Ցմահ բանտարկյալ Արմենակ Մնջոյանի բաց նամակը
«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա». Նժդեհ
Հայաստանի Հանրապետության օրենքով` մինչև 2003թ. գործում էր մահապատժի ինստիտուտը: Սակայն անկախությունից սկսած` հակառակ նրան, որ կայացվեցին թվով 54 մահապատժի դատավճիռներ, այնուամենայնիվ, այն չէր իրականացվում:
90-ականների սկզբին, Հայաստանը գտնվելով քաոսային իրավիճակում և հանցագործությունների կանխման համար չունենալով դասական կանխարգելիչ միջոցներ, իշխանությունը որդեգրեց «տարհամոզման» մեթոդը որպես զսպման միջոց: Ըստ այդ մեթոդի չափազանցված ծանր պատիժները պետք է տարհամոզեին հանցանք կատարելու միտում ունեցողներին, որի արդյունքում կնվազեր հանցագործությունների քանակը: Սակայն այս մեթոդը ոչ միայն արդարացված չէր, այլև որպես պատիժ իր մեջ պարունակում էր օրենքի խախտում, քանի որ որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի նշանակումը անիրավաչափ էր և հակասահմանադրական:
Դատավորներից շատերը մահապատժի վճիռ չէին արձակի, եթե գիտակցեին, որ կառափնարան են ուղարկելու մեղադրյալին: Նրանք հոգեբանական առումով հաճախ չէին կրում պատասխանատվության այն ամբողջական սպեկտորը, երբ ինչպես օրենքն է պահանջում` «Հիմնվելով իրենց խղճի վրա» 15 տարի ազատազրկումը կատարված հանցանքի համար քիչ համարելով և գիտակցելով, որ մահապատիժը չափազանցված պատիժ է, հոգեբանորեն ունակ էին խղճի հանգստությամբ մահապատժի վճիռ արձակել, վստահ լինելով, որ մահապատիժ չէր իրականացվում այլ պարզապես հայտարարվում էր 15 տարի ազատազրկումից ավելի խիստ պատժի որոշում:
Դատավորները գիտակցում էին, որ նույնիսկ իրավունք չունեին մահապատժից բացի այլ պատիժ նշանակել, ամեն անգամ, երբ 15 տարի ազատազրկումը քիչ էին համարելու: Զավեշտը կայանում էր նրանում, որ օրենքը մահապատիժ էր նախատեսում, երբ այն չէր իրականացվում, իսկ եթե մահապատիժն իրականացվեր, ապա այն չէր նշանակվելու այդքան հաճախ: Ըստ էության չի գործել իրավաչափ-ադեկվատ պատժաչափ որոշելու մեխանիզմը, երբ այն զետեղելի է եղել 15 տարվա ազատազրկման ու մահապատժի միջև:
1991թ.-ից սկսած, բոլոր նրանք ովքեր մահապատժի էին դատապարտված, գրեթե համոզված էին, որ մահապատիժը որպես պատժատեսակ շուտով օրենքից հանվելու էր և ըստ օրենքի` մինչև նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը նշանակված բոլոր մահապատիժները ինքնաբերաբար պետք է վերածվեին 15 տարվա ազատազրկման: Քանի որ ցմահ ազատազրկումը նոր պատժատեսակ էր և չէր կարող կիրառվել հետին թվով:
Սակայն Արցախյան ազատամարտի զինադադարից անմիջապես հետո`1994թ.-ից սկիզբ առան քաղաքական դատավարությունները որոնք ձգվեցին մինչև 1998թ.: 1999թ., երբ մահապատժի պաշտոնական վերացման ու նախկին մահապարտների կարգավիճակի հստակեցման մասին սկսվեցին քննարկումները, ԱԺ դահլիճում տեղի ունեցավ «Հոկտեմբեր 27»-ի ողբերգությունը: Այնքան ժամանակ քանի դեռ հոկտեմբեր 27-ի դատավարությունը շարունակվում էր, հանրությունն ընդվզում էր աննախադեպ ոճրագործության դեմ, նախագահ Քոչարյանը չէր կարող վերացնել մահապատիժը, քանզի նրան ամբաստանում էին հոկտեմբեր 27-ը կազմակերպելու մեջ:
2003թ.-ին չնայած 27-ի գործի դատական շարունակականությանը Հայաստանը ենթարկվելով Եվրոպական ճնշումներին ստիպված եղավ մահապատիժը վերացնել ու նոր քրեական օրենսգիրք ընդունել: Սակայն քանի դեռ նախագահ Քոչարյանին մեղադրում էին Հոկտեմբեր 27-ի կազմակերպման գործում, այլևս ոչ մեկ գործ վերանայելու հույս անգամ չէր կարելի փափագել:
18 ապրիլ, 2003թ. նոր քրեական օրենսգրքի հետ ԱԺ-ն ընդունեց «քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքը, որում առկա երկու հոդվածները հակասելով իրար, թույլ չէին տալիս նախկին մահապարտների պատիժը փոխարինել որևէ այլ պատժով: Սույն օրենքի նպատակն էր հոկտեմբեր 27-ի գործով մեղադրվողների դեռ չավարտված դատավարության ավարտին նրանց համար մահապատիժ նշանակելը:
Այն գաղափարը, ըստ որի օրենքը թույլ չի տալւիս 27-ի գործով Նաիրի Հունանյանին 15 տարվա ազատազրկումից ավելի ծանր պատիժ նշանակելը, այնքան էր անընդունելի քաղաքական այրերի մի զգալի մասի համար, որ օրենքի կոպիտ խախտման զոհ էին գնալու 54 մահապարտներից այլևս ողջ մնացած 42 նախկին մահապարտները: Նրանք պատրաստ էին անգամ Նաիրի Հունանյանին գնդակահարելու համար, 42 նախկին մահապարտներին ևս գնդակահարել…
ԱԺ-ն աֆեկտիվ մոտեցումով մեծ «ռիսկի» էր գնում, քանի որ մինչև նոր օրենսգրքի ընդունումը կատարված ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկում վճիռներ արձակելը անհնար էր դառնում: Կամ պիտի մահապատիժները կիրառվեին և կամ առավելագույնը 15 տարի ազատազրկումով բավարարվեին: Նախագահ Քոչարյանը այլևս ստիպված էր դիմելու հերթական անօրինականությանը, այս անգամ էլ փորձելով դուրս գալ ստեղծված քաղաքական ծանր իրավիճակից:
01 օգոստոսի, 2003 թ. նախագահը «ներում» է շնորհում 42 նախկին մահապարտներին`ըստ էության արդեն 15 տարվա ազատազրկվածներին, նրանց վճիռը փոխելով ցմահ ազատազրկման, հակառակ նրան, որ ոչ ԱԺ-ի «Քրեական օրենսգրքի կիրառության մեջ դնելու մասին» օրենքն էր թույլ տալիս նման որոշում կայացնել, ոչ էլ նախագահի գործունեությունը կարգավորող որևէ այլ օրենք: Հիմնական փաստարկներից մեկը նաև այն է, որ ըստ նախորդ օրենքների, նախագահը մահապատժի ներման դեպքում այն կարող էր փոխարինել 15 (կամ 20 տարի, եթե որևէ մեկն ունի մեկից ավելի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ) ազատազրկում պատիժներով:
Իսկ նոր օրենքի համաձայն նա առհասարակ կարող է ներում շնորհել ինչպես կամենա, սակայն մահապատժի նկատմամբ ներման կարգ գոյություն չունի, քանի որ մահապատիժ կոչվող պատիժ գոյություն չունի:
Այսօր արդեն, ամեն անգամ երբ ողջ մնացած արդեն 35 նախկին մահապարտները փորձում են օրենքի մարդկանց բացատրել, թե ինչու մահապատիժները պետք է 15 տարի ազատազրկումով փոխարինվեցին, վերջիններս ի վերջո ընդունում են, որ «այդ քայլը առիթ կհանդիսանա Նաիրի Հունանյանին նույնպես առավելագույնը 15 տարի ազատազրկման պատիժ նշանակելու համար, ինչը քաղաքական առումով անիրագործելի է»:
1991-2003թթ. չափազանցված ծանր դատավճիռներով մահապատժի բռնադատված 54 քաղաքացիները, որոնցից այսօր ողջ են միայն 35-ը, ոչ միայն ենթարկված են պետության կողմից անվերջանալի խոշտանգումների, մեր հասարակության և եվրոպայի լայն բացված աչքերի առաջ, այլև քաղաքական բանտարկյալներ են և քաղաքական վերնախավի ինտրիգների զոհը, քանի որ նրանց նկատմամբ ոչ թե սահմանադրական օրենքներն են գործել և գործում, այլև սահմանադրության հոդվածները խախտող խեղկատակություններն ու իրենց քաղաքական որոշումները:
Արմենակ Մնջոյան, ՀՅԴ Դրո գործով մահվան դատապարտված,15 սեպտեմբեր 2013թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել