
ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը երկու նոր հէկ է կառուցելու
Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորի մարզում երկու նոր հէկ է կառուցելու:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տրամադրած լիցենզիաների` Սերգեյ Բագրատյանի «Խաչքար» հէկը լինելու է Եղեգիս գետի Արտաբույնք վտակի վրա` 1220 կՎտ հզորությամբ: Սերգեյ Բագրատյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Արտաբույք գյուղում կառուցվելիք հէկի լիցենզիայի ժամկետն այս տարի լրանում է, դիմել են ՀԾԿՀ-ին, որպեսզի երկարացնեն այն. «Մենք դեռևս ֆինանսական միջոցներ չունեինք կառուցելու համար, խնդրել ենք, որ երկարացնեն»,- ասաց Ս. Բագրատյանը:
Երկրորդ` «Գնդեվանք» հէկը կառուցվելու է Արփա գետի Անկան վտակի վրա: Ունենալու է 1500 կՎտ հզորություն: Հիշեցնենք, որ այս մեկը Կեչուտի ջրամբար լցվող գետի` Անկանի վրա է կառուցվելու, որի շուրջ բնապահպանները աղմուկ էին բարձրացրել: Սակայն, ըստ Ս. Բագրատյանի, հանրային լսումներն անցկացվել են, ամեն ինչ հարթվել է:
«Բնապահպանական փորձաքննություններն ավարտել ենք, երկուսն էլ դրական է: «Գնդեվանքինը» երկու լսումներ արվեցին, հետո բնապահպաններին հրավիրեցինք, քննարկեցինք, ցույց տվեցինք, որ որևէ բան մենք չենք վնասում»,- մանրամասնեց Սերգեյ Բագրատյանը:
Սերգեյ Բագրատյանը այս հէկերը կառուցում է «ԲիԷսԲի» ՍՊԸ-ով, որում 50 տոկոսի բաժնետեր է: Մնացած 50 տոկոսի բաժնետերը, ինչպես ներկայացրեց Ս.Բագրատյանը, շինարար Թելման Սահակյանն է:
Հիշեցնենք, որ Եղեգիս գետի վրա արդեն իսկ գործում է «ԲիԷսԲԻ» ՍՊԸ-ի առաջին հէկը, որի կառուցումը դեռևս մարզպետ լինելու ժամանակ Ս.Բագրատյանը սկսել էր առանց բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ստանալու: «Հետքի» հրապարակումից հետո մարզպետին տուգանեցին:
Մեկնաբանել