
Հայկ Ալումյան. «Հավատացնում եմ, որ այս գործով լինելու է դատավարություն»
Պրն Ալումյան, մեր օրենսդրությունը նախաքննական մարմնին գործելու լայն իրավասություն է տվել, բայցեւայնպես անըմբռնելի է, թե ինչու՞ մեղադրանք առաջադրելու դեպքում անձին դատարանում պաշտպանվելու իրավունք պետք է տրվի, իսկ արդարացնելը կարող է նաեւ քննիչի ու դատախազի մակարդակով էլ արվել, անըմբռնելի է նախաքննական մարմնին դատարանի լիազորություններով օժտելը:
Մեր օրենսդրությունը լուրջ բաց ունի, եթե մեղադրանքի կողմը որոշում է հանդես գալ մեղադրյալի օգտին, եթե դատախազությունը որոշում է օգնել մեղադրյալին, ապա տուժողի համար արդարադատությունն ավարտվում է դատախազության մակարդակով, ինչը ունենք Բուդաղյանների դեպքում: Տուժող կողմի համար դատարան գոյություն չունի որպես այդպիսին: Ճիշտ է, այս դեպքում ձեւականորեն դատարան գոյություն ունի. տուժողը քննիչի որոշումը կարող է բողոքարկել դատախազին, մերժում ստանալուց հետո` բողոքարկել դատարան:
Թվում է, թե դատարան կա տուժողի համար, բայց իրականում դատավարություն գոյություն չունի, որովհետեւ դատարանը չի կարող իրականացնել գործողություններ, որոնք միտված կլինեն գործի հանգամանքները պարզելուն: Այս դեպքում դատարանը քննիչի գործողությունների օրինականության հիմնավորվածությունն է ստուգում, ընդ որում՝ այն նյութերի հիման վրա, որոնք կան գործում, իսկ եթե քննիչը մի շարք հանգամանքներ կարող էր պարզել, բայց չի պարզել, դատարանը չի կարող սեփական նախաձեռնությամբ պարզաբանել:
Նույնիսկ եթե դատարանը համոզվում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը պետք է վերանայվի, դատարանը նրանց կրկին մեղավոր չի ճանաչելու: Դատախազը եթե բարեխիղճ գտնվի, գործի քննությունը կվերսկսի, բայց կարող են կրկնել նույն սխալը, ու սա կարող է շրջապտույտի վերածվել: Հակառակ դեպքում քննությունը կհայտարարվի ավարտված, եւ այն քայլերը, որոնք մենք ունենք դատարանում, ըստ էության ոչինչ չեն տա, եթե դատախազը շարունակում է համառել:
Այդ մտահոգությունը կար դեռեւս այն ժամանակ, երբ ընդունվում էր Քրեական դատավարության օրենսգիրքը: Իրավաբաններից ոմանք ասում էին, որ տուժողի համար արդարադատությունն ավարտվելու է դատախազության մակարդակով, ընդդիմախոսներն էլ կարծիք էին հայտնում, որ տուժողը միշտ էլ դժգոհ է լինելու, եւ դա չի կարող օրենսգրքի որոշ հոդվածներ վերանայելու հիմք հանդիսանալ: Բուդաղյանների, դրան նախորդած Լեւոն Գուլյանի եւ էլի շատ գործերի պատմությունները, կարծում եմ, պետք է հարկադրեն վերանայելու օրենսդրությունը ոչ միայն այս անպաշտպանվածության դեմն առնելու, այլեւ երկրում արդարադատությունը չարժեզրկելու համար:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը որոշ չափով այս խնդիրը կարգավորում է, այնտեղ եթե մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, ապա տուժող կողմն իր վրա է վերցնում մեղադրողի լիազորությունները եւ ինքն է մեղադրում դատարանում: Ապացույցների ձեռք բերումն ու հետազոտումը շարունակվելու է դատարանում, որպեսզի դա ճակատագրական չդառնա տուժող կողմի համար: Խելամիտ կարգավորումը հետեւյալն է. եթե դատախազությունն ինքը հրաժարվում է մեղադրողի գործառույթից, բայց տուժող կողմը համաձայն չէ, պնդում է, որ կա հանցակազմ, տուժողը պետք է կարողանա ինքը մեղադրողի կարգավիճակում հանդես գալ, եւ գործը, բոլոր դեպքերում, պետք է գնա դատարան:
Ցավոք, ներկայիս գործող օրենքն այդ կարգավորումը չունի: Ճիշտ է, արդար դատաքննության իրավունքը վերաբերում է տուժող կողմին, բայց Եվրոպական կոնվենցիային համապատասխան նաեւ պետությունն է կրում պարտավորություններ՝ ապահովելու պատշաճ որակի, բազմակողմանի քննություն, եթե անձը զրկվել է կյանքից: Տուժող կողմը պետք է ակտիվ դերում լինի, կախված չլինի մեղադրողի կամ դատախազի հայեցողությունից: Պետությունը լուրջ խնդիրներ ունի օրենքի հետ կապված:
Ես կարծում եմ, որ եթե այս գործը ներպետական ատյաններում օրինական ընթացք չստանա, ապա Եվրոպական դատարանում լուրջ խախտումներ կարձանագրվեն: Թեեւ կարծում եմ՝ մեր դեպքում գործը Եվրոպական դատարան չի հասնի: Բուդաղյաններն այսօր հնարավորություն ունեն պայքարելու փաստաբանի միջոցով, եւ լրատվամիջոցներն ու հասարակությունը բավականին ակտիվ են այս դեպքում, դա է մեզ մոտ ստեղծում համոզմունք, որ գործն օրինական լուծում կստանա այստեղ, բայց եթե Բուդաղյանների փոխարեն ավելի անպաշտպան անձ լիներ, այս պահից սկսած շանսեր չէր ունենալու:
Ենթադրում եմ, որ Դուք գործին ամբողջությամբ չեք ծանոթացել, տրամաբանակա՞ն է մինչեւ քրեական գործի քննությունն ավարտելը, գործի վերաբերյալ կողմերի կարծիքներն ու ասելիքը լսելն ու ամբողջացնելը կարեւոր որոշումներ ընդունել, ինչպես արվեց այս դեպքում՝ սպանություն իրականացնողներին ազատ արձակելով:
Գործի նյութերն ինձ չեն տրամադրել, որովհետեւ նախաքննությունը չի ավարտվել: Գործի նյութերն ինձ չտրամադրելը լրջորեն սահմանափակում է որոշումները բողոքարկելու հնարավորությունը, հնարավոր չէ իրավական դաշտում վիճել քննիչի հետ, եթե նա գործի բոլոր նյութերն ունի, իսկ դու՝ ոչ, դու ունես միայն փորձագետների եզրակացությունը եւ քո վստահորդների ցուցմունքները: Սա հավասար պայքար չի լինի, նրանք ձգձգում են գործի նյութերի տրամադրումը, «ոչ» չեն ասել, բայց ասուլիսներ են տալիս:
Այն մասին, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Իրենց տարածած հաղորդագրությունից 12 ժամ հետո են ինձ որոշման օրինակները տրամադրվել: Իմ կարծիքով, այս ամբողջը մի ընդհանուր պրոբլեմի հերթական դրսեւորումն է, իսկ ընդհանուր պրոբլեմն այն է, որ դատախազությունն այս գործով հանդես է գալիս որպես Խաչատրյանների պաշտպան: Նախաքննությունն իրենք երեւի ավարտված են համարում, բայց ես այդպես չեմ համարում: Այս գործի նախաքննությունը դեռ երկար է տեւելու եւ, հավատացնում եմ, որ այս գործով լինելու է դատավարություն, ինչքան էլ նրանք չեն ուզում: Ռուբեն Սահակյանի հետ բանավեճը լինելու է, եւ դա լինելու է դատարանում:
Նախաքննական մարմինն, իրո՞ք, բոլոր գործողություններն ավարտել էր, հնարավոր չէ՞, որ քննչական նոր գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն ծագեր: Հապշտապ չէ՞ր սպանություն կատարողներին ազատ արձակելու նրանց որոշումը:
Գործի ընթացքից կարող եմ ասել, որ գործողություններն ավարտված չեն: Տարածված տեսանյութի մեջ կա կրակոց, որը հարվածում է ասֆալտին եւ թռչում է վերեւ, այդ կադրի հետքը մինչեւ հիմա չեն գտել, 3 հետք նման էր, սակայն փորձագետն ասաց, որ դա հետք չի: Դա եթե հետք չի, ուրեմն կարելի է փնտրել եւ գտնել այդ կրակոցի հետքը: Այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, Էմիլ Բուդաղյանը մի շատ կարեւոր հանգամանք նշեց Ավետիքի հետ կապված, թե նա ինչպես է տանը ներկայացրել դեպքը, ինչպես է ներկայացրել Ս. Խաչատրյանի մեքենայի մեջ տեղի ունեցածը:
Այդ ցուցմունքը կարող էր ստուգվել Ավետիք Բուդաղյանի կնոջ միջոցով: Այսինքն, Ա. Բուդաղյանի կինն ուներ տեղեկություններ, որովհետեւ նա կնոջը որոշ բաներ ասել էր դեպքի հետ կապված: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ կնոջը որոշ բաներ պատմել է, բայց չհարցաքննեցին կնոջը: Արտակ Բուդաղյանը դեռ պետք է առերեսվեր մի քանիսի հետ, մի օր 5 ժամ քննչական գործողություններ կատարվեցին, մեկի հետ առերեսեցին, նա ջերմություն ուներ եւ ասաց, որ այս վիճակում չի ուզում առերեսվել, դրանից հետո այլեւս առերեսում չարվեց: Այնինչ, մեղադրյալների ցուցմունքները հակասում էին Ա. Բուդաղյանի ցուցմունքներին, որի դեպքում առերեսումն անհրաժեշտություն է: Գործին երբ ամբողջական ծանոթանամ, կարող եմ ասել, թե էլ ինչ պետք է անեին, որ չեն արել:
Նախաքննությունը պարզե՞լ է գործի նախապատմոթյունը` որտեղի՞ց է սկիզբ առել այս ամենը, եւ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ ողբերգական դեպքը: Արդյոք միայն դեպքի տեսագրությունը բավարա՞ր է կատարվածին գնահատական տալու համար:
Նախաքննությունը պարտակել է իրական պատմությունը, բայց մենք պարզել ենք: Սուրիկ Խաչատրյանն այնքան է համոզել Ավետիքին, որ նա անհարմար է զգացել ու նստել է նրա մեքենան: Ավետիքին իջեցրել են Գորիսի մատույցներում, եւ մեքենայի ընթացքը այդ օբկյեկտից մինչեւ Գորիսի մատույցներ տեւել է մի քանի րոպե: Ստացվում է, որ նստեցնելուց հետո միանգամից վեճը ստեղծել են ու խփել Ավետիքին: Քննիչը որոշման մեջ նշել է, որ Սուրիկ Խաչատրյանն այդ մեքենայի մեջ քնած է եղել, վեճն առաջացել է նրա թիկնապահ Զարզանդի ու Ավետիքի միջեւ, Զարզանդն Ավետիքին խփել է, իսկ Ս. Խաչատրյանն այդ ընթացքում քնած է եղել: Ճանապարհին մեքենան կանգնել է, Ավետիքին իջեցրել են, իսկ Սուրիկ Խաչատրյանը չի արթնացել:
Ես համոզված եմ, որ այս գործը դատարան գնալու է, եւ ճշմարտությունը բացահայտվելու է, ես դրանում վստահ եմ: Հույս ունեմ, որ եթե հետո ապացուցենք, որ այստեղ իրականում կատարվածը սպանություն է, չէ՞ որ դա պարզվելու է, այդ ժամանակ կպարզվի, որ իրականում այսօր գործ ունենք պարտակման հետ: Այսինքն՝ քննչական մարմինը եւ դատախազությունն առանձնապես ծանր հանցագործություն են պարտակել: Ես հույս ունեմ, որ պարտակողներն էլ են քրեական պատասխանատվության ենթարկվելու, ու ես ամեն ինչ կանեմ այդ ուղղությամբ, որ հաջողության հասնեմ:
Հիմա դուք ու՞մ եք ներկայացնում այս գործով` մեղադրյալնե՞ր Բուդաղյաններին, թե՞ տուժող Բուդաղյաններին: Տուժող Ավետիք Բուդաղյանին հետմահու ամենածանր հոդվածներն են առաջադրված, ինչպիսի՞ն է լինելու այս գործի շարունակությունը:
Մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանն եմ, տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչը: Հիմա ասում են, որ Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանության փորձ) եւ 112 հոդվածով (ծանր մարմնական վնասվածք հասցնել) նախատեսված հանցագործություններ է կատարել, սակայն քրեական հետապնդում չի իրականացվում, որովհետեւ նա մահացած է:
Ձեր կարծիքով, ինչու՞ այդ ամենը չեն ցանկանում հիմնավորել դատարանում, ինչու՞ են այս գործով «ասուլիսային արդարադատություն» իրականացնում:
Զինդատախազությունն այդպես որոշեց, ցանկացան հասարակական կարծիքը քիչ-քիչ նախապատրաստել այն որոշմանը, որը կայացրին: Մի քանի օր նրանց պետք էր հասկանալու համար, թե ինչպես պետք է կոծկեն այս գործը, կողմնորոշվեն, հրահանգներ ստանան: Սա կազմակերպված գործողություն էր, սկզբում դեպքի խեղաթյուրված տեսաերիզը տարածեցին, մի օր հետո էլ հայտարարություն արեցին:
Դատախազությունն ընդհանրապես նման լիազորություն չուներ, բայց իր գործողություններով դրեց այն հիմքը, թե որ ուղղությամբ պետք է ընթանար նախաքննությունը: Զինդատախազն իր ելույթի ժամանակ չուներ այն ապացույցները, որոնք այսօր դրված են քննիչի կայացրած որոշման հիմքում, ինչպե՞ս եղավ, որ վերջում այդպես ստացվեց: Մեզ բոլորիս քիչ-քիչ նախապատրաստեց այդ մտքին, որ այս գործով պետք է այսպիսի որոշում կայացվի:
Նրանց համար միակ խոչընդոտը հասարակական կարծիքն է, այդ էր պատճառը, որ նրանց ձերբակալեցին, իսկ հետո քիչ-քիչ նախապատրաստեցին այս որոշմանը: Սակայն, նրանց սպասվում են մի քանի անակնկալներ, որոնք հազիվ թե նրանց մեծ բավականություն պատճառեն: Հավատացնում եմ, որ այս գործն այստեղ է լուծվելու եւ օրինական լուծում է ստանալու:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել