Քաղաքաշինության նախարարն այցելեց Գյումրու եւ Ախուրյանի շինհրապարակներ
Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը սեպտեմբերի 11-ին աշխատանքային այց կատարեց Շիրակի մարզի Գյումրի եւ Ախուրյան համայնքներ: Այցին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքաշինական տեսչության, մարզպետարանի, կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության պատասխանատուներ:
Տեղեկացնենք, որ «Մուշ-2» թաղամասում մեկնարկած լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները որոշակի դանդաղել էին, ինչը անհանգստություն էր առաջացրել շահառուների մոտ: Շինհրապարակում նախարար Սամվել Թադեւոսյանի շրջայցի ընթացքում «Գլենդել հիլզ» ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը տեղեկացրեց, որ շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով: Նա հավաստիացրեց, որ ընթացող շինարարական աշխատանքներին այժմ որեւէ խոչընդոտ չկա:
Նախարար Թադեւոսյանը, հաշվի առնելով «Մուշ-2» թաղամասում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների գազաֆիկացման եւ կաթսաների տեղադրման խնդիրները, շրջայց կատարեց նաեւ այդ թաղամասում, զրուցեց բնակիչների հետ: Նա փարատելով բնակիչների անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը, դրան հաջորդող բոլոր գործընթացները իր ամենօրյա աշխատանքային օրակարգում են: «Իսկ գազի կաթսաների տեղադրումը ձգձվել է քաղաքացիների անվտանգության ապահովման համար լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռք առնելու համար: Այսօր, իմ այցի նպատակներից մեկն էլ հենց այդ աշխատանքներն արագացնելն է: Ես նախորդ օրը խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակկլիմայական պայմանները, արդեն խստորեն զգուշացրել եմ «Գլենդել հիլզ» ընկերությանը կաթսաների տեղադրումը եւ շինարարական աշխատանքներն արագացնելու համար»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Թադեւոսյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշտապես գտնվել է թաղամասում, արագ արձագանքել բնակիչների դիմումներին ու կարգավորել խնդիրները:
«Մուշ-2» թաղամասից հետո նախարար Սամվել Թադեւոսյանը այցելեց Ախուրյան գյուղական համայնք, որտեղ ի սկզբանե ծրագրով նախատեսված էր 3 շենք, որին լրացուցիչ ծրագրով ավելացավ եւս մեկ շենք: Այս համայնքում եւս ծրագրի դանդաղեցումը պայմանվորված էր վերանախագծման գործընթացով: Ընթացող շինարարական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման համար նախարար Ս. Թադեւոսյանին հավաստիացրեց «Գլենդել հիլզ»-ի նախագահ Է. Մելիքյանը:
Շրջայցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին նախարար Ս. Թադեւոսյանը նշեց. «Այս 420-430 բնակարանների կառուցումը գիտեք, որ առաջացել է հիմնական ծրագրից հետո որպես լրացուցիչ ծրագիր, հետեւաբար անհրաժեշտություն էր առաջացավ ճշգրտումներ կատարել, որով պայմանավորված էլ կառուցապատող ընկերությունը վերանախագծման աշխատանքներ կատարեց: Քանի որ մենք հասել ենք եզրագծին` սխալվելու, որեւէ անօթեւանի ցուցակից դուրս թողնելու կամ աչքաթող անելու իրավունք չունենք»:
Տեղեկացնենք, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում մինչ օրս կառուցվել եւ անօթեւան ընտանիքներին են բաշխվել 3720 բնակարաններ, եւս 367 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն: Նախատեսվում է կառուցել եւս 1285 բնակարաններ, որոնցից 608-ը լրացուցիչ սկսվող բնակարաններն (բնակելի տներն) են: Բացի այդ, մոտ 70 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն դատական գործընթացից հետո: Արդյունքում` ծրագրի իրականացմամբ կլուծվեն ծրագրի չափանիշներին համապատասխանող մոտ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել