HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:

Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»: 

Թարմացված: Հանրապետության Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter