
Հնդկական կինոյի երգերը Պարոնյանի բեմից
Երբ Պարոնյանի թատրոնի բեմից հնչեցին հնդկական երգի հնչյունները, հայ հանդիսատեսը միանգամից էյֆորիայի մեջ ընկավ՝ հիշելով սովետական ոչ վաղ անցյալում մեծ ժողովրդականություն վայելող հնդկական կինոյի երգերը:
Հնդկական կինոարտադրության՝ Բոլիվուդի 100-ամյակի կապակցությամբ և հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը երեկ կազմակերպել էր համերգ՝ Բոլիվուդ գրուպի «Sugar N’ Spice» երգի և պարի խմբի համերգային ներկայացմամբ: Բոլիվուդը հայտնի է իր գունագեղ և ֆանտաստիկ ներկայացումներով՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ:
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ կինոարտադրությունը Հնդկաստանին բերել է միլիարդավոր դոլարների եկամուտ և այդ գործում մեծ դերակատարում ունի Բոլիվուդը:
Բոլիվուդն առաջացել է Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված անվանմամբ: Բոլիվուդյան ֆիլմերն ունեն մի քանի բնորոշող առանձնահակտություններ, որոնցից մեկն էլ այն է, որ ֆիլմում մեծ տեղ է հատկացվում մյուզիքլին: Սյուժեներում հիմնականում գերակշռում է չարի դեմ բարու պայքարը՝ այդ թվում սիրո, մայրության և այլ ենթատեքստերով:
70-80-ականների սերունդը լավ կհիշի, թե ինչպես էր ժամանակին «հալումաշ» լինում հնդկական կինոյի աստղ Ռաջ Կապուրի համար ու «Թափառաշրջիկից» հնչող երգերը չէին իջնում երիտասարդների շուրթերից:
Պարոնյանի բեմից հայ հին ու նոր հանդիսատեսը՝ տարիների հեռվից լսում էր այդ երգերը՝ նոր կատարմամբ: Իսկ երբ «Դիսկո պարողը» ֆիլմից հնչեց «I am a disco dancer»-ը՝ հանդիսատեսի հուզմունքը հասավ պիկի: Դա այն ֆիլմն էր, որ Սովետական Հայասատան էր մտել 80-ականների վերջին և որի տոմսը գնելու համար երկար ու անվերջանալի հերթեր էին գոյանում Մոսկվա և Ռոսիա կինոթատրոնների տոմսարկղերի առջև:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ հայ-հնդկական հարաբերությունները շատ խորն են և միտված են առավել խորանալուն: «Այդ հարաբերությունների շրջանակներում մենք նախատեսում ենք Կալկաթայում բացել հայ անտիկ գրքերի ցուցահանդես»,- ասաց նա:
Համերգի երգիչներից Միքի Նեռուլան «Հետք»-ին ասաց, որ տպավորված է թե Երևանից, թե մարդկանցից: «Թեպետ շատ բան չեմ հասցրել տեսնել, սակայն ինչ-որ տեսել եմ՝ տպավորված եմ և կցանկանայի համագործակցել հայերի հետ»,- նշեց նա:
Միքիի երաժշտությունը մոդեռն և հնդկական երաժշտության միքս էր: «Ես հնդկական ռագաները մատուցում եմ նոր մեկնաբանությամբ»,- ասում է նա:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, որը հոգում էր հրավիրված արտիստների կեցության ծախսերը: Դեսպան Սուրեշ Բաբուն հայ արտիստներին հրավիրեց Հնդկաստան՝ փոխադարձ այցելության:
Մեկնաբանել