Ընդդիմադիր և իշխանամետ երիտասարդների քննարկում` ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են տարբեր քաղաքական ուժերի (այդ թվում՝ ընդդիմադիր) երիտասարդներ, Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն անցկացնում են «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը։
Այդ ընթացքում ԲՀԿ երիտասարդների միության, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թևի, Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական միության, ՕԵԿ երիտասարդական միության, ՀՌԱԿ «Արմենակ Եկարյան» ակումբի, «Հայազն» կուսակցության երիտասարդական կառույցի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և այլ քաղաքական ուժերի ու ակտիվ երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ քննարկել են Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները: Հատկապես ուշադրության կենտրոնում են վերջին շրջանում արձանագրված թանկացումները (այդ թվում՝ կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, ուսման վարձերի և այլն), ինչպես նաև՝ քաղաքական և քաղաքացիական պայքարի ձևերը։
«Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Ասրյանը, խոսելով համաժողովի կարևորության մասին, ասաց. «Առաջին անգամ մեր իրականության մեջ մեկ հարկի տակ հավաքվեցին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` ընդդիմադիր և իշխանական: Փորձում ենք եզրեր գտնել` արդյոք քաղաքականացված երիտասարդությունը և քաղաքացիական հասարակությունը կարող են համագործակցել»:
Համաժողովի քննարկումների առաջին փուլում արծարծվել է համագործակցության հարցը, երկրորդ հատվածում` երթուղայինների ուղեվարձի, ուսման վարձավճարների, գազի գնի թանկացման հետ կապված խնդիրներ: Վահագն Ասրյանը նշեց. «Ուրախալին այն էր, որ իշխանական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները կարծում են, որ այդ պայքարի հաղթանակը նաև իշխանության հաղթանակն էր: Մի կողմ թողնենք իշխանություն-ընդդիմություն հարցերը, սա մեր ազգային խնդիրն է»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Տարոն Պարսամյանն էլ նշեց. «Համաժողովն արդյունավետ էր: Սա նման ձևաչափով քննարկումների կազմակերպման առաջին փորձը չէ: Ես ինքս էլ այսպիսի միջոցառումների շնորհիվ շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ու եթե նախկինում քննարկումներն ընթանում էին հուզական մակարդակում, ապա այժմ ավելի սթափ մթնոլորտում»:
Նշենք նաև, որ յուրաքաչյուր կուսակցության երիտասարդական թև քննարկումներից հետո կներկայացնի իր առաջարկությունները, որոնց հիման վրա մեկ ընդհանուր փաստաթուղթ կմշակվի: Այն կստորագրվի համաժողովի վերջին օրը` սեպտեմբերի 14-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել