HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Շունը դու ես, էյ» արտահայտության համար ամբաստանյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացվեց

Բազմաթիվ հայտարարություններ, միջնորդություններ, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ կողմերի միջեւ, ինչպես նաև ոչ պատշաճ որակավորումներ՝ հնչեցրած ամբաստանյալի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից: Ահա թե ինչով աչքի ընկավ սեպտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որն ավարտվեց ամբաստանյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:

Նախորդ երկու նիստերի ժամանակ կողմերին չէր հաջողվել սկսել գործում առկա՝ ավտոլվացման կետից առգրավված տեսաերիզների հետազոտումը: Կողմերը միջնորդել էին, որ տեսաերիզների դիտմանը ներկա լինեն գործով վկաներ Ռոման Ղարաքեշիշյանը, Էդուարդ Խաչատրյանը, Օհաննա Մախսոյանն ու տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը:

Սեպտեմբերի 4-ին կայացած նիստին դատավոր Մարտին Սարոյանը երեք վկաների նկատմամբ բերման որոշում էր կայացրել, իսկ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը խոստացել էր ապահովել վերջինիս ներկայությունը: Սեպտեմբերի 10-ին դատակոչված վկաներից  դատական նիստին ներկայացել էր միայն Անահիտ Իսկանդարյանը: Մյուս երեք վկաների մասով ոստիկանությունն ընդամենը գրություն էր ներակայացրել դատարան:

Ոստիկաններին չէր հաջողվել բերման ենթարկել Ռոման Ղարաքեշիշյանին, քանի որ վերջինս սեպտեմբերի 3-ից հանգստանալու նպատակով մեկնել էր Ծաղկաձոր: Մյուս վկան՝ Էդուրադ Խաչատրյանը պարզվեց այլևս չի աշխատում Գյումրու ավտոլվացման կետում և տեղափոխվել է Երևան, իսկ Օհաննա Մախսոյանի բնակարանի դուռը փակ է եղել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարեց, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն: Ըստ փաստաբանի` բերման ենթարկել չի նշանակում դա անել միան Գյումրիի տարածքում: Մեկ շաբաթը բավարար ժամանակահատված էր, որ ոստիկանությունը կարողանար դատարան գրություն ներկայացնելու փոխարեն վկաներին բերման ենթարկեր հանրապետության երկու այլ քաղաքներից: Դատարանը որոշեց գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտումը եւ տեսաերիզների դիտումը տեղափոխել հաջորդ նիստին:

Սեպտեմբերի 11-ի դատական նիստը սկսվեց ժամը 12-ին եւ անմիջապես էլ ընդմիջվեց կես ժամով, քանի որ ոստիկանությունից համապատասխան գրություն չկար բերման ենթարկված անձանց հայտնաբերման մասին: Ժամը 13:30-ին վերսկսված նիստում հրապարակվեց գրեթե նույնաբովանդակ գրություն՝ վկաներին բերման ենթարկելու անհնարինության վերաբերյալ: Կողմերը որոշեցին նիստը չտապալելու նպատակով՝ հրաժարվել իրենց միջնորդություններից եւ ապացույցների հետազոտումը շարունակել դատարան ներկայացած միակ վկայի մասնակցությամբ:

Դատարանն այս անգամ 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հարկավոր տեխնիկան միացնելու համար: Նիստը սկսվեց ժամը 14-ին: Մի քանի հայտարարություններից ու միջնորդությունից հետո, դատավոր Մարտին Սարոյանն ի վերջո որոշում ընդունեց բացել դատարան բերված 6 փաթեթ իրեղեն ապացույցները: Առաջին երկու փաթեթների պարունակությունը գործի շրջանակներում առգրավված կրիչներ էին, որոնց հիշողության պարունակությունը դիտելու հարցը կրկին մի շարք միջնորդությունների տեղիք տվեց:

Մեղադրող կողմն առաջարկում էր դիտել այն տեսաերիզները, որտեղ ընտրովի, հատվածաբար ձայնագրվել էին կադրեր կրիչներից: Փաստաբան Հունան Բաբայանը առարկելով մեղադրող Արմեն Մարուխյանին. նկատեց, որ տեսաերիզներն իրեղեն ապացույցների ածանցյալներն են: «Որեւէ մեկը չի հրահանգել քննիչին կատարել ընտրողաբար ձայնագրություն: Ինչու պետք է «մայր» ապացույցը թողած մենք հետազոտենք այն, ինչն իր հայեցողությամբ ձայնագրել է քննիչը»,-նկատեց Հունան Բաբայանը: Պաշտպանական կողմին առնվազն տարօրինակ էր թվում մեղադրող կողմի դիրքորոշումը եւ մտավախությունը կրիչների հետազոտման հետ կապված: «Ինչու է մեղադրողը խոչընդոտում, որ հետազոտվի սարքը, -նկատեց Լուսինե Սահակյանը,-եւ հետո, եթե պարզվի, որ տեսաերիզների վրա կա ավելին, կհետազոտենք նաեւ այդ տեսաերիզները»:

Երբ պարզվեց, որ դատարանի աշխատակիցը չի կարողանում միացնել կրիչներից եւ ոչ մեկը, դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց հերթական կեսժամյա ընդմիջումը տեխնիկական խնդիրները վերացնելու համար: Նիստն այս անգամ վերսկսվեց ժամը 16-ին: Երկրորդ կրիչը դրսից հրավիրած մասնագետի օգնությամբ հաջողվեց միացնել էկրանին: Իրեղեն այս ապացույցը առգրավվել էր Ալեք Մանուկյան-21 հասցեում գտնվող գազալցակայանից: Կրիչի հետազոտումը սկսվեց 2012թ.-ի ապրիլի 12-ի առավոտյան ժամը 9-ից 10-ի հատվածներում գրանցված շարժը դիտելով:

Այն պահին, երբ կադրում հայտնվեց ինչ-որ սպիտակ մի մեքենա  ու մեղադրող Արմեն Մարուխյանը հայտարարեց, որ դա սպանված Կարեն Եսայանի մեքենան է, սպանվածի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը հուզվեց: Հետո վկան որոշեց, որ կարող է միջամտել ապացույցի հետազոտման ընթացքին, տեղից բարձրանալով ու մոտենալով էկրանին, մատնացույց անելով շարժվող ինչ-որ մեկին, սկսեց պնդել, թե դա Հակոբ Կարապետյանն է:

Ըստ քրեական գործի` այս վկան է, որ տեսել է, թե ինչպես է Հարություն Սարգսյանը կանգնեցրել ինչ-որ մեքենան: Հակոբ Կարապետյանն այն վկան է, ով տառապում է օլիգոֆրենիայով, եւ պաշտպանական կողմը դատաբժշկական փորձաքննություն է պահանջել այդ փաստն հաստատելու համար:

«Մենք էստեղից չենք տեսնում, թե շարժվող կետը տղամարդ է, թե կին, ինչպես կարող է վկան պնդել, որ դա Հակոբ Կարապետյանն է»,-նկատեց փաստաբան Հունան Բաբայանը: Անահիտ Իսկանդարյանը հայտարարեց, որ ինքը բազմիցս նայել է այդ «դիսկը» եւ անգիր արել: Վկա Հակոբ Կարապետյանին տեսել է դատարանում, եւ երբ հիմա նայում է տեսաերիզը՝ կարող է պնդել, որ էկրանին երեւացողը նա է:

Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին արգելել վկային խանգարել ապացույցի հետազոտման ընթացքը, իսկ նրա ներկայացուցչին ՝Արմեն Մելիքյանին հարցաքննել վկային՝ մի բան, որի իրավունքը վերջինս չուներ, եւ այս փուլում էլ նման բան նախատեսված չէր: Պաշտպանական կողմը միայն դիտումն ավարտելուց հետո էր նախատեսել հարցեր տալ Անահիտ Իսկանդարյանին:

Սկսվեց վիճաբանություն կողմերի միջեւ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտարարեց, թե «Էս վերջերս Լեննականի շները չեն հաչել», սրան ի պատասխան, ամբաստանյալը, դիմելով Արմեն Մելիքյանին, նետեց, թե «շունը դու ես, էյ»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը պահանջեց դատարանից քրեական գործ հարուցել ամբաստանյալի նկատմամբ՝ վիրավորանքի համար, թեպետ առաջինը դատարանի դահլիճում վիրավորանք հնչեցրել էր Արմեն Մելիքյանը:

Փաստաբան Վարդուհի Էլբակյան դատարանից 40 րոպե ուզեց միջնորդության տեքստը ներկայացնելու համար: Այս պահանջը զայրացրեց պաշտպանական կողմին, քանի որ, ըստ Լուսինե Սահակյանի,  հմուտ փաստաբանի համար 2 նախադասություն կազմելու համար բավարար էր եւ 15 րոպեն: Նա նկատեց, որ մեղադրող կողմը արհեստականորեն ձգձգում է նիստը եւ ցանկություն չունի ավարտին հասցնելու կրիչի հետազոտումը:

Դատարանը բավարարեց Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը: Ընդմիջումից վերադառնալով՝ դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ միջնորդությունը կքննարկի հաջորդ նիստին, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter