HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայության խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը

2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը:

Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ:

Մասնավորապես, լուծման են սպասում հետևյալ հիմնական հարցերը.

  • Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,
  • Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը. 
  • Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.
  • Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.
  • Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,
  • Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:

Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդման առումով նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռևս 2006-ին վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան:

Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան  Սաակաշվիլիի-Մերաբիշվիլիի ռեժիմի հանցավոր քաղաքականության դրսևորումներին Սամցխե-Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, ինչպես նաև անդրադառնան հայաբնակ շրջաններում և Վրաստանի այլ տարածքներում արդարության վերականգնման, օրենքի գերակայության ևւ ժողովրդավարության լիարժեք հաստատման խնդրին:

 

Վահագն Չախալյան,  

17.09.2013թ., Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter