«Ժողովրդագրական ներկայիս վիճակը ավելի մեծ սպառնալիք է, քան ԼՂ հակամարտության չկարգավորված լինելը»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ ավելի մեծ սպառնալիք մեր անվտանգությանը, քան ժողովրդագրական ներկա միտումներն են, անհնար է պատկերացնել: Պատգամավորի կարծիքով` այն ավելի մեծ սպառնալիք է իր ընթացքի մեջ, քան նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը եւ այն բարդ աշխարհաքաղաքական իրողությունները, որոմ հայտնվել ենք:
Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչպիսին են ժողովրդագրական միտումները Հայաստանում, աշխարհաքաղաքական ինչպիսի բնութագիր ունի ըստ մարզերի, եւ որքան բնակչություն ունի ՀՀ-ն:
Սամվել Ֆարմանյանին նաեւ հետաքրքրում էր նոր ձեւավորված կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած այն դրույթը, որ կառավարությունը իրականացնելու է ժողովրդագրական քաղաքականության ազգային ծրագիր: «Ի՞նչ է արվել այս ուղղությամբ»,- հարցնում է պատգամավորը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով Ս. Ֆարմանյանի հարցին, ասաց, որ գործընկերների հետ քննարկել են այն ձեւաչափը, ըստ որի՝ վարչապետի որոշմամբ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով` միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ազգային ծրագրով:
Նա նշեց, որ դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովի ժամանակ է պատգամավորներին մանրամասն ներկայացրել ժողովրդագրական վիճակը
«Բնականաբար, մենք կդիմենք նաեւ Ազգային ժողովին, մեր գործընկեր պատգամավորներին, ովքեր ցանկություն կունենան մասնակից դառնալ ազգային ծրագրի մշակման աշխատանքներին, սիրով կընդունենք նրանց մասնակցությունը: Հոկտեմբերին Երեւանում նախատեսվում է համապատասխան միջոցառում` միջազգային լավագույն փորձագետների մասնակցությամբ, որը նախ թույլ կտա անդրադարձ կատարել ներկայիս իրավիճակին եւ քննարկել այն հիմնական առաջարկությունները, թե ինչպիսի զարգացումներ, ինչպիսի քայլեր պետք է իրականացնենք, որպեսզի ժողովրդագրական քաղաքականության առումով ապահովենք այն թիրախային ցուցանիշները, որոնք դրված են դեռեւս 2009 թ. կառավարության կողմից հաստատված ռազմավարության ծրագրում»,- նշեց նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել