Սփյուռքահայ ներդրողներ. ինչպես թալանել Հարթունյան ընտանիքին
Պետեկամուտների քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը Նարեգին խոստացել է երկու շաբաթից «նստացնել»: Հենց այդպես էլ սպառնացել է. «Սաղիդ էդտեղ նստացնելու եմ»:
Նարեգ Հարթունյանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահն է: Միությունը 2002 թ.-ից գրանցված է Երեւանում` հասարակական կազմակերպության կարգավիճակով: Նպատակը հայ մշակույթին ծառայելն է` տարատեսակ շարունակական ծրագրերի միջոցով: Նարեգ Հարթունյանը 2010 թ. սեպտեմբերից նաեւ դարձել է իր հոր` Գարաբեդ Հարութունյանի` Հայաստանում հիմնադրված «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրենը: Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ:
Իր անձնական միջոցների հաշվին Հարթունյան ընտանիքը բարեգործական ծրագրեր է իրականացնում Երեւանում, Շուշիում եւ Քարվաճառում: Այստեղ նրանք հիմնադրել ու կառուցել են Քնարավան գյուղը եւ այն վերաբնակեցրել: Նորակերտ գյուղի անունը հիշատակում է Քնար Հարութունյանին` ընտանիքի հանգուցյալ մորը: Ծրագրի նպատակը բազմազավակ անօթեւան ընտանիքների համար տներ կառուցելն էր: Ծրագիրը ներառում էր նաեւ դպրոցի եւ բուժկետի կառուցում, որպեսզի շուրջ 15 ընտանիքների համար ապահովվեն կենսական բարենպաստ պայմաններ: Ծրագիրն ամբողջությամբ գործարկվել է 2004 թ. սեպտեմբերին, եւ այդ նպատակով տրամադրվել է մոտ 550.000 ԱՄՆ դոլար: Մինչ օրս Հարթունյան ընտանիքը շարունակում է Քնարավանում բնակություն հաստատած ընտանիքներին բազմատեսակ օգնություն ցուցաբերել` Հայաստանում իրենց ստեղծած Tzar ապրանքանիշը ներկայացնող առեւտրական կազմակերպության միջոցով: Մշակված են նաեւ գյուղը զարգացնելու նոր ծրագրեր, կատարվելու են լրացուցիչ ներդրումներ (տես` www.knaravan.org): Հայաստանում ու Արցախում Հարթունյան ընտանիքի կատարած բարեգործական ներդրումների ողջ ծավալը 2002-2010 թթ. գերազանցել է 3 մլն ԱՄՆ դոլարը:
«Նարեկացի» արվեստի միության Երեւանի մասնաճյուղն իր դռները բացեց 2004 թ. սեպտեմբերի 5-ին, իսկ Շուշիում` 2006 թ. օգոստոսի 31-ին: Վերջինս հիմնադրվել է կիսաքանդ շենքում, որը հիմնովին վերականգնվել է: Երկու կենտրոններում ստեղծվել են բոլոր հնարավորությունները հաշմանդամների համար: Այս տարիների ընթացքում միությունը կազմակերպել է 500-ից ավելի մշակութային միջոցառումներ, իսկ Շուշիում ուսանում են 100-ից ավելի երեխաներ: Այս ամենը կատարվում է լիովին անվճար ու զուտ բարեգործական հիմունքներով: «Նարեկացի» արվեստի միության անձնակազմում աշխատում է 40-ից ավելի արվեստագետ, ուսուցիչ եւ այլ մասնագետներ (տես` www.naregatsi.org): Մինչ օրս «Նարեկացի» արվեստի միության 2 մասնաճյուղերի վրա ծախսվել է ավելի քան 2.000.000 ԱՄՆ դոլար:
Մինչեւ Նարեգի տնօրեն դառնալը «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության գլխավոր տնօրենը Սեւակ Արզարունին էր («Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին), իսկ տնօրենը` Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինս ենթարկվում էր Սեւակ Արծրունուն եւ ինքնուրույն որեւէ որոշում չէր կարող կայացնել: Հարթունյան ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում, եւ Սեւակ Արծրունին ընտանիքի անդամների հետ մտերիմ հարաբերություններ ուներ, այդ իսկ պատճառով ամեն ինչ հանձնված էր նրան:
Նարեգ Հարթունյանի եւ Սեւակ Արծրունու հարաբերությունների հանկարծակի սրումը պատճառ էր դարձել, որ ընկերության պահեստապետը նամակ գրի իրավապահներին` հայտնելով, թե ընկերությունը չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց: Իսկ նամակ գրողը` Գարիկ Բաբայանը, Սեւակ Արծրունու աներձագն է: Նրան Նարեգը ազատել էր աշխատանքից: Գարիկ Բաբայանը Նարեգի հետ ընդհանուր առմամբ աշխատել է 15 օր:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին կայացրել է խուզարկություն կատարելու թույլտվության որոշում: Որոշման մեջ հանդիպում ենք այսպիսի տողերի. «...նախաքննության մարմինը հիմնավորած է համարել, որ ընկերության պահեստից, առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրերի, առանց ապրաքների առաքման գրքերում գրանցվելու, իրացվել է ընկերության կողմից ներմուծված 35 մլն դրամի տարբեր ապրանքներ, որոնք ընկերության առաքիչների կողմից վաճառվել են, եւ վաճառքից գոյացած կանխիկ գումարները հանձնվել են ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանին: Վերջինս Գարիկ Բաբայանին հանձնարարել է հսկիչ դրամարկղային մեքենայով անցկացնել առաքիչների կողմից ստացված 35 մլն դրամի մի մասը, որը կազմել է 21 մլն դրամ, իսկ մնացած 14 մլն դրամը ընկերության դրամարկղ չի մուտքագրվել»:
Քննիչը չի էլ նշել, թե երբ են կատարվել վերոհիշյալ գործարքները: Ով է եղել այդ ժամանակ ընկերության տնօրենը: Եթե քննիչը նշեր գործարքի ժամկետը, որի մասին նշել է պահեստապետը, կպարզեր, որ այն տեղի է ունեցել հենց Սեւակ Արծրունու գլխավոր տնօրեն եղած ժամանակ:
Բայց ամեն ինչ` ըստ հերթականության: Սեւակ Արծրունին Հարթունյան ընտանիքի վստահված անձն է եղել 2003 թ.-ից: Նրանց համար ձեռք է բերել հողամասեր, բնակելի տարածքներ, ինչպես նաեւ` մի կալվածքի բաժնետոմսեր: 2005 թ. Գարաբեդ Հարութունյանի անունով հիմնվեց «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն: 2009 թ. մայիսին նոտարական վավերացմամբ Գարաբեդ Հարութունյանը եւ նրա որդիներ Սարո եւ Նարեգ Հարթունյանները ստորագրել են պարտավորագիր, որով պարտավորվել են ՀՀ-ում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25% -ը տալ Սեւակ Արծրունուն:
2010 թ. սեպտեմբերի 23-ին Սեւակ Արծրունին գրավոր հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի մեջ նա գրել է. «...Նկատի ունենալով Ձեր կողմից իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, Ձեր կողմից հետզհետե շեշտադրվող անվստահության մթնոլորտը, ինչպես նաեւ իմ անձնական կյանքի հետ առնչվող որոշ հանգամանքներ, սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը Ձեր նկատմամբ իմ ունեցած բոլոր պարտավորություններից»:
Նա հրաժարականի մեջ նաեւ նշել է. «Ձեր հիմնարկների արձանագրած մաքուր շահույթի 25% -ը հատկացնելու եք ինձ` որպես շահաբաժին իմ կատարած աշխատանքի»: Ինչի՞ց է առաջացել վերոհիշյալ անվստահությունը: Նարեգը հայտնաբերել էր, որ ընկերությունում բավականին մեծ դրամական միջոցներ են անհետացել եւ բացատրություններ է պահանջել տնօրենից: Սրանից հետո ընկերությունը եւ նրա հիմնադիրները հայտնվել են զանազան պատմությունների մեջ: Դրանք բազմաշերտ են` Նարեգ Հարթունյան-Սեւակ Արծրունի-Վլադիսլավ Մանգասարյան-Պետեկամուտների կոմիտե-ոստիկանության 6-րդ վարչություն-դատարաններ եւ պետական զանազան մարմիններ ու պաշտոնյաներ:
Եւ ահա, Սեւակ Արծրունին հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գարաբեդ Հարութունյանից եւ Նարեգ եւ Սարո Հարթունյաններից պահանջելով բռնագանձել պարտավորագրով նախատեսված 25% շահույթը: Պարտավորագրի մեջ մի ուշագրավ կետ կա, որի մասին արժե հիշատակել: 25%-ից 9-%-ը պետք է տրվի ՀՀ քաղաքացի Արմեն Ազիզյանին:
Ո՞վ է Արմեն Ազիզյանը, որին պետք է վճարի Սեւակ Արծրունին, եւ որի մասին անպայման պետք է նշվեր պարտավորագրի մեջ: Ավելի ուշ կգրենք այս մարդու դերակատարության մասին: Սեւակ Արծրունին Երեւանում շրջում է թիկնապահներով: Իբրեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրեն նա պայմանագիր է կնքել Ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի պետի հետ, իսկ վճարումները կատարել է ընկերությունը:
Շարունակելի
Լուսանկարում՝ Նարեգ Հարթունյան (ձախից) եւ Սևակ Արծրունի
Մեկնաբանություններ (88)
Մեկնաբանել