
ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումը կամ նոր մեծ խա՞ղ Ղարաբաղի շուրջ
Ամերիկյան ABC news-ի Ջորջ Ստեֆանոպուլոսին տված հայտնի հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմանալիորեն բաց ու հանգիստ տոնով մի քանի շատ հետաքրքիր հայտարարություններ արեց, որը նույնիսկ սենսացիոն կարելի է անվանել:
Նախ պրեզիդենտ Օբաման խոստովանեց, որ անձնապես ուղիղ (նամակագրական) կապի մեջ է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ այս պահին հիմնականում Սիրիայի խնդրի հետ կապված, որի նպատակը Սիրիայի հիմնախնդրի լուծման գործընթացին Իրանին ներգրավելու հնարավորությունն է: Այսպիսով, ԱՄՆ նախագահը պարզ կերպով հասկացրեց, որ Իրանի հետ բանակցությունները սկսվում են:
ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների տաքացումը մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա` Արցախը ներառյալ: Բայց սրա մասին քիչ հետո:
Վերոհիշյալ հարցազրույցի մյուս ուշագրավ հայտարարությունն այն էր, որ Բարաք Օբաման չափից ավելի բաց կերպով հայտարարեց, որ ինքն ու Պուտինը ոչ մի ընդհանուր բան չունեն, ինչ վերաբերում է արժեքներին կամ քաղաքականությանը: ԱՄՆ նախագահը շատ պարզ և ուղղակի կերպով հասկացրեց, որ ինքը` ԱՄՆ-ն, Ռուսաստանին միայն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար, երբ նպատակահարմար է գտնում, ինչպես Սիրիայի դեպքում էր, երբ Բաշար Ալ-Ասադը պաշտոնապես ու առաջին անգամ խոստովանեց, որ Սիրիան բիոլոգիական զենք ունի: Հարցազրույցում Օբաման Ռուսաստանին փաստորեն ասաց, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տաքացում (reset) իրենից Պուտինը/Ռուսաստանը թող չսպասի ու որ ԱՄՆ-ն Ռուսաստանին որպես հավասար գործընկերոջ չի տեսնում: Սա պիտի որ սառը ցնցուղ լիներ Կրեմլում՝ Սիրիայի «փրկության» ռուսաստանյան պլանի ցնծությունից անդին:
ԱՄՆ-ում շատ լավ են, իհարկե, հասկանում Ռուսաստան-Իրան հարաբերություններում եղած կնճռոտ կողմերը. S-300 համակարգերի չմատակարարում, էներգետիկ և գեոպոլիտիկ մրցակցություն և այլն: ԱՄՆ-Իրան հարաբերությունների տաքացումը միանշանակ նշանակելու է Ռուսաստան-Իրան հարաբերությունների սառեցում. առնվազն հաշվարկված հովացում, հատկապես` Իրանի կողմից :
Վերոհիշյալը, անկասկած, փոխելու է նաև խաղը Ղարաբաղի շուրջ: Նախ՝ ռուս-թուրքական պլանով ռուսական (ապագայում նաև հնարավոր սիմվոլիկ թուրքական) «խաղաղապահ» զորքեր ԼՂՀ մտցնելը շատ դժվար է դառնալու, քանի որ սրա համար ռուս-թուրքական դաշինքին պետք կլինի կառավարելի պատերազմ Ղարաբաղի շուրջ, որը հատկապես ԱՄՆ-ին (ու Իրանին), նոր հարաբերությունների համատեքստում այլևս շահավետ չի լինի:
Տեսականորեն չի բացառվում ամերիկա (-իրանական) խաղաղապահների տեղակայում ԼՂՀ-ում, բայց սրա դիմաց և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը Հայաստանին պիտի լավ ձևով սիրաշահեն, որը, հավանաբար, կլինի ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կամ վերջինիս մի (զգալի) մասը ՀՀ-ի տարածք ընդունելը: Իրանը երբեք ռուսական զորք իր հյուսիսային սահմանին/ ԼՂՀ-ում չի ցանկանա, որովհետև դա միանշանակ կնշանակի Իրանի արտաքսում Հարավային Կովկասից, որի տեղը գրավելու է Թուրքիան, որովհետև ռուս-թուրքական դաշինքը միշտ Իրանի շահերի դեմ է (եղել):
Մաքսային միության/ Եվրասիական միության անդամ Հայաստանը Իրանին և ԱՄՆ-ին ձեռք չի տալիս, որովհետև իրենց պետք է, որ Հայաստանը կարողանան օգտագործել ռուս-թուրքական տանդեմի դեմ: ԱՄՆ-Իրան հարաբերություների տաքացման դեպքում հատկապես Իրանին շահավետ է (գոնե կիսով չափ) անկախ-կենսունակ Հայաստան՝ ԵՄ/ՆԱՏՕ-ի կազմում կամ այս 2-ին ինտեգրված: Այս դեպքում Հայաստանում ռուսական բազան Հայաստանի անվտանգության համար կլինի վտանգավոր մի գործիք՝ Ռուսաստանի ձեռքին:
Ռուսական բազան Հայաստանից դուրս հանելու համար ԱՄՆ-ն շատ հավանաբար Թուրքիային կստիպի բացել սահմանը Հայաստանի հետ՝ ԼՂՀ-ի որոշ (փոքր) տարածքներ սիմվոլիկ հետ տալու պայմանով: Այսպիսով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր տաքացման ֆոնին Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու հայտարարությունը/պատրաստակամությունը բավականին թանկ կարող է նստել վերջինիս վրա : Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն Սերժ Սարգսյանին համոզի հետ կանգնել իր որոշումից: Եթե ՀՀ նախագահն, այնուամենայնիվ, պաշտոնապես ստորագրի Մաքսային միություն մտնելու փաստաթուղթ,ապա Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամենայն հավանականությամբ, կլինեն կտրուկ իրադարձություններ:
Վարազ Սյունի, Ամստերդամ, 18.09.2013
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել