Մեկնարեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի գազի կաթսաների գործարկումը
Այսօր փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյուրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանը, անդրադառնալով այս խնդրին, բնակիչներին տեղեկացրել էր, որ «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից:
«Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության առջեւ տեղադրել` յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք է զգացվում: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց»,- նշել էր նախարարը:
«Արտինժեներինգ» ընկերությանը «Մուշ-2» թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն «Անի» թաղամասի 5 շենքերում:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սամվել Թադեւոսյանը նաեւ շրջայց է կատարել «Մուշ-2» թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները: Շինարարները նախարարին հավաստիացրեցին, որ աշխատանքները կնթանան ժամանակացույցին համապատասխան: Քաղաքաշինության նախարարությանը «Գլենդել հիլզի» ներկայացրած ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ 2013 թվականի տարեվերջ կավարտվեն շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:
Այսօր նախարարը Գյուրիում կայացած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահին զեկուցեց աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել