չեխիա:

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գնդակներ

Միավոր

1.Իտալիա

8

6

2

0

15-5

20

2.Բուլղարիա

8

3

4

1

13-6

13

3.Դանիա

8

3

3

2

9-10

12

4.Չեխիա

8

2

3

3

8-8

9

5. Հայաստան

8

2

3

2

8-10

9

6.Մալթա

8

1

0

7

4-18

3

Ինչպես երեւում է, երկրորդ տեղի համար մեր մրցակիցները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ուղեգիր նվաճելու համար, քան Հայաստանի հավաքականը: Այդուհանդերձ, Վարդան Մինասյանը նշել է, որ իրենք դեռ չեն մտածում «Եվրո-2016»-ի մասին, եւ ընտրանին կենտրոնանալու է բուլղարների հետ առաջիկա խաղի վրա: 

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի (uefa.com)

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես արդեն չեմ հասկանում. բոլոր ԿԱՐԵՎՈՐ խաղերը Հայաստանի հավաքականի համար ավարտվում են ԴՐԱՄԱՅՈՎ՝ դարպասապահ են հեռացնում,կարմիր քարտ են ստանում ու իրենց դեմ ԱՆԻՄԱՍՏ 11-մետրանոց: Սրա ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ պատճառն այն է,որ Հայաստանի հավաքականը (դեռ) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ չէ: ԹԻՄ ՉԿԱ-ինչքան էլ որ մի քանի անգամ հաղթում են:Հայաստանի հավաքականի մարզիչը (և իր օգնականները) չեմ իմանում ինչով են զբաղված:
Վահագն
Հայաստանի հավաքականը հաղթում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդ հավաքականը դա թույլ է տալիս: Մնացած եպքերում, մեր հավաքականը ամբողջությամբ զիբիլ է, քարե արձաններ, հոգնած հետիոտն, իսկ բոլոր պաշտպանները՝ դասը չսովորած շփոթված ուսանող չէ, այլ՝ աշակերտներ, իսկ անհատապես՝ Մխիթարյանը, Մովսիսյանը, Բերեզովսկին փայլում են միայն այլ ակումբերնում, երբ կա խաղային տաղանդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter