HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Դպրոցները բողոքում են ԿՏԱԿ-ի ինտերնետից. մեդալի մյուս երեսը

Թեպետ, ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), Հայաստանի 1420 ուսումնական հաստատությունների համակարգչային սենյակներն 98 տոկոսով ապահովված են ինտերնետով, սակայն շատ դեպքերում, հատկապես Երևանից դուրս՝  մարզային տարբեր համայքների դպրոցներում, մեղմ ասած, անմխիթար վիճակ է: Շատ տեղերում կարելի է տեսնել հոյակապ կահավորված ու նոր համակարգիչներով դասարաններ, որտեղ, սակայն իներնետին միացված է մեկ համակարգիչ, որոշ տեղերում ցանցը գործում է, սակայն դա ինտերնետ կոչելը մեղմասացություն է: Բոլոր հարցերին ի պատասխան՝ տնօրենները հղում են անում ԿՏԱԿ-ին. «ԿՏԱԿ-ի տված ինտերնետն է, ինչ տալիս են, այն էլ ունենք»:

«Հետքը» այս խնդրի մասին զրուցել է ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանի և ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ Վահե Երիցյանի հետ: Զրույցի ընթացքում շատ հետաքրքիր մանրամասներ պարզվեց, օրինակ` այն, որ դպրոցներից մուտք են գործում պոռնո կայքեր: Ավելի՛ն: Դա անում է հենց ինքը՝ տնօրենը:

– Դանդաղ ինտերնետի պարագայում դպրոցները միշտ բողոքում են, թե դա կապված է ԿՏԱԿ-ի հետ ու իրենք դրա հետ կապ չունեն:

Արմեն Կուլախսզյան (Ա.Կ.) – Նախ ցանցը աշխատող տեխնիկական համակարգ է, որը շարժման մեջ է և ամեն ինչ էլ կարող է պատահել: Եղանակային պայմանները մեծ ազդեցություն ունեն: Եթե ձմռանը ինչ-որ լեռնային շրջանում տեղակայված որևէ հանգույցում խնդիր առաջանա, դա կնշանակի, որ ամբողջ ձմեռ այդ հանգույցը հնարավոր չի լինելու գործարկել մինչև ամառ, որովհետև, որպես կանոն, հանգույցները գտնվում են շատ բարձր տեղերում, ասենք Հարդենի լեռան վրա:

Կամ, եթե Գորիսում ուժեղ քամու հետևանքով վնասվի ալեհավաքը, մի շարք դպրոցներ, որոնք ինտերնետով ապահովվում են այդ հանգույցից, ինտերնետ կամ չեն ունենա, կամ եղածը եղածի հաշիվ չի լինի:

Ամեն դեպքում մենք այդ խնդիրը լուծելու համար ունենք այլընտրանքային ճանապարհներ, որոնք սկսել են կիրառվել այս տարվա փետրվար ամսից: Ցանցը սպասարկող կազմակերպությունն իր նախաձեռնությամբ բոլոր 1420 ուսումնական հաստատություններին անխտիր բաժանել է 3G մոդեմներ, որպեսզի ինչ-որ խնդիր լինելու պարագայում նրանք աշխարհի հետ կապ ունենան:

-Իսկ որքա՞ն է առավելագույն արագությունը:

Ա.Կ.-  Մենք բոլոր դպրոցներին տալիս ենք կապ կենտրոնական հանգույցի հետ, որն ունի 151 մբ/վ արագություն դեպի ելք:

Վահե Երիցյան (Վ.Ե)- Ի դեպ, այդ 151 մեգաբիթը, որով մենք հաղորդակցվում ենք համաշխարհային ցանցին՝ շատ լուրջ մեծ թիվ է, ու ես կասկածում եմ, որ Հայաստանում մոտ 10 կազմակերպություն լինի, որ այդ քանակի ինտերնետ սպառի: Դա շատ մեծ արագություն է, ու դեռևս չի եղել այնպիսի դեպք, որ այդ արագությունն ամբողջովին լցվի, այսինքն` ցանցը կախվի:

Ա.Կ.-  Ցանցը սպասարկող կազմակերպությունը պարտավորված է ապահովել 3 մբ/վ արագությամբ ինտերնետ: Դպրոցների 98 տոկոսը հիմնական կապով կապված է մեր սերվերին, նրանցից մոտ 90 տոկոսը սպառում է այդ 3 մբ/վ արագությամբ ինտերնետը, իսկ, ընդհանրապես 100-ից 98 ի դեպքում դպրոցներն ունեն առնվազն 512 կբ/վ արագությամբ ինտերնետ:

Իսկ Երևանի համար այս տարվանից սկսել է օպտիկամանրաթելային մալուխային կապով սպասարկելու գործըթնացը, որը Երևանում վերջացնելուց հետո կընդգրկի այլ քաղաքներ ևս: Այս պահի դրությամբ մեր սերվերի հետ 8 մբ/վ արագությամբ կապ ապահովող ինտերնետն արդեն հասանելի է Երևանի 78 դպրոցի համար:

- Իսկ ինչպես է վիճակը այն  դպրոցներում, որոնք տեղանքի առումով գտնվում են վատ տեսանելիության սահմաններում:

Ա.Կ. - Դրանք թվով 21-են, որոնց դասարանի համար կապը ապահովվում է ռադիոմոդեմներով: Իսկ ընդհանրապես ասած, քանի որ ոչ մի ինտերնետ մատակակար Հայաստանում չունի հասանելիություն երկրի ողջ տարածքում, մրցույթը հաղթող կազմակերպությունը կապուղիներ է վարձակալում այլ ընկերություններից ևս. մենք օգտվում ենք 5 տարբեր ընկերության ծառայություններից, որպեսզի կրթական ցանցը կարողանանք ամբողջությամբ ապահովենք ինտերնետով:

Բացի այդ, մենք ունենք շարժական դասարան, որը բեռնատար մեքենայի թափքում սարքված դասարան է՝ ապահովված 7 համակարգիչներով ու մեծ էկրանով: Այն տարեկան մտնում է 20 գյուղ և ամեն գյուղում 12 օր դաս է տալիս: Մենք այդ դասարանը աշխատում ենք ուղարկել այդ 21 գյուղերը, որտեղ դրա կարիքը ամենաշատը կա:

- Ամեն դեպքում ինտերնետի սպառումը շատ քիչ է, հատկապես մարզերում:

Ա.Կ.  Դպրոցներում ինտերնետի գործածությունը գնալով շատանում է, այսինքն` ամսական 1-10 գիգաբայթ ինտերնետ օգտագործողների թիվը գնալով ավելի ու ավելի շատանում է:

-  Այս ամենն, իսկապես գեղեցիկ է հնչում, ու, բնականաբար, Հայաստանում կան դպրոցներ, որտեղ իսկապես կապը նորմալ է, ու համակարգչային դասարանը ծառայում է իր նպատակներին, սակայն բազմաթիվ են նաև հակառակ դեպքերը, ու տնօրենները ամեն ինչ կապելով ԿՏԱԿ-ի հետ՝ ձեռքերը լվանում են:

Ա.Կ.  Գիտեք, շատ դեպքերում տնօրենի ասածը բոլորովին էլ հիմք չէ: Դեպքեր կան, երբ ինտերնետ կա, բայց օպերատորն ասում է, որ չկա: Օրինակ` տնօրենն ինչ-որ հանձնարարություն է տալիս օպերատորին, իսկ վերջինս, ինչ-ինչ պատճառներով չուզենալով կատարել տնօրենի հանձնարարությունը, ասում է, որ ինտերնետ չունեն:

Մենք դեպք ունենք, երբ տնօրենը կարող է փաստաթուղթ է ստորագրել, որ ստացել է այսինչ սարքավորումը, իսկ մեկ տարի հետո, երբ հարցնում ենք, թե ուր է այդ սարքավորումը, ասում  է, որ այդպիսի սարքավորում չունի և չի ստացել:

- Ամեն դեպքում՝ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցում, փաստացի, ինտերնետ չկա:

Ա.Կ. - Քիչ չեն դեպքերը, երբ զանգում ու ասում են. «Մենք ինտերնետ չունենք»: Գնում և տեսնում ենք, որ մոդեմն ուղղակի հոսանքից անջատված է: Կամ հայտնի քաղաքում (քաղաքի անունը չբարձրաձայնվեց, բայց հասկանալի է, թե որն է հայտնի քաղաքը Երևանից հետո-հեղ.), որտեղ համակարգիչը միացնելուց հետո մեզ հարցրին, թե դա՞ էլ էր պետք միացնել, որպեսզի  ինտերնետ լինի:

Վ.Ե. -Մի դպրոց ենք այցելել, որտեղ ուզում եմ համակարգչային դասարանը ստուգել: Հեռվից հեռու՝ դասարանի կողպեքի վրա դրված փոշուց երևում է, որ այն երկար ժամանակ չի բացվել, թեպետ տնօրենը հավաստիացնում է, որ այդպես չէ: Մեծագույն ջանքերից հետո, երբ սենյակը վերջապես բացում են՝ տեսնում ենք, որ համակարգիչները քանդած ու իրար վրա դարսված են: Տնօրենն ասում է, որ դա հենց նոր է եղել, սակայն փոշու շերտի հաստությունից ակնհայտ է, որ դա նոր չէ:

Ա.Կ. -Տնօրեն կա, որ կարծում է՝ եթե համակարգիչն ստացել ու արկղերի մեջ պահել է, դա լավ է, այսինքն` չի փչացել, ու մեզ ցույց են տալիս հպարտությամբ, թե տեսեք. սրանք փաստեր են, որոնց մենք անձամբ ականատես ենք եղել:

Վ.Ե. -Դեպք է եղել, երբ ինձ ISQ-ով գրել են, թե ինտերնետ չունեն, բայց հարցն այն է, որ մենք սահմանափակել ենք ինչ-որ կայք մտնելու հնարավորությունը, և մարդը, տեսնելով, որ չի կարղանում մուտք գործել իր պրոֆիլ, ISQ-ով գրում է, թե ինտերնետ չունի:

Ա.Կ. -Մեկ այլ դեպք. Երևանին մոտիկ գյուղերից մեկում տեղեկացրել էին, թե ինտերնետ չունեն, և քանի որ դպրոցի տնօրենի փոփոխություն էր եղել, ռադիոմոդեմը չէին գտնում: Դպրոց կատարած այցելության ընթացքում տեսանք, որ դպրոցի տանիքին դրված 2.4 գիգահերցանոց ալեհավաքի մալուխը, որը շատ նման է հեռուստացույցի ալեհավաքի մալուխին, սակայն տարբեր է, միացրել էին հեռուստացույցին: Դրա գլխիկին  բավական թանկ սարքավորում կա, որի միայն տեղադրելն արժե 40000 դրամ: Փաստացի, մարդիկ դա կտրել ու միացրել էին հեռուստացույցին, դեռ մի հատ էլ բողոքում էին, որ հեռուստացույցը լավ չի ցույց տալիս:

-Բայց եթե տնօրենը սրտացավ է…

Ա.Կ. –ԵԹԵ՛ տնօրենը սրտացավ է: Բոլորովին վերջերս եղանք Արարատ գյուղի դպրոցում, որտեղ դասարանում կար մեր ապահոված առավելագույն ինտերնետը: Ինչո՞ւ, որովհետև այդ դպրոցի տնօրենը երիտասարդ գործունյա անձնավորություն էր, և ուրեմն իրենց պետք էր, որ այդ դպրոցում լինի ինտերնետ, որ բոլոր համակարգիչները ֆորմատ արված լինեին ու կարգին վիճակում, իսկ արտոնագրված Windows-ը…

- Դպրոցները նույնիսկ արտոնագրված Windows ունե՞ն:

Ա.Կ.- Ոչ թե նույնիսկ, այլ բոլոր դպրոցներին համակարգիչների թվով տրվել են արտոնագրված Windows –ի բանալիներ՝ սկսած XP, Wista, 7 վերսիաներից: Արտոնագրված է նաև նրանց Micsrosoft Office-ը:

Ուրիշ խոսքով՝ եթե մարդը ուզենա ձիուն տանել ջուր խմելու՝ 100 ձի կտանի՝ կխմեցնի, իսկ եթե մի ձին չի ուզում ջուր խմի՝ 100 մարդով իրեն չեն խմեցնի:  Հիմա, փաստորեն, եթե դպրոցը չի ուզում աշխատել, եթե դպրոցին պետք չէ աշխատել, միակ տարբերակը դպրոցը փոխելն է:

- Իսկ ինչպե՞ս անենք, որ փոխվեն:

Վ.Ե.-  Դա լավ  հարց է: Ես էլ կարող եմ հռետորական հարց տալ. բա ինչպե՞ս անենք, որ տնօրենը պատկերացնի, որ ինտերնետը վատ բան չէ: Հասարակ բան. հանրակրթական դպրոցների ուսուցիչները չեն կարողանում պատկերացնել, որ ինտերնետը շատ օգուտ կարող է լինել, և դա մտածողություն փոխելու խնդիր է. դա կախված է ուզելուց և ժամանակից:

Մենք ինֆորմացիայից այնքան ենք հետ ընկել, որ եթե աշխարհի մի միջին կարգի հայտնի պետության մայրաքաղաք փոխվի կամ վերանա աշխարհի երեսից, մեր աշխարհագրության ուսուցիչներն այդ մասին կիմանան միայն այն ժամանակ, երբ այդ մասին տպագրվի դասագրքերում և դրվի իրենց դիմաց:

Դուրս գալով այս խոսակցության կոնտեքստից` ասեմ, որ չկա մի ուսուցիչ, որ չընդունի, որ երեխաները փոխվել են: Բոլորն ընդունում են, որ երեխաներն այլևս չեն ուզում սովորել առաջվա մեթոդներով և հակված են դեպի մեդիան և IT-ն, բայց այդքանն ընդունելով հանդերձ, նրանք որևէ ցանկություն չունեն «աբդեյթ» լինելու: Ես կարող եմ գրազ գալ, որ ուսուցիչների 80 տոկոսը իրենց աշակերտներից ավելքի քիչ են տիրապետում ՏՀՏ-ին:

-  Ինֆորմատիկայի ուսուցիչները ևս՞:

Վ.Ե.-  Ինֆորմատիկայի ուսուցիչները մի քիչ ավելի շատ գիտեն, քանի որ համակարգչային ծրագրերը ամեն տարի փոխվում են, ու նրանք պարտավոր են քիչ թե շատ հետևել դրանց:

- Այո՛, դրա համար էլ երեխաների համար էլեկտրոնային հասցե բացում են mail.ru-ի տիրույթում:

Վ.Ե.- Դպրոցներ կան, որ մինչև հիմա մեր հետ նույն mail.ru-ի հասցեներով են հաղորդակցվում, մինչդեռ նրանց բոլորին schoօl.am-ի տիրույթում մեյլ է տրված: Նրանց ասված է, որ, օրինակ, X դպրոցի պաշտոնական հասցեն պետք է լինի [email protected], բայց ես դեպք ունեմ, երբ տնօրենից պաշտոնական նամակ եմ ստացել՝ dikaia[email protected] հասցեից, ինչի՞ մասին է խոսքը:

Բացի դրանից կենտրոնական հանգույցը հնարավորություն է տալիս տարբեր խմբերին  կենտրոնացված նամակներ ուղարկելու, ասենք` բոլոր մարզերին, առանձին խմբերին կամ էլ բոլորին: Ու այդպես աշխատելն ավելի հեշտ է: Սակայն դպրոցներն իրենց պաշտոնական հասցեն շատ դեպքերում օգտագործում են շաբաթը մեկ անգամ բացել-փակելով, շատ դեպքերում էլ՝ ընդհանրապես չբացելով:

Նրանք նաև չեն օգտագործում ու այդպես էլ չթարմացրեցին Project Harmony-ի ժամանակով ստեղծված կայքերը: Նրանք բոլորն էլ ունեն իրենց username, password-ները և ցանկության դեպքում մենք կարող ենք վերականգնել:

Ա.Կ.- Այդ կայքերը 99 տոկոսով չեն թարմացվել, ու այն ժամանակ ստեղծված ռեսուրսներից մոտավորապես 5-6 դպրոց է եղել, որ շարունակել է կայք թարմացնել: Նրանք պատճառաբանում էին, որ Project Harmony-ին փող էր տալիս՝ թարմացնում էինք, հիմա չեն տալիս՝ չենք թարմացնում:

- Իսկ հիմա ինչպիսին է վիճակագրությունը այդ հարցում:

Վ.Ե.- Այժմ մոտ 20-22 դպրոցներ քիչ թե շատ թարմացվող կայքեր ունեն, բայց այդ դպրոցների դասատուն, ըստ իր վարձատրության ու ժամաքանակի, չի տարբերվում մեկ այլ դպրոցի ուսուցչից, այսինքն եթե մեկն անում է, մյուսը՝ ոչ, ուրեմն դա արդեն անձնական հարց է: Մարդիկ ուղղակի մտածում են, թե ՏՀՏ կիրառելը ավելորդ բեռ է. «Այ մարդ, էս ինչ են ասում, շուտ անենք, պրծնենք»: Մինչդեռ գրագետ լինելու պարագայում հենց իրենց գործը կհեշտանա:

-  Եվ այն դպրոցներում, որտեղ դրա կարևորությունը չի գիտակցվում, փաստորեն, վատ է համակարգիչների և համապատասխան սարքավորումների տեխնիկական վիճակը:  

Վ.Ե.-  Օրինակ` վատ ինտերնետ լինելու պատճառը մեծապես կապված է դրա հետ: Որովհետև, եթե կապը կա, մոդեմը կա, անտենան կա, բայց ինտերնետը դանդաղ է, դա նշանակում է, որ համակարգչի մեջ մի բան այն  չէ,  օրինակ` վիրուս կա, որը ժամանակ առ ժամանակ վիրուսային պակետներ է թողարկում և դանդաղեցնում է արագությունը:

Ա.Կ.  -Այս տարի վիճակը ավելի է բարելավվել, քանի որ ցանցը սպասարկող տեխնիկների քանակը, մեր տեխնիկական բնութագրին համապատասխան, շատացրել ենք. ամեն դպրոց՝ ամիսը երկու անգամ առանց որևէ պատճառի տեխնիկը պարտավորված է այցելելու, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակ է: Բացի այդ երկու անգամից՝ նրանք էլի հրատապ հարցերի դեպքում գնում են դպրոցներ:

Վ.Ե.-  Դեպք է եղել, որ տեխնիկին կանչել են նրա համար, որ երեխաները Windows-ի վրա ծածկագիր են դրել ու համակարգիչը չեն կարողացել միացնել: Բայց հազար հարց կարող է լինել, հո տեխնիկը ամեն րոպե չի՞ կարող գնալ այնտեղ: Ու եթե դպրոցում համակարգչից հասկացող մարդ չկա, արդեն երրորդ օրը համակարգիչը կարող է հասնել այնպիսի վիճակի, որ ֆորմատ անելու կարիք լինի:  Օրինակ` Լոռու մարզի Ահնիձոր գյուղում չի կարող լավ վիճակ լինել, որովհետև այնտեղ համակարգչից հասկացող մարդ չկա: Ու երբ ինչ-որ անելանելի վիճակ է ստեղծվում, տնօրենը համակարգիչը վերցնում ու իր մեքենայով տանում է Ալավերդի՝ ֆորմատ անելու:

- Բայց համակարգչային դասարանը սպասարկող օպերատորը, ենթադրվում է, որ պետք է հասկանա նման հարցերից, այնպես չէ՞:

Վ.Ե.- Այո, բայց խնդիրն այն է,  որ տնօրենները չեն գիտակցում համակարգչային օպերատորի դերը: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ շատ դպրոցներում այդ հաստիքը դիտարկվում է որպես անկարևոր աշխատանք և պատշաճ ուշադրության չի արժանանում: Դրա համար, իհարկե, կա նաև օբյեկտիվ պատճառ.  հատկացված ժամերը քիչ են, և տնօրենը նորմալ մասնագետ ընտրելու հնարավորություն չունի: Քանի որ դպրոցներում տեխնիկական ու մանկավարժական հաստիքների աշխատավարձերը շատ կտրուկ տարբերվում են, տնօրենը չի կարող այդ աշխատավարձով լավ մասնագետ ունենալ, շատ ժամանակ նա առանձնապես ջանք չի էլ թափում լավ մասնագետ գտնելու համար՝ մտածելով, որ 20 հազար դրամի համար այդքանն էլ բավական է:  

Ա.Կ.  – Բերեմ մեկ այլ ցավալի փաստարկում. հենց որ այդ մասնագետները փոքր-ինչ գլուխ են հանում գործից ու ինչ-որ բան են սովորում՝ դուրս են գալիս դպրոցից ու գնում մեկ այլ հիմնարկ, որտեղ աշխատավարձը ավելի բարձր է: Մեկ այլ օբյեկտիվ պատճառ ևս. սենյակը սպասարկող օպերատորների և ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում, դժբախտաբար, սկսած 2009թ.-ից չի եղել:

Վ.Ե.- Իմ կարծիքով դպրոցները շատ լուրջ վերապատրաստման կարիք ունեն, ու դա պետք է լինի ոչ թե մեկ անգամ, այլ դա պիտի լինի շարունակական:

– Իսկ ԿՏԱԿ-ը մոնիտորինգ անո՞ւմ է, թե ինչպիսի կայքեր են այցելում դպրոցները և կա՞ն արդյոք ֆիլտրեր:

Ա.Կ. - Բնականաբար: Դասապրոցեսի ընթացքում ժամը 10.00-14.00, Facebook, Мой Мир, Одноклассники և այլ  սոցիալական ցանցերը փակված են դպրոցների համար, իսկ դրանից հետո բացվում է, քանի որ, հատկապես գյուղական վայրերում, դպրոցը, հնարավոր է միակ տեղն է, որտեղ ինտերնետ կա ու այն ծառայում է որպես համայնքային կենտրոն:

Բացի այդ, մենք մի գործիք ունենք, որի անունը կատակով դրել ենք «չաքուջ» և դրանով ֆիլտրացնում ենք սեռական սանձարձակություն (պոռնո կայքեր) և բռնություն քարոզող սայթերը:

– Այսինքն պարզել եք, որ դրա անհրաժեշտությունը կա՞:

Ա.Կ.-  Դա եկել է դեռևս Project Harmony-ի ժամանակներից, և քանի որ մենք պարտավորություն ունեինք ոչ մի քայլ հետ՝ դա պահեցինք, բայց հետո գիտակցեցինք, որ դա նույնիսկ շատ պետք էր: Սակայն այդ տիպի կայքերը շատ են և ամեն օր հայտնվում են: Եթե մի օրվա մեջ  ֆիլտրում 10 հատ այդ տիպի կայքեր ավելացնենք, ապա նույն օրը 100 այդ տիպի կայք կարող է բացվել. դրա հետևից շատ դժվար է հասցնել, եթե ուուցիչը չի հետևում աշակերտին:  

- Եթե իհարկե ուսուցիչը ինքը չի այցելում նմանատիպ կայքեր:

Ա.Կ.-  Դա էլ է լինում: Մեր շատ սիրելի քաղաքներից մեկում, երբ մի դպրոցում գնացել էինք ստուգման, մեկ ուրիշ դպրոցի տնօրեն, որն այնտեղ էր՝ ասաց, որ ինտերնետ չունեն: Ու քանի որ մեր հետ համապատասխան մասնագետ կար, որոշեցինք այցելել նաև այդ դպրոց, իսկ նա չգիտեր, որ գնալու ենք: Մենք դպրոց մտանք իր հետևից, միացրեցինք համակարգիչն ու ամենավերջին այցելությունների ցանկում այդպիսի կայքերի ցուցակ էր: Մարդն ասում էր՝ ինտերնետ չունի, բայց  նայում է այդպիսի կայքեր:

Հ.Գ.Հայաստանի կրթական ցանցն ստեղծվել է 2003-2007 թթ. Project Harmony կազմակերպության կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած միջոցներով: Նրանց ստեղծած 324 դպրոցների ցանցին 2008թ. ավելացվել է ևս 320 դպրոց՝ ՀԲ ֆինանսավորմամբ՝ Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) պատվերով: 2010թ.-ից՝ արդեն պետբյուջեի հաշվին, ընդգրկվել են ևս 300 դպրոց՝ դա արժեցել է 137մլն դրամ: Մնացած 459 դպրոցները ինտերնետիֆիկացվել են ևս ԾԻԳ-ի կողմից՝ ՀԲ ֆինասավորմամբ և 2012թ  հանձնվել են ԿՏԱԿ-ին:

Բոլոր 1421 դպրոցները ներառող կրթական ցանցը շնչող վիճակում պահելու համար մեկ դպրոցի համար միջինում ամսական ծախսվում է 40 հազար դրամ: Երևանում դա կարող է լինել 4000 դրամ, մեկ այլ տեղ՝ 100 000: Տարեկան դա կազմում է մոտավորապես 680 մլն դրամ:

Լուսանկարը` Արմեն Կուլախսզյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Համակարգչային սենյակներից շատերում համակարգչային գույքը տնօրենները,օպերատորները փոխում են տան իրենց ունեցածի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter