ԼՂՀ կառավարության նիստում քննարկված հարցերը
Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:
Նիստի սկզբում, համաձայն օրակարգի, գործադիրի քննարկմանն են դրվել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած` մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշումների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը և կներկայացվեն Ազգային ժողով:
Այնուհետև կառավարության անդամները քննարկել և ընդունել են գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի առաջարկած նախագծերը: Մասնավորապես, գյուղնախարարը ներկայացրել է Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման ընթացիկ տարվա ծրագիրը, որը ենթադրում է ութ համայնքների գյուղատնտեսության զարգացում` բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման հեռանկարով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած նախագծի համաձայն` կառավարության համապատասխան որոշումներում նախատեսվող փոփոխությունները վերաբերում էին զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերին և դրանք վճարելու կարգին: Սույն առաջարկը ևս ընդունվել է գործադիրի կողմից:
Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգի և դրանց գրանցամատյանների ձևերի հաստատման վերաբերյալ հաջորդ հարցը, որ կառավարության քննարկմանն է ներկայացրել առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, նույնպես արժանացել է կառավարության հավանությանը:
Նիստում ընդունվել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացրած՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանող կարգը, որով կարգավորվում են «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքով նախատեսվող մի շարք հարաբերություններ:
Կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի ներկայացրած մի քանի նախագծերով գործադիրի նախորդ տարիներին կայացրած որոշումներում նախատեսվող լրացման և փոփոխությունների առաջարկները ևս ընդունվել են կառավարության կողմից։
Գործադիրի նիստում ընդունված` կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի առաջարկած նախագծով կառավարության նախորդ տարվա որոշումներից մեկում կատարվող լրացումները և փոփոխությունները վերաբերում էին «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգում» որոշ լրացումներ և փոփոխություններ կատարելուն: Այս առումով կառավարության ղեկավարը հրահանգել է բնակչության շրջանում տանել նման շինարարությունից խուսափելուն ուղղված համապատասխան բացատրական աշխատանքներ: Նույն գերատեսչության ղեկավարի ներկայացրած մի քանի այլ նախագծերով հաստատվել են կառավարության որոշումներում առաջարկվող լրամշակումները, որոնց համաձայն` գործադիրը փոփոխում է մայրաքաղաքի և շրջանների ենթակայության տակ գտնվող որոշ հողատարածքների նշանակությունը:
Գործադիրի քննարկմանն է ներկայացվել նաև հանրակրթական դպրոցներում նորաստեղծ նախադպրոցական հիմնարկների համար գույք գնելու նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու նախագիծը: Այդ առթիվ վարչապետը անդրադարձել է խնդրո առարկա հարցի շուրջ կառավարությունում իրականացված քննարկումներին, որոնց արդյունքում իր հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը կատարել է համապատասխան ուսումնասիրություններ: Դրանց հիման վրա կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել նախադպրոցական տարիքի երեխաների տեղավորման խնդրի լուծման նպատակով հանրակրթական դպրոցների շենքային պայմաններն օգտագործելու առաջարկությամբ: Փորձը ցույց է տվել, նշել է կառավարության ղեկավարը, որ այս տարբերակի կիրառումը դրական է ազդում նշված հարցի լուծմանը, ուստի նպատակահարմար է այն օգտագործել նաև հանրապետության շրջաններում:
Նիստի ավարտին կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել է հաշվետվություն` ս. թ. օգոստոսի 18-24-ին Իտալիայի Հանրապետություն գործուղվելու մասին: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել