Ո՞րն է սահմանը...
Եվրոպական արժեքներին դավանելու իր հավատամքը Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու միջոցով «ապացուցած» մեծ ու փոքր տրամաչափի հանրապետականներն ընդամենը մեկ կապակցված բացատրություն են տալիս Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ: Այն է` ունենք Ղարաբաղ, որը վտանգելու իրավունք չունենք: Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր կայացրած որոշումը համարեց ռացիոնալ և Հայաստանի շահերից բխող: Ստացվում է, որ մինչ այդ անշեղ իրականացվող եվրաինտեգրման քաղաքականությունը իռացիոնալ որոշումների արդյունք էր, որը չէր բխում Հայաստանի շահերից: Ստացվում է նաև, որ մինչ այդ Եվրամիության հետ ասոցացման ձգտումներով Հայաստանը վնասում էր Ղարաբաղին և ղարաբաղյան հարցի կարգավորմանը, հետևաբար երեք տարուց ավելի իշխանությունները պարզ ու վտանգավոր մոլորության մեջ էին:
Այս գաղափարը ներկայումս կամա թե ակամա տիրաժավորում են Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը: Որովհետև նրանցից և ոչ մեկն առ այսօր Սերժ Սարգսյանի կայացրած որոշմանը հստակ գնահատական չի տվել: Բոլորը ձեռքերը լվացել են, պատասխանատվությունն ամբողջությամբ թողել են բացառապես նրա վրա ու կողքից հետևում են, թե այս ամենի վերջն ինչպես է լինելու թե՛ Հայաստանի և թե՛ անձամբ Սերժ Սարգսյանի համար, ինչպես են այս երկուսը կատարվածի տակից դուրս գալու: Բայց ամենակարևորը` ռուսական ուղղության ընտրությունը, թե՛ տնտեսական և թե՛ ղարաբաղյան գործոններով պայմանավորված, նրանցից ոչ ոք կասկածի տակ չի դնում, թեև բոլորն էլ հասկանում ու ընդունում են, որ այս որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է Կրեմլի և անձամբ նախագահ Պուտինի ճնշումների ներքո: Այսպիսով, բոլոր այս ուժերն արդարացնում են մեկ այլ երկրի ճնշումների ներքո Հայաստանի ղեկավարի կողմից որոշումներ կայացնելու իրողությունը:
Մաքսային միությունը Հայաստանի ինքնակամ, սուվերեն ընտրությունը չէ: Եվրամիության և Մաքսային միության տարբերությունը հենց այն է, որ առաջինին երկրները ձգտում են միանալ կամովին, իսկ երկրորդին` ստիպողաբար` ինչ-որ զոհողությունների գնալով: Հայաստանի պարագայում մատուցված այդ զոհը ինքնիշխանության մի մասն է ու պետական արժանապատվությունը: Որևէ միության միանալիս երկրները մասամբ, իհարկե, կորցնում են իրենց անկախության մի մասը: Այս մասով Հայաստանի զոհողությունն արտառոց չէ: Ամբողջ հարցն այն է, թե նման որոշում կայացրած երկրներն ի՞նչ են ստանում դրա փոխարեն: Ստացածի ու հանձնածի հարաբերակցությունից էլ հասկանալի է դառնում` պետությունը շահե՞լ է այդ ընտրությունը կատարելիս, թե՞ ոչ:
Ի՞նչ է շահում Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշմամբ և իր ինքնիշխանությունը և պետական արժանապատվությունը մասամբ զոհաբերելու փոխարեն: Որևէ տնտեսագետ, քաղաքագետ առ այսօր չի կարողանում վերլուծել, թե տնտեսական և քաղաքական այդ ի՞նչ առավելություններ է տալիս ՄՄ-ն, որը չէր կարող տալ ԵՄ-ն, ինչու՞ է առաջինը նախընտրելի երկրորդից: Միակ կետը, որտեղ բոլորը շեշտում են ՄՄ-ի առավելությունը, ԼՂ-ի գործոնն է. ԵՄ-ն չի կարող երաշխավորել Ղարաբաղի անվտանգությունը: Սակայն ի՞նչ է առաջարկում այս առումով Ռուսաստանը: Ըստ էության, ոչինչ:
Մոսկվան Ղարաբաղը Հայաստանին նվիրաբերելու խոստում չի տալիս ու չի էլ կարող տալ, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և որպես միջնորդ նվիրաբերման միակողմանի որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Առավելևս, որ Ադրբեջանին էլ զիջել պարտադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ու ո՛չ էլ բարոյահոգեբանական լծակներ ունի: Մոսկվան առհասարակ որևէ խոստում Հայաստանին չի տալիս: Այն ոչ միայն չի ուզում ներել Հայաստանին տրամադրված ու չափազանց ծանր` 500 մլն դոլարի ծանր վարկը, չի ուզում վերանայել Հայաստան մատակարարվող գազի գինը, այլև հրաժարվում է մեր երկրում նոր ատոմակայան կառուցելու և դրանում ներդրումներ կատարելու իր նախնական խոստումներից և առաջարկում ընդամենը երկարաձգել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը և ներդրումներ կատարել իր կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային համակարգում:
Առավելագույնը, ինչ ԼՂ հարցում Հայաստանին խոստանում է Մոսկվան, փաստացի ներկայիս ստատուս քվոյի շարունակումն է և գուցե այլևս Ադրբեջանին ոչ թե 4 մլրդ դոլարի, այլ դրանից մի փոքր քիչ ծավալի ռազմական տեխնիկա վաճառելու խոստումը: Ավելին, եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, անհասկանալի է լինելու, թե ինչպես է արտաքին շուկաներ հասնելու ԼՂՀ-ի արտադրանքը, որովհետև այս տարածաշրջանում ՄՄ-ի սահմանն անցնելու է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև: Եթե առաջնորդվենք ՀՀԿ-ի բերած ղարաբաղյան անվտանգության «երկաթյա» տրամաբանությամբ, ստացվում է, որ Հայաստանը ՄՄ-ին միանում է ընդամենը Ղարաբաղի ստատուս քվոն Ադրբեջանի օգտին չփոխելու Ռուսաստանի խոստման դիմաց: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ՀՀԿ-ի այս կուռ տրամաբանությունը զարգացնող քաղաքական ուժերը վավերացնում են շանտաժի միջոցով երկրին այս կամ այն քայլին դրդելու՝ ռուսական քաղաքականությունը:
Մինչդեռ այստեղ մի շատ պարզ ու բնական հարց է առաջանում՝ մինչև ու՞ր կարող է հասնել ռուսական շանտաժը, և մինչև ի՞նչ աստիճանի զիջումներն են արդարացվելու Ղարաբաղի գործոնով: Օրինակ՝ եթե մի օր Պուտինն իր աշխատասենյակ կանչի Սերժ Սարգսյանին ու Ղարաբաղը Ադրբեջանին չհանձնելու դիմաց «եղբայրաբար առաջարկի» նրան Հայաստանը մտցնել լավագույն դեպքում ՌԴ-ի կազմի մեջ Կալմիկիայի կամ Դաղստանի, կամ էլ` Կրասնոդարի մարզի կարգավիճակում (որովհետև պրակտիկորեն չի բացառվում, որ կարող է նաև առաջարկել այն մտցնել Կալմիկիայի կազմ), արդյոք կայացվելու՞ է այդ որոշումը, և նորից դա պայմանավորվելու՞ է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու հանգամանքով:
Այսպիսով, արհեստականորեն Հայաստանի ինքնիշխանությունը հակադրության մեջ է դրվում Ղարաբաղի լինել-չլինելու հետ: Եվ չի բացառվում, որ պրոցեսն այս տրամաբանությամբ զարգացնելու դեպքում մի օր էլ կարող է «կամ-կամ» ընտրության հարց դրվել՝ կամ Հայաստանի անկախությունը, կամ Ղարաբաղի լինել-չլինելը: Պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը նման հեռանկարի: Եվ եթե ներկայիս որոշումները համարվում են ռացիոնալ, ապա այդ դեպքում ո՞ր որոշումն է լինելու ավելի ռացիոնալը՝ կորցնել Հայաստանի անկախությունը Ղարաբաղի դիմա՞ց, թե՞ Ղարաբաղը` Հայաստանի անկախության դիմաց:
Եվ այստեղ խնդիրն ուղղակիորեն սկսում է առնչվել «Հայաստանի շահ» կոչված երևույթին: Ո՞րն է այդ շահը, ո՞վ է այն ձևակերպել, ինչպե՞ս է ձևակերպվել, դրանում ինչքանո՞վ նույնական կամ զուգահեռ են Հայաստանի և Ղարաբաղի շահերը, որո՞նք են այն սահմանային կետերը, որոնցից անդին քայլերը, զիջումները համարվելու են Հայաստանի շահերին հակասող: Եթե հիմք ենք ընդունում տարիներ առաջ ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա այնտեղ որևէ խոսք չկա Մաքսային միությանը, հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանը, էլ չենք խոսում, օրինակ, Շանհայան համագործակցության կազմակերպությանը միանալու, արտաքին դիվանագիտության մեջ կտրուկ շրջադարձեր կատարելու մասին: Դա նշանակում է, որ կամ արվող քայլերն են հակասում Հայաստանի ազգային անվտանգությանը, կամ այդ ռազմավարությունն այնքան է հնացել, որ այլևս անիմաստ է դրանով առաջնորդվելը, և հենց այդ փաստաթուղթն է հակասում Հայաստանի շահերին: Մինչդեռ պետական իշխանությունն այդպես էլ չի բացատրում, թե դրանցից որի՞ հետ գործ ունենք:
Սա ներկայում ամենակարևոր պահն է, որովհետև հասարակությունը պետք է հասկանա` ինչո՞վ է առաջնորդվում այս պետությունը. առանձին անձերի կողմից պահի տակ կամ բոլորի համար անակնկալ կայացվող որոշումներո՞վ, թե՞ ազգային ու պետական շահերն իր մեջ կրող դոկտրինով, որից շեղումներն անթույլատրելի են և աններելի: Երբ չի տրվում այս հարցի պատասխանը, ի հայտ է գալիս պատասխանատվության ճգնաժամի հարցը: Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի, Մոսկվայում կայացված որոշման համար. Սերժ Սարգսյա՞նը, ով Հայաստանի անունից ՄՄ-ին միանալու մտադրության մասին հայտարարություն արեց, թե՞ Հայաստանի ժողովուրդն ու քաղաքացիները, որոնք փետրվարի 19-ին նրան նախագահ ընտրեցին և դրանով տվեցին նման որոշումներ կայացնելու մանդատ:
Բայց պատասխանատվության խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում: Այն հարցը, թե ինչի՞ արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը, ոչ ոք այս օրերին չի քննարկում ընդհանրապես: Չի քննարկվում այն հարցը, թե ո՞վ է պատասխանատու Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն այս աստիճանի խորացնելու համար, որի պատճառով այսօր գործնականում զրկվել ենք առանցքային հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից:
Հասկանալի է, որ ցանկացած քայլ կամ որոշում պետք է բխի առկա իրողություններից, այլ ոչ թե ցանկություններից: Եվ այս պահին էլ Սերժ Սարգսյանը հենց դրանով էլ առաջնորդվել է: Դրանով են առաջնորդվում նաև նրա կատարած ընտրությանը մատների արանքով նայող քաղաքական ուժերը: Սակայն այդ իրողությունները և դրանց առաջացման պատճառները համառորեն շրջանցելու, չտեսնելու տալու հանգամանքը փակ շրջանի էֆեկտով միշտ նույն ու շատ ավելի ծանր իրավիճակների է բերելու: Արվելու են քայլեր, գործողություններ, կայացվելու են որոշումներ, և հասարակությունը միշտ ստիպված է լինելու առաջնորդվել ստեղծված նոր, գուցե շատ ավելի նվաստացուցիչ իրողություններով` առանց նման պրակտիկան վերացնելու, այդ սխալները թույլ տվողներին հեռացնելու պահանջ ձևակերպելու:
Գուցե սեպտեմբերի 3-ին դրսից նման ապտակ ստանա՞լը սթափեցնի` այս հարցերին ավելի լուրջ նայելու...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել