
Խոշորացման ծրագիրը լավ կլիներ սկսել ոչ թե Գյումրիի, այլ մայր բուհերի միավորումից. Հակոբ Զիլֆիմյան
«Այսօրվա դրությամբ, կապված բուհերի միավորման լուրերի հետ, մեր մասնաճյուղից արդեն վեց ուսանող գնացել է Երեւան,-ասում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը,-սեպտեմբերի 1-ին լսելով էս խնդրի մասին, դիմեցին, որ գործերը տեղափոխեն Մայր բուհ»:
Հակոբ Զիլֆիմյանն ասում է, որ շուրջ հինգ-վեց տարի է` պտտվում են լուրեր, որ Գյումրիում պետք է ստեղծվի Շիրակի համալսարան, ու այդ նպատակով միավորվելու են Մանկավարժական պետական ինստիտուտը, պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկի) համալսարանի մասնաճյուղը և տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը: Այս տարի այդ ամենին գումարվել է Գյումրու Արվեստների ակադեմիայի ստեղծման լուրը՝ Երեւանի գեղարվեստի, Կոնսերվատորիայի , Թատրոնի եւ կինոյի Գյումրու մասնաճյուղերի միավորման գնով:
Հակոբ Զիլֆիմյանն ասում է, որ ինքը տեղյակ չէ` արդյոք այդ ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է, թե ոչ, եւ որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը բուհերի միավորման մասին: «Ի վերջո կրթության քաղաքականությունն իրականացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Իր քաղաքականության շրջանակներում նա կարող է մոտեցումներ դրսեւորել, որը որ կլինի պետական մոտեցում, դրան էլ պարտավոր է ենթարկվել ցանկացած պետական չինովնիկ»,-նկատում է զրուցակիցս:
Դեռեւս 1997թ-ին էր կառավարությունը որոշում ընդունել, որ Երեւանի երեք բուհերը ունենան մասնաճյուղեր Գյումրիում: Որոշումն ընդունվել է, մասնաճյուղերը բացվել, սակայն ընդամենը երկու տարի անց սկսվել են խնդիրներ, որոնք պատկան ատյանները որոշում ընդունելիս նկատի չէին ունեցել:
«Ես այդ ժամանակ Գյումրու կրթության բաժնի պետն էի: 2000թ.-ին ինձ կանչեցին եւ առաջարկեցին զբաղվել շենքի ճակատագրով, որը դարձել էր անկառավարելի այն իմաստով, որ չուներ տեր, չուներ բալանսային արժեք եւ այլն: Երեք- չորս ուսանող ունեցող մասնաճյուղերից ոչ մեկը չուներ կանոնադրություն, չուներ ֆինանսական կարգավիճակ, վարձերը հավաքում` կեսը ծախսում էին տեղում, կեսը տանում էին Երեւանի Մայր բուհ: Շենքում կար 12 հասարակական կազմակերպություն, որոնք պարզապես ապրում էին այստեղ»,-հիշում է Հակոբ Զիլֆիմյանը:
2000թ.-ին, ստեղծված խառնաշփոթից դուրս գալու նպատակով՝ մարզպետ Ֆելիքս Փիրումյանի նախաձեռնությամբ եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ Հակոբ Զիլֆիմյանը ձեռնամուխ է լինում մասնաճյուղերի միավորման գործընթացին: «Մշակեցի մի փաստաթուղթ, ներկայացրեցի կրթության, գիտության նախարարություն, որ արժե ստեղծել Գյումրու արվեստների ակադեմիա: Ասեմ, որ այն ժամանակ համար մեկ պայքարողը Կոնսերվատորիայի ամբողջ անձնակազմն էր, որ անընդհատ բողոքներ ու դիմումներ էր գրում, որ դեմ են: գեղարվեստը դեմ էր, թատրոնը դեմ էր: Կռվախնձորը միանձնյա ղեկավարի աթոռն էր, ու ես դա հասկանում էի»:
2000թ.-ին ստեղծվում է Գյումրու արվեստների ակադեմիան: Ղեկավար նշանակվում է Հակոբ Զիլֆիմյանը: Ակադեմիան, որպես միացյալ կառույց, գոյատեւում է մինչեւ 2003թ.-ը: Հակոբ Զիլֆիմյանն ասում է, որ այդ երեք տարիներին բազմաթիվ խնդիրներ են լուծվել, բացի մեկից՝ անձնական ամբիցիաներից:
«Պայքարեցին եւ 2003թ-ին ոչ առեւտրային կազմակերպության օրենքի պարագայում մասնաճյուղերը բավականին ինքնուրույնություն ունեցան եւ կառույցը լուծարվեց,-պատմում է Հակոբ Զիլֆիմյանը,- ու սկսվեց կիսելու անտրամաբանական գործընթացը՝ առաջին հարկից մինչեւ տանիք: Խողովակներն անգամ մենք կիսել ենք, կիսել ենք լարերը, կտրել-փոխել ենք ջրագծի խողովակները, կատարվում էր մի բան, որը տրամաբանությունից դուրս էր: Էս հավաքարարն ինձ, էս հավաքարարը քեզ, էս պահակն իմն է, էս պահակը՝ քոնը»:
Բաժանեցին ամեն ինչ, բացի բակից ու իրենց սխալը զգացին, երբ պարզեցին, որ «անտեր» մնացած տարածքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վաճառել է: «Ի՜նչ կռիվներ տվեցի: Գնացել խնդրել եմ նախկին քաղաքապետին: Ավագանու որոշումով մի մասը բակի հետ տվեցին, բայց մյուս մասն արդեն սեփականության վկայականը կար, չկարողացանք հետ վերցնել,-պատմում է Հակոբ Զիլֆիմյանը,- ժողովուրդն ասում է` «տիրովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Հիմա, եթե կա այդպիսի մտադրություն, որ բուհերը միավորվեն, ասեմ, որ շենքի կառավարման առումով դա ամենաճիշտ որոշումը կլինի»:
Հակոբ Զիլֆիմյանի փոխանցմամբ, անցած 10 տարիների ընթացքում Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը չի ունեցել դիմորդների պակաս: Սկսել են երեք դիմորդով, հետո 12 դիմորդ, իսկ հիմա ամեն տարի 40-ից ավել ուսանող է ընդունվում բուհ:
«Մենք ավելիի ցանկությունը չունենք, որովհետեւ ես պատրաստում եմ դերասան, ռեժիսոր, օպերատոր, պարարվեստի մասնագետ: Եթե ես ամեն տարի հարյուր դերասան արտադրեմ, կոպիտ ասած, անիմաստ է: Բայց բուհը օր օրի ծաղկում է,-ասում է Հակոբ Զիլֆիմյանը,-ես անցյալ տարի մասնակցել եմ Երեւանում կազմակերպված փառատոնին, որը ուսանողական թատերարվեստի, կինո արվեստի, կերպարվեստի փառատոն էր ու Գյումրի բերել ոսկի, արծաթ, բրոնզե մրցանակները: Մեր բուհերը կատարողական արվեստի բուհեր են, երբեք որեւէ մեկը չի հարցրել Խորեն Աբրահամյանին, թե նա որ բուհն է ավարտել, կամ Ֆրունզիկ Մկրտչյանին, կամ Սոս Սարգսյանին հարցրե՞լ եք, թե ինչ դիպլոմ ունի: Բուհի խնդիրն ընդամենը աստվածատուր մարդուն կատարելագործելն է: Կատարողական արվեստի մարդուն պիտի հանրությունը ծափահարի, եթե իմ ռեժիսորը պիես է բեմադրում, ծափ տվեց հանդիսատեսը, գոհ մնաց, ուրեմն նա լավ ռեժիսոր է, չտվեցին՝ դժգոհեցին, ուրեմն վատն է»:
Հակոբ Զիլֆիմյանը, խոսելով բուհերի խոշորացման ծրագրից, նշեց, որ ինքը կողմ կլիներ, եթե այդ խոշորացումը սկսվեր Երեւանից: Միավորվեին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Գեղարվեստի ինստիտուտը, Կոնսերվատորիան, ստեղծվեր հզոր մի կառույց՝ Արվեստների ակադեմիա, իրենք էլ Գյումրիում միավորվելով վերածվեն նրանց մասնաճյուղի: «Այլապես ինչ է ստացվում. մեզ տեղում միավորելով ստեղծում են 300-հոգանոց «գաճաճ» բուհ եւ թուլացնում երեւանյան մայր բուհերը»,-ասում է Հակոբ Զիլֆիմյանը:
Գյումրիի Արվեստների ակադեմիայի ստեղծման դրական եւ բացասական կողմերը վերլուծելիս, Հակոբ Զրլֆմյանը առաջ քաշեց նաեւ «բրենդի» խնդիրը: «Ամեն դեպքում, եկեք խոստովանենք, որ մեր մտածողությունը գավառային է: Երեխան մեր բուհ գալով կարեւորում է բրենդի խնդիրը, որ ավարտելիս իր դիպլոմում նշվելու է «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ» բառերը, ու սրա հետ կապված շատերն իրենց երեխաներին ուղարկելու են Երեւան,-կարծիք է հայտնում Հակոբ Զիլֆիմյանը,-հետո, մի խնդիր էլ կա, լինելով մասնաճյուղ, մեր ուսանողներն իրենց թե ընդունելության, թե ավարտական քննություները հանձնում են Երեւանում, մեր նշանավոր արտիստներն են հանձնաժողովի կազմում, երեխան ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում գործին, իսկ թե ինչ կլինի միավորման դեպքում, դժվար է ասել»:
Ամեն դեպքում, մի բանում Հակոբ Զիլֆիմյանն համոզված է, որ ինչ որոշում էլ կայացվի, այն չի լինի հակապետական, հակամանկավարժական եւ հակաբուհական: Քննարկումները ցանկալին են: Եթե ինչ-որ մի բան պիտի ստեղծվի, ցանկալի է մտածել ինչ ձեւի եւ ինչ տեսքի:
Մեկնաբանել