Դուման հատուկ օրենք կընդունի Հայաստանի համար
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այն հարցին, թե այժմ որքան է գազի գինը Հայաստանի համար, եւ այն ինչ կարժենա Մաքսային միությանը միանալուց հետո, նշեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանի սահմանի վրա գազի գինը 1000խմ-ի համար 270 դոլար էր նշված: Երկար բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ այդ 270 դոլարի 30 տոկոսը պետք է սուբսիդավորվի, որպեսզի Հայաստանի բնակչության համար հնարավորինս մեղմ պայմաններ ստեղծվեն, եւ գազի գները հաստատվել են այդ 30 տոկոսը հանած, այսինքն` 189 դոլար:
«Բանակցությունները շարունակվում էին մինչեւ այն պահը, երբ ընդունվեց որոշում, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, եւ հիմա խնդիրը պետք է լուծվի սուբսիդավորման հարցի ներքո: Իհարկե, գործընթաց է պահանջվում, որ Մաքսային միությանը միանալը տեղի ունենա, բայց մինչեւ այդ, մեր պայմանավորվածության համաձայն, հատուկ օրենք կընդունվի Դումայում, որը մեզ հնարավորություն կտա 30 տոկոսով էժան գազ ներկրել Հայաստան: Գազի գները, ինչ որ հաստատված է, մնում է նույնը եւ որեւէ փոփոխության չի ենթարկվելու»,- պատասխանեց նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել