Խաչվերացի տոնը նշվել է Ջավախքի եկեղեցիներում
Այսօր Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց Խաչվերացի տոնը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավարներից ամենավերջինը: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:
Խաչվերաց տոնը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում օրը կրկնակի տոնական էր: Երևանաբնակ, սակայն ծագումով ջավախքահայ Ծատուրյան եղբայրների կողմից նվիրաբերվեց Սբ խորանի արծաթյա խաչ: Ինչպես նաև Սբ խաչ եկեղեցուն նվիրաբերվեց Վիլսոն եղբոր կողմից՝ Քրիստոսի խաչելության յուղաներկ սրբապատկերը:
Հավարտ Սուրբ և Անմահ պատարագի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը քարոզի խոսք ուղղեց նվիրված Սուրբ Խաչի տոնին և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցու նվիրատուներին: Սուրբ և Անմահ պատարագի ավարտին եկեղեցական սովուրույթի համաձայն հոգևոր դասի առաջնորդությամբ հավատավոր ժողովուրդը մասնակցեց եկեղեցու բակում տեղի ունեցող խաչի թափորին: Հանդիսապետ հոգևորականը թափորի ընթացքում ներկաներին ցողեց օրհնված ջրով:
Նշենք, որ 610 թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614 թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում, շատերն էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբում Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:
628 թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավուրությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել