HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ղազինյանը՝ Փաշինյանին. «Մի կերպ կդիմանամ Ձեր դեմ քվեարկելուն, չնայած ծանր կլինի առողջական առումով»

Ազգային ժողովում ընտրում են արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականի: Թեկնածուները երկուսն են՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ Գրիգոր Բադիրյանը, ով խորհրդի գործող անդամ է:

Թեկնածուները երեկ հանդիպումներ են ունեցել խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ: Իսկ այսօր արդեն ԱԺ ամբիոնից պատասխանում էին նրանց հարցերին:

Գագիկ Ղազինյանը նշեց, որ արդարադատության խորհուրդը, որպես անկախ մարմին, «շատ մեղմ ասած որոշակի թերություններ ունի սահմանադրական լիազորություններն իրականացնելու գործում»: Ըստ թեկնածուի՝ այդ թերությունները եւ ինստիտուցիոնալ են, եւ բովանդակային:

«Խորհրդի դատավոր անդամները, որոնք թվով ինն են, լավ կլիներ, որ չլինեին գործող: Այսինքն, եթե ընտրվում են խորհրդի անդամ, պետք է կասեցվի նրանց լիազորությունը: Նրանց պետք է վճարվի աշխատավարձ, որոշ չափով նաեւ հավելավճար, բայց չլինեն կաշկանդված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ»,- նշեց Գագիկ Ղազինյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով թեկնածուին, ասաց, որ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում ձեւավորված հասարակական կարծիքով եւ անձամբ իր կարծիքով՝ իրավական համակարգն այսօր ամենակոռումպացվածն է Հայաստանում: Հետո նշեց, որ թեեւ Գագիկ Ղազինյանը պաշտոններ չի զբաղեցնում դատական համակարգում, բայց նրա գործունեությունն առանցքային դերակատարում ունի այդ համակարգի վրա, քանի որ 1996 թ.-ից իրավաբանական ֆակուլտետի դեկանն է եւ կրկին հասարակական կարծիքով՝ ամենակոռումպացված բուհական օղակներից մեկն է:

«Ինչ վերաբերում է ԲՈՀ-ին (բարձրագույն որակավորման հանձնաժողով,- հեղ.), մի քանի հոգի ինձ պատմել են, որ մարդիկ հենց մտնում են համապատասխան թեզ պաշտպանելու, առաջինը հարցնում են՝ «Ձեր տերն ով է»: Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ Ձեր ղեկավարած կառույցում գործում է մի համակարգ, որտեղ տերովին տերն է տարել, իսկ անտերին՝ արդեն գիտեք, թե ով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ նույն թեկնածուի շատ ուսանողներ այսօր դատավոր են, մարտի 1-ի գործով եղել են քննիչներ եւ այլն:

«Արդյոք այսօրվա վիճակի համար պատասխանատվություն զգու՞մ եք,- Գ. Ղազինյանին հարցրեց Ն. Փաշինյանը եւ շարունակեց,-հարուստ հայրիկների զավակներն ընդունվում են իրավաբականական ֆակուլտետ, հետո հայրիկների փողով դառնում են քննիչ, հետո դատավոր, դատախազ եւ արդյունքում բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում դատական համակարգը, որի ակունքներում կանգնած եք նաեւ Դուք, ամենակոռումպացվածն է եւ դարձել է այն մեծագույն չարիքներից մեկը, որ Հայաստանին թույլ չի տալիս առաջ գնալ»:

Գագիկ Ղազինյանը նշեց, որ ինքը պատասխանատվություն է զգում, ոչ ավելին, քան Նիկոլ Փաշինյանը որպես պատգամավոր:

«Գիտեք շատ հեշտ է նույն Նիկոլ Փաշինյանին կամ նրա թերթին կամ մյուսին մեղադրել՝ հանրային կարծիքը վկայակոչելով, երբ հայտնի չէ, թե այդ հանրային կարծիքն ով է եւ ում է ներկայացնում պատվերով, փողով կաշառքով հոդվածներ գրելու, մարդկանց սեւացնելու մեջ, եւ այդ դեպքերը բազմաթիվ են: Ի տարբերություն Ձեր հանրային կարծիքի՝ շատ հեշտ է փաստերով ապացուցել, որ Ձեր թերթում կամ ընդհանրապես մամուլում հրապարակումների հետեւում մարդիկ կան կանգնած»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Ըստ նրա՝ ֆակուլտետում աշխատողները զարտուղի ճանապարհներով գումարներ աշխատելու կարիք չունեն, որովհետեւ ֆակուլտետից դուրս բոլորը աշխատում են մասնավոր կառույցներում՝ հիմնականում միջազգային, եւ իրենց սոցիալական խնդիրները լուծում են ֆակուլտետից դուրս: Այնուհետեւ պատգամավորից պահանջեց վկայակոչել գոնե մեկ փաստ, որ տերովը ԲՈՀ-ում պաշտպանել է, իսկ անտերը՝ ոչ:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց խորհրդի անդամի թեկնածուին եւ նրանից պահանջեց կոնկրետ փաստեր ներկայացնել իր ղեկավարած թերթի մասին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

«Ես կարող եմ խոսել կոնկրետ փաստերով: ՀՀ քաղաքացի Հարություն Այվազյանը մտել է Ձեր ասած տեղը եւ առաջին հարցը, որ նրան տվել են, հետեւյալն է՝ ով է քո տերը: Դրանից հետո քաղաքացին արտագաղթել է Հայաստանից: Ես Ձեր թեկնածությանը դեմ եմ քվեարկելու, չնայած հասկանալի է, որ կընտրվեք»,- ավելացրեց Ն. Փաշինյանը:

Գագիկ Ղազինյանը պատգամավորին պատասխանեց ծաղրանքով: «Ես մի կերպ կդիմանամ Ձեր դեմ քվեարկելուն, չնայած ծանր կլինի առողջական առումով, բայց բոլոր դեպքերում՝ Հարություն Այվազյանն ո՞վ է, ո՞ր կառույցում են նրան նման բան հարցրել...»,-նշեց թեկնածուն, սակայն այդպես էլ պատասխան չհնչեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պատասխանելու իրավունք չուներ:

Լուս.՝ aravot.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter