
Մեծ Սխիզմայի հավանականությունը, կամ գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը
Ստեփան Դանիելյան
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կորցրեց իր «ուրույն ուղին» և սկսեց վերածվել «սովորական» պետության իր բազմաթիվ ներքին խնդիրներով` պահպանելով ահռելի բնական հարստությունները և հսկայական տարածքները, որտեղ իրենց բնօրրանում բնակվում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ:
«Ռուսաստանցի» հասկացությունն այդպես էլ չդարձավ այդ ժողովուրդներին միավորող բանաձև: Կան երկու տիպի ռուսաստանցիներ` ռուսներ և ոչ ռուսներ, որոնց ավելի շատ բան տարանջատում է, քան միավորում, հատկապես` կրոնը: Կյանքը ցույց տվեց, որ «ռուսաստանցի» լինելու համար դեռևս քիչ է լինել Ռուսաստանի քաղաքացի, այդ դեռևս արհեստական հասկացությունն իր մեջ պետք է կրի նաև ինչ-որ արժեքային համակարգ: Իսկ եթե հաշվի առնենք Ռուսաստանի` վերջերս նկատվող արտաքին քաղաքականության հավակնությունները, ապա այդ «ինչ-որ բանը» չի կարող սահմանափակվել զուտ Ռուսաստանով: Ռուսաստանի քաղաքական դիսկուրսը ձևավորողները որոնում էին այդ «ինչ-որ բանը», առաջադրում էին «սուվերեն դեմոկրատիա»-ի նման նոր հասկացություններ, սակայն դրանք անհասկանալի էին, ավելին` պաշտպանվողական էներգետիկա էին պարունակում:
Փառապանծ արխիվից հանված «ուղղափառությունն» այդպես էլ չկարողացավ միավորել Ռուսաստանի քաղաքացիներին, ճիշտ հակառակը` այն տարանջատում էր ուղղափառներին մուսուլմաններից ու քրիստոնեության այլ ուղղությունների ներկայացուցիչներից: Այս իրավիճակից դուրս գալու համար ռուսական պետականության գաղափարախոսության «նոր» արժեքային համակարգի ճարտարապետները երկար տարիներ որոնումների մեջ էին, և ռուսական ԶԼՄ-ներով տարածվող զանազան էքստրասենսների և պայծառատեսների գուշակությունները, թե Ռուսաստանին մեծ ապագա է սպասում, որը հիմք է հանդիսանալու աշխարհի նոր հոգևոր ծաղկման համար, այդպես էլ չի հիմնավորվում:
Պարզ է, որ առանց որևէ համաշխարհային գաղափարախոսության և թեկուզ մի որևէ «ուրույն» արժեքային կոորդինատի Ռուսաստանը չի կարող վերակենդանացնել կորսված կայսրությունը և դառնալ համաշխարհային ուժային կենտրոն: Ավելին, պատմությունը ցույց է տալիս, որ առանց որևէ համաշխարհային արժեքային համակարգի ոչ միայն հարցականի տակ են դրվում Ռուսաստանի արտաքին հավակնությունները, այլև ներքին ամբողջականության պահպանումը: Ուժը կարելի է հարգել միայն այն ժամանակ, երբ այն պաշտպանում է արդարությունը, որի մասին պատկերացումները կարող են տարբեր լինել:
Համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ հասկանում են, որ առանց որևէ համաշխարհային և համամարդկային գաղափարախոսության հնարավոր չէ կայսրություն ձևավորել, ավելին` շատ դժվար է նույնիսկ գերտերություններից մեկը դառնալ: Եթե հետևենք Ռուսաստանի պատմությանը, ապա ռուսական կայսրությունը սկսեց ձևավորվել Իվան Ահեղ ցարի` Կեսարի կոչումը ստանձնելուց հետո: Պատահական չէ, որ կայսրության կարգախոսն էր` Մոսկվան երրորդ Հռոմն է, իսկ չորրորդը չի լինելու:
Մոսկվան իրեն համարում է երկրորդ Հռոմի` Բյուզանդիայի ժառանգորդը: Երկրորդ Հռոմի` Բյուզանդիայի և առաջին Հռոմի` ներկայիս արևմտյան քաղաքակրթության պատմական հոգևոր կենտրոնի տարանջատումը սկսվեց առաջին հայացքից մի «անիմաստ» դավանաբանական վեճից` filioque-ի պատճառով, որը քրիստոնեության Հավատո Հանգանակի` Երրորդության երեք դեմքերի հարաբերություններին է վերաբերում` արդյոք Սուրբ Հոգին բխում է միայն Հայր Աստծուց, թե նաև Որդուց: Filioque-ի դոգմատի կողմնակիցները կարծում են, որ այն բխում է նաև Որդուց:
Դժվար թե այս դոգմատիկ վեճն առանձնապես հետաքրքրում էր Եվրոպայի և Բյուզանդիայի բազմամիլիոն հավատացյալներին, սակայն այն դարձավ անկյունաքարային, երբ Եվրոպայում առաջացավ նոր ամբիցիոզ տիրակալ` Կարլոս Մեծը, որը, ստեղծելով իր կայսրությունը, մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում դավանաբանական վեճերի հանդեպ: Նա պահանջում էր Հռոմի Պապից, որ այդ դոգմատը համարվի պարտադիր, բայց Պապը դիմադրում էր: Սակայն 1054-ին այդ դոգմատի պատրվակով ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաները վերջնականապես միմյանցից բաժանվեցին` տեղի ունեցավ Մեծ Սխիզմա, ինչը հիմք դրեց քրիստոնեական քաղաքակրթության բաժանմանը:
Կարծես կասկածից վեր է, որ այդ ժամանակվա քաղաքական որոշումներ ընդունողներին դժվար թե հետաքրքրում էր վեճի բուն դավանաբանական կողմը: Բյուզանդիայի կայսրը երկար ժամանակ հանդիսանում էր աշխարհի բոլոր ուղղափառ քրիստոնյաների կայսրը, իսկ 1054-ից հետո` միայն այն քրիստոնյաների, որոնք համարում են, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հայր Աստծուց: Մյուս կեսի համար Արևմտյան Եվրոպայի երկրները սկսեցին պայքարել հեգեմոնիայի և կայսրության կոչման համար: Բյուզանդիայի անկումից հետո Իվան Ահեղն իրեն հռչակեց կեսար`ցար, և զբաղեցրեց Բյուզանդիայի տեղը:
Հինգ հարյուր տարի հետո դավանաբանական վեճի պատճառով արդեն իսլամական աշխարհը երկճեղքվեց: Ճիշտ է, վեճը հին էր, եւ սունի մահմեդականների վրա հոգեմոնիա հաստատելու և Մուհամեդի ժառանգորդի`խալիֆի կոչման համար պայքարում հաղթեցին օսմանցիները, սակայն շիա մահմեդականների վրա հեգեմոնիա տարածելու հավակնություններ ներկայացրեց Պարսկաստանը: Սեփական ամբիցիաների բավարարման համար Պարսկաստանի տիրակալներն այլ ելք չունեին, այլապես պետք է ընդունեին Օսմանյան խալիֆի հոգևոր գերակայությունը: Պարզ է, կայսրության հավակնություններ ունենալու համար պետք է ձևավորել սեփական արժեքային համակարգ և դրա վրա հիմնված համապատասխան քաղաքակրթություն:
Կոմունիզմի անկումից հետո Ռուսաստանը այևս չուներ որևէ արժեքային հիմք կայսերական հավակնությունները բավարարելու համար: Եւ մինչ հիմա նման բոլոր փնտրտուքներն ապարդյուն էին, սակայն կարծես թե գենդերի հարցում Ռուսաստանի հատուկ դիրքորոշումը դառնում է աշխարհում ոչ միանշանակորեն ընկալվող այնպիսի խնդիր, որը կարող է քաղաքակրթական տարանջատման թնջուկի վերածվել: Շատերին անհավանական է թվում, որ այդպիսի մի հարց կարող է քաղաքակրթական տարանջատման պատճառ դառնալ, սակայն եթե դիտարկենք կաթոլիկների և ուղղափառների, շիաների ու սունիների տարանջատման դավանաբանական պատճառները, ապա դրանք նույնպես այնքան էլ համոզիչ ու կարևոր չեն թվում, ավելին` դրանք երևի ավելի քիչ էին հուզում այն ժամանակվա շարքային հավատացյալներին, քան գենդերի հարցն այսօրվա մարդկանց:
Ինչ է այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե ոչ ժամանակակից «դավանաբանական» վեճերի և որոշումների ընդունման մեխանիզմ: Միջազգային կոնվենցիաները հին ժամանակներում ընթացող տիեզերական ժողովների որոշումների ներկայիս նմանակն են, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար, իսկ նրանք, ովքեր այդ որոշումները չեն ընդունում, դուրս են մնում քաղաքակրթությունից: Իսկ եթե մասնակիցների մեջ առաջանում է որևէ հիմնավոր վեճ, որը կարող է երկու մասի բաժանել վիճող կողմերին և հարցականի տակ դնել այս կամ այն համընդհանուր կոնվենցիան,ապա դա արդեն, եկեղեցական լեզվով ասած,կարող է «Մեծ Սխիզմայի» պատճառ հանդիսանալ:
Նույնասեռականության պրոպագանդայի դեմ Ռուսաստանի նոր օրենսդրությունը, նույնասեռական ընտանիքների կողմից երեխաների որդեգրման խնդրի շուրջ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը կողմնակիցներ ունի նաև Եվրոպայում, Ամերիկայում և այլուր: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունների համար այդ քայլերն ավելի շուտ քարոզչական նշանակություն ունեն, քան կոնկրետ դրսևորումներ պրակտիկայում: Այստեղ կարևորը PR-ն է, քան կոնկրետ խնդիրը:
Եթե առաջ Ռուսաստանի խորհրդանիշը Լենինի դամբարանն էր, ապա այսօր իր տղամարդկային հատկությունները ցուցադրող Պուտինը, ով պաշտպանում է իր ընկեր Բեռլուսկոնիի` աղջիկներ սիրելու իրավունքը: Այո, կարծես թե իրավունքի ոլորտում աշխարհում վեճի խնդիր է առաջանում: Սակայն Կրեմլի քաղտեխնոլոգների պահեստում կան նաև այլ հրատապ հարցեր` եկեղեցու և պետության հարաբերությունների ձեւաչափը, էմիգրանտների` առանց դատարանի որոշման զանգվածային արտաքսման հարցը, որն արդեն հակասում է ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոնվենցիային: Եւ այստեղ, վստահ եղեք, Կրեմլը կունենա բազմաթիվ համախոհներ եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Արդյո՞ք մեզ սպասվում է մի նոր Մեծ Սխիզմա և նոր կայսրության ծնունդ: Համենայնդեպս այն, որ Կրեմլն ունի նման հավակնություններ, կարծես թե ակնհայտ է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել