
Հնդկահայ վաճառականների ծաղկումն ու անկումը բրիտանական ազդեցության ներքո
Հավանաբար շատերը գիտեն, որ Հնդկաստանում՝ Մադրասում և Կալկաթայում, ժամանակին եղել են մեծ հայկական հարուստ համայնքներ: Սակայն քչերն են տեղյակ, որ այդ համայնքներն առաջացել են հայ վաճառականների ծաղկուն գործունեության արդյունքում, որը հետագայում բրիտանական ազդեցությամբ մեծ անկում ապրեց՝ հանգեցնելով այդ համայնքների ոչնչացմանը:
Պատմաբան, միջազգայնագետ Ալինա Սալնազարյանը, ով ուսումնասիրում է հնդկահայ վաճառականության պատմությունը, «Հետքին» ասում է, որ Հայոց պատմության դասագրքերը 7-րդ դասարանից սկսած լի են կոտորածի, ջարդերի և այլ արյունալի անցքերի մասին ժամանակագրութամբ, մինչդեռ ոչ մի անդրադարձ չի արվում այն բանին, որ հայերը համաշխարհային կապիտալի գոյացման գործում ունեցել են նշանակալից ներդրում:
«Նրանք տիրապետում էին հսկայական տնտեսական միջոցների և ունեին նշանակալի քաղաքական ու ֆինանսական ազդեցություն,- ասում է նա,- իրենց եռանդուն գործունեությամբ հայ խոջաներն այնքան կարևոր դիրք են գրավել Հնդկաստանի առևտրի մեջ, որ երկար ժամանակ նրանք հանդիսանում էին այդ առևտրի գլխավոր տերերը և մենաշնորհ են ունեցել համեմունքների, բեհեզի և թանկարժեք քարերի առևտրի համար»:
Բավական է հիշատակել հենց միայն Պոլ Չաթերին, ով Հնդկաստանում եղել է առևտրականների կողմից հիմնադրված HSBC բանկի հիմնադիրներից մեկը և բանկում ունեցած նրա ներդրումները կազմել են երիտասարդ բանկի կապիտալի 1/11 մասը, որը այժմ բանկի արժեթղթերի 1.4-1.5 տոկոս բաժնեմասն է: Հնդկաստանը գաղութացնող Անգլիայի արխիվները լի են հայերի մասին փաստաթղթերով: Դրանք բոլորովին վերջերս սկսել է ուսումնասիրել բրիտանուհի Լիզ Չաթերը, ով հայտնաբերել էր, որ հայկական արմատներ ունի:
Երբ Սովետական Միության և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ կային, ինֆորմացիայից հեռու՝ երկաթե վարագույրի ներսում՝ Սովետական Հայաստանում, լեգենդներ էին շրջում հնդկահայ մի մեծահարուստի մասին, ում Ինդիրա Գանդին «չի թույլատրել հարստությունը տեղափոխել Հայաստան»: Այդ մասին միշտ պատմում էր հայրս: Իսկ խոսքը վերաբերում էր հենց Պոլ Չաթերին, ով հայ եկեղեցուն նվիրաբերել էր 525 ֆունտ ստեռլինգ, ինչը ժամանակի ընթացքում բազմապատկվելով վերածվում է հսկայական ֆինանսական միջոցների, որով էլ մինչ այժմ պահվում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը: Իսկ ինչ վերաբերվում էր «թույլատրելուն»՝ Հնդկաստանի օրենքների համաձայն՝ տեղում արված ներդրումները թեպետ համարվում են մարդու սեփականությունը, սակայն արգելվում է այն վաճառել ու գումարը տեղափոխել երկրից դուրս:
Սալնազարյանի կարծիքով՝ հայ կապիտալի պատմությունը առանձնակի չի կարևորվել, քանի որ պետականություն չի եղել ու այն կապվել է գաղթօջախների պատմության հետ՝ հընթացս ձևավորվելով թյուր և բացասական կարծիք՝ կապված հայ վաճառականի կերպարի և ընդհանրապես հայի առևտրական ոգու մասին:
«Մինչդեռ Հնդկաստանում հայ վաճառականները առևտրական գերազանցության են հասել իրենց պարկեշտության և անխոնջ աշխատանքի շնորհիվ,- ասում է նա,- չունենալով պետականություն՝ հայ վաճառականները լայնածավալ առևտուր են արել՝ հենվելով բացառապես վստահության գործոնի վրա»:
Հայ առևտրական կապիտալը Հայաստանում ձևավորվել է 16-րդ դարում, մասնավորապես, Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախ ափի մեջ ընկած տարածքում տեղակայված գյուղերի և ավանների մեջ: 17-րդ դարի սկզբին Պարսից արքա Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի արդյունքում հայ առևտրական կապիտալը հաստատվել է Սպահանում՝ ձևավորելով Նոր Ջուղայի հայ գաղութը:
Ջուղայեցի վաճառականների համար առավել ձգողական ուղություն է եղել Հնդկաստանը, քանի որ այնտեղից շատ հարստություն էր հնարավոր արտահանել: Տևական ժամանակ նրանք եղել են Հնդկաստանի և Արևմուտքի միջև առևտրի գլխավոր միջնորդներ և մեծ պահանջարկ ունեցող հնդկական ապրանքներով ողողել են եվրոպական շուկաները:
Նրանք տարածվել են Չինաստանով դեպի Ինդոնեզիա և այդ ժամանակաշրջանում ձևավորվել է առևտրական ցանց, որոնք միմյանց հետ կապի մեջ են Նոր Ջուղայի միջոցով: «Օրինակ Նոր Ջուղայում գիտեին, թե Հնդկաստանի կամ Չինաստանի այսինչ կետում գտնվող հայը ինչով էր զբաղվում»,- ասում է Սալնազարյանը:
Հայ վաճառականները ակտիվ համագործակցել են նաև Հնդկաստան մուտք գործած եվրոպացիների հետ, քանզի քաջատեղյակ էին Հնդկաստանի առևտրական անցուդարձին և վայելում էին տեղական իշխանությունների հարգանքը: Հատկապես հայ վաճառականության հետ համագործակցությունը կարևորվել է անգլիացիների կողմից, քանի որ, Սալզանդարյանի խոսքով, հայերը Դելիի այն հպատակներից էին, որոնց նկատմամբ կառավարության կողմից կար մեծ հարգանք և հովանավորություն. «Նրանք դրան արժանացել էին իրենց ազնվության և անկողմնակալության համար»:
Հայ վաճառականության կյանքում շրջադարձային երևույթ է եղել անգլիական Արևելահնդկական ընկերության հետ կնքած 1688 թ. հունիսի 22-ի պայմանագիրը, որը հնարավորություն էր տալիս հայերին առևտուր անել անգլիական նավերով և ձեռք բերել որոշակի առևտրական և քաղաքացիական իրավունքներ և մենաշնորհներ: Անգլիացիների հետ համագործակցությունը, սակայն, մյուս կողմից վերջ դրեց հայ վաճառականների ծաղկմանը:
Սկզբնապես այս դաշնակցությունը հայերի համար շահավետ էր նրանով, որ նախ Վասկո դա Գամայի կողմից Աֆրիկան շրջանցելով դեպի Հնդկաստան ծովային ճանապարհի հայտնագործումից հետո ծովային առևտրի զարգացումը (նպաստեց ցամաքային առևտրի նվազմանը, քանի որ այն ավելի արդյունավետ էր և միևնույն ժամանակ ցամաքային փոխադրումները դժվարացել էին Պարսկաստանի ներքին խռովությունների և գահակալական կռիվների, զանազան արշավանքների պատճառով:)մեծ վնասներ էր հասցնում հայերին՝ նավերը թալանելու և այլ պատճառներով, մյուս կողմից էլ՝ ցամաքային փոխադրումները դժվարացել էին Պարսկաստանի ներքին խռովությունների և գահակալական կռիվների, զանազան արշավանքների պատճառով:
19-րդ դարում հայ բնակչության աճ և կենտրոնացում եղել է Կալկաթայում ու Մադրասում, և հնդկահայ ազգային և մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացված էր այդ քաղաքներում:
Հայ առևտրական ցանցը դադարեց գործել 18-րդ դարի երկրորդ կեսից՝ կապված Անգլիայի կողմից Հնդկաստանի ամբողջական գաղութացման և հայ վաճառականության հետ համագործակցության դադարեցման հետ, որը հանգեցրեց հայ վաճառականության մասնակի անկմանը: Այդ մասին Սալզանդարյանը նոր հոդված է պատրաստում, որը կներկայացնի այդ թեմայով մոտակա գիտաժողովին:
«Բայց չնայած հայերին իրենց առևտրից դուրս մղելու անգլիական քաղաքականությանը՝ հայ վաճառականության մի մասը կարողանում է իր կապիտալը ներդնել արդյունաբերության մեջ և գրեթե մինչև 20-րդ դարերի կեսերը դեռ ակտիվ դեր խաղալ Հնդկաստանի տնտեսական կյանքում»,- ասում է Սալնազարյանը:
Սակայն գրեթե բոլոր առևտրական կենտրոններում բազմամարդ և կազմակերպված համայնքներ ունեցող հայ ժողովուրդը սկսում է լքել Հնդկաստանի սահմանները և ամենուրեք հայերի թիվը սկսում է նվազել:
Ալինա Սալնազարյանը հնդկահայ վաճառականության պատմության մասին երկու լայնարձակ զեկուցումներ է կարդացել «Ծովի մշակույթը մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում» և «Հայաստանի քաղաքակրթական ավանդը մետաքսի ճանապարհի պատմության մեջ» գիտաժողովներում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել