Լոռու դատախազը` մարզի բացահայատված և չբացահայտված հանցագործությունների մասին
«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը
Ինչպե՞ս կբնութագրեք 2013թ.-ի անցած ժամանակաշրջանում Լոռու մարզի օպերատիվ իրավիճակը:
Վիճակը կներկայացնեմ կիսամյակի և դրան հաջորդող մի քանի ամիսների կտրվածքով: Ես կխոսեմ մարզում կատարվող մտահոգիչ հանցատեսակների մասին: Վեց ամսվա դրությամբ մենք սպանության դեպքերի աճ չունեինք, արձանագրվել էր ընդամենը սպանության 1 դեպք, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում միանգամից 3 սպանություն արձանագրվեց` Ստեփանավան քաղաքում: Ստացվեց, որ մեկ ամսվա ընթացքում ավելի շատ սպանություն տեղի ունեցավ, քան տարվա ամբողջ 8 ամիսների ընթացքում:
Երեք սպանություններն էլ կատարվել է դանակահարությամբ: Դանակահարողներից 2-ը կանայք են. դրանք առնչվում են սեռական ինտիմ հարաբերություններին, 3-րդ սպանությամբ որդին տանը դանակի կրծվանդակին հասցրած մեկ հարվածով սպանել էր հարազատ հորը:
Այս տարի մենք հրազենի օգտագործմամբ սպանությունների և մարմնական վնասվածքների դեպքեր չունենք: Բնական է, ատրճանակով, օրը ցերեկով մարդ սպանելը հղի է նաև շրջապատի համար մեծ վտանգներով: Իրավապահների վերջին շրջանում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հավաքվել ազգաբնակչությունից, և դա տվել է իր արդյունքը:
Կենցաղային հողի վրա կատարվող սպանությունները հիմնականում կատարվում են ալկոհոլի ազդեցության տակ: Թմրանյութի ազդեցության տակ սպանության դեպքեր այս պահին չունենք, բայց որպես առանձին հանցատեսակ բավականին դեպքեր ենք հայտնաբերել թմրանյութի օգտագործման և տարածման հետ կապված:
Մարզում բնակարանային գողությունների գրեթե 3 անգամ աճ ենք ունեցել` 2012թ.-ին կատարվել է 19 բնակարանային գողություն, իսկ 2013թ.-ի 6 ամսվա կտրվածքով` արձանագրվել է բնակարանային 56 գողություն: Բնակարանային գողերը հիմնականում որոշակի կատեգորիայի գողեր են, գործում են խմբով, ունեն իրենց աշխատանքի մեխանիզմներն ու մեթոդները, բնականաբար մեկ դեպքով էլ չեն բավարարվում: Բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է 77 տոկոս, այսինքն` 4 դեպքից 3-ը բացահայտվել է: Մեր օպերատիվ ծառայությունները կարողացան բացահայտել մի հանցավոր խումբ, որն ուղղակիորեն մարզում զբաղվում էր բնակարանային գողությամբ: Այս խմբի վնասազերծմամբ բացահայտվեցին բազմաթիվ բնակարանային գողություններ: Ինձ անձամբ շատ մտահոգում է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները: Առաջիկա օրերին սրա հետ կապված աշխատանքային քննարկում ենք նախատեսել: Վեց ամսվա դրությամբ` մարզում անչափահասների կողմից կատարվել են 19 հանցագործություններ:
Այս տարվա ընթացքում մարզի իրավապահների կողմից բացահայտվել է ապօրինի անտառահատումների 50 դեպք:
Հանցագործությունների բացահայտման գործում շատ կարևորվում են կադրերը, ի՞նչ գնահատական կտաք մարզի իրավապահ մարմինների մասնագիտական հմտություններին: Նկատում եմ, որ այն շատ ցածր է: Չե՞ք կարծում, որ իրավապահները զինված չեն նաև նորագույն տեխնոլոգիաներով:
Ես համաձայն եմ Ձեզ հետ: Իրոք, ընդհանուր առմամբ ցածր է իրավապահ համակարգի աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը: Բայց դա չի նշանակում, թե մեզ մոտ չկան լուրջ պրոֆեսիոնալներ: Ուղղակի նրանց տոկոսը քիչ է: Այսօր մենք տեխնիկական միջոցների խնդիրներ էլ ունենք: Դա նույնպես ազդում է նաև մասնագետի աճելու վրա: Սահուն սերնդափոխության խնդիր կա: Շատ կարևոր հարց եք տալիս: Կարևորում եմ կադրերի վերապատրաստման գործը: Իրոք անելիքներ ունենք:
Ինչպե՞ս եք վերաբերվում մասնավորապես նախաքննող մարմիններում աշխատող քննիչների աշխատանքին. չե՞ք կարծում, որ նրանք անկախ չեն իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս:
Ես գտնում եմ, որ քննիչի աշխատանքը մշակույթ է, քննիչն այդ մշակույթի կրողն է: Քննիչի կերպարը պետք է շատ առումներով օրինակելի լինի: Ես ասեցի, քննիչների քիչ մասն է, որ կարող է կոչվել քննիչ, որ արժանի են իրենց կոչմանը: Քննիչը ոչ թե պետք է թղթեր հավաքի և անունը դնի վարույթ, այլ նա հոգով սրտով պետք է բացահայտի իրեն հանձնարարած հանցագործությունը: Դատվարությունը շատ լավ օրենքներ է սահմանել, թե ինչպես պետք է բացահայտել հանցագործությունը, մնացածը ստեղծագործական մոտեցմամբ քննիչը ինքը պետք է որոշի:
Ո՞րն է լրատվամիջոցների հետ աշխատելու Ձեր սկզբունքը:
Ես անձամբ եմ հետևում լրատվամիջոցների հրապարակումներին ամեն օր: Մեր մարզի օպերատիվ կյանքի վերաբերող ոչ մի հրապարակում իմ աչքից չի վրիպում և բոլորին ես ընթացք եմ տալիս: Ձեր թերթի հրապարկուներով այսօր էլ բազմաթիվ քրեական գործեր ենք նախապատրաստում:
Իսկ ինչ փուլում է գտնվում Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեական գործը:
Մոտ օրերս Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվում է: Մենք քրեական գործը արդեն դատարան կուղարկենք: Հայկազ Քոչինյանի դեմ մեղադրանք հարուցված է: Ծանոթ եմ նաև «Հետքի» մեկ այլ` Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի Միքայել Արամյանցի տան հետ կապված հրապարկմանը, ես հանձնարարել եմ նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու համար: Ընթացքի մեջ է: Ես պատրաստ եմ Լոռու մարզում կատարված իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների իրավական մեր գնահատականները պարբերաբար հանրությանը ներկայացնել :
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել