Է. Նալբանդյան. «Սա ոչ թե լուրջ ցանկություն է, այլ գործընթաց, որը շարունակվում է»
«Կա՞ն երաշխիքներ, որ մենք կգնանք Վիլնյուս, Բրյուսել, կշարունակենք մեր համագործակցությունը: Դուք, մենք ասում ենք մեր ցանկությունը, որ շարունակելու ենք, արդյո՞ք եվրոպացիները նույնն են ասում: Լիտվայի եւ Հայաստանի արտգործնախարարության կայքէջերում իրարամերժ տեղեկություն է տարածվել: Կա՞ն երաշխիքներ, որ մենք կարձանագրենք որոշակի հաջողություններ»,-Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այս հարցն ուղղեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Վերջինս, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է այն, ինչ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը այդ հանդիպումից հետո, ըստ որի` շարունակելու ենք համագործակցությունը` հիմնվելով այն հաջողությունների, ձեռքբերումների վրա, որոնք կան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջին տարիներին:
«Հստակ է ասված, եթե ինչ-որ մեկը երանգ է դնում դրա մեջ, դա արդեն նրա անձնական մոտեցումն է: Ինչ վերաբերում է ապագա համագործակցությանը, Ֆյուլեի (Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար,- հեղ.) հետ հանդիպումից հետո մեր հաղորդագրության մեջ նշված էր, որ մենք շարունակելու ենք ինտենսիվ խորհրդակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Ձեզ տեղեկացնեմ, որ վաղը չէ մյուս օրը Հայաստանում կայանալու է Արեւելյան գործընկերների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ անցնելու է կրթության նախարարների հանդիպումը, որին ներկա է լինելու Ֆյուլեն, կրթության, մշակույթի եւ երիտասարդական հարցերով հանձնակատարը, եւ այլն: Սա ոչ թե լուրջ ցանկություն է, այլ գործընթաց, որը շարունակվում է»,- ավելացրեց Է. Նալբանդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել