HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

ԱԱԾ-ն պետին էր ուզում բռնել, բայց օպերին բռնեց

2008 թ. հուլիսի 31-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Վերանյանը պետի՝ Ստեփան Մելքոնյանի ուղեկցությամբ կոլեգիալ նիստի մասնակցելու պատրվակով հայտնվեց նախ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (նախկին) պետ Հովիկ Թամամյանի աշխատասենյակում, այնտեղից՝ վերջինիս կարգադրությամբ՝ ոստիկանության հատուկ կարեւոր գործերով վարչությունում, ապա՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանում:

Այդ օրվանից Արտակ Վերանյանը 11 ամիս անցկացրեց անազատության մեջ:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի լուծարված դատարանի անունից ապացուցված համարելով Արտակ Վերանյանի մեղավորությունը մաքսանենգության կազմակերպման մեջ, 2 տարի ժամկետով դատապարտեց նրան ազատազրկման (հետագայում Արտակ Վերանյանը համաներմամբ ազատ է արձակվել):

Մեղադրական դատավճռում դատավոր Չիչոյանը, սակայն, Վերանյանի մեղքը հիմնավորող որեւէ հանգամանք չէր նշել: Նրա վկայակոչած ոչ մի իրավական նորմ Վերանյանի մեղավորությանը չէր վերաբերվում: Գործում առկա նյութերում էլ Արտակ Վերանյանի մեղքը հիմնավորող որեւէ՝ ուղղակի կամ անուղղակի ապացույց չի եղել:

Դատարանը պարզապես հիմք էր ընդունել ԱԱԾ-ի մեղադրական եզրակացությունը, որով Արտակ Վերանյանին էր վերագրվել ԱԱԾ-ի բացահայտած հերթական մաքսանենգությունը:

Բագրատաշեն գյուղի 4 բնակիչ առանց մաքսային հսկողության Վրաստանից խոշոր չափի ապրանք էր տեղափոխել Հայաստան: Գյուղացիներից մեկը բացահայտվել ու բերման էր ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Մյուսները դիմել էին փախուստի՝ Դեբեդ գետով մուտք գործելով Վրաստանի տարածք:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:

Քրեական գործը վարույթ էր ընդունել ԱԱԾ քննչական վարչության քննիչ Տիգրան Սինոյանը: Հետագա քննությունը հանձնարարվել էր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսան Տոնոյանին: Հետագայում նույն գործով ԱԱԾ քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարուքյանի ղեկավարությամբ կազմվել էր քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել էին Ալեքսան Տոնոյանը, քննիչներ Միքայել Համբարձումյանը, Սամվել Տավարացյանը, Տիգրան Սինոյանը եւ Վահե Պապոյանը:

ԱԱԾ-ն գործում որպես մեղադրյալ ներգրավել էր նաեւ Արտակ Վերանյանին: Մեղադրական եզրակացությամբ՝ Արտակ Վերանյանը, զբաղեցնելով ոստիկանության օպեր-լիազորի պաշտոն, անօրինական ճանապարհով գումար վաստակելու նպատակով կազմակերպել էր ապրանքների մաքսանենգ տեղափոխում, որն իրականացրել էր ծառայության բերումով իր կողմից սպասարկվող հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշեն-Դեբեդավան հատվածով Բագրատաշեն գյուղի բնակիչների անմիջական կատարմամբ:

Նույն եզրակացությամբ՝ Արտակ Վերանյանն իր հետ հանցակցության մեջ գտնվող անձանց երաշխիքներ էր տվել, որ իր հովանավորությամբ մաքսանենգությունը չի բացահայտվի: Նրանից անվտանգության երաշխիք ստանալով՝ մաքսանենգության մասնակիցներից Արմեն Ստեփանյանը հեռախոսով կապվել էր վրացական կողմի իրենց հանցակիցների հետ եւ նրանց հետ պայմանավորվել բեռների տեղափոխումն իրականացնելու մասին:

Նույն մեղադրական եզրակացությամբ՝ Արտակ Վերանյանի արարքը որակվել էր որպես մաքսանենգության կազմակերպում: Ա Վերանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր. 38-215 հոդվածի 1-ին մասով՝ որպես մաքսանենգության կազմակերպիչ այն դեպքում, երբ մաքսանենգության մասնակիցներից նրան, ով դեպքի վայրում էր բռնվել, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 38-215 հոդվածի 1-ին մասով՝ առանց մաքսային հսկողության խոշոր չափի ապրանք տեղափոխելուն օժանդակելու համար, մյուսներին, որոնք փախուստի էին դիմել՝ ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի 1-ին եւ 329 հոդվածի 1-ին մասերով՝ առանց մաքսային հսկողության խոշոր չափի ապրանք տեղափոխելու եւ պետական սահմանը ապօրինի հատելու համար:

Այնինչ Արտակ Վերանյանին մեղադրելով մաքսանենգության կազմակերպման մեջ՝ նախաքննական մարմինը մաքսանենգության մասնակիցներին՝ որպես «կազմակերպված խմբի անդամների», պետք է մեղադրանք առաջադրեր ՀՀ քր.օր.-ի 215 հոդվածի 4-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար: Բացի այդ, գործում չեն եղել ապացույցներ, որ մաքսանենգությունը իրականացվել է կազմակերպված խմբի կողմից: Չի եղել նաեւ մաքսանենգության դեպքով առաձին կազմակերպչի կամ առանձին կազմակերպման հանգամանք. նախաքննության ընթացքում ԱԱԾ-ն մաքսանենգության կազմակերպման ուղղությամբ առանձին քննություն չի կատարել:

Հետեւաբար, Վերանյանը չէր կարող ստեղծել կամ ղեկավարել կազմակերպված խումբ: Ուստի, ինչպես դատավարության ժամանակ պաշտպանական կողմն է նշել, Արտակ Վերանյանի մասով ԱԱԾ-ն սխալ է որակել մաքսանենգության կազմակերպման արարքը:

Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացության մեջ եւ դատավճռում Արտակ Վերանյանի վերաբերյալ նշված մեղադրանքին, թե անվտանգության երաշխիքներ է տվել մաքսանենգության մասնակիցներին, ապա, պաշտպանական կողմի հիմնավորմամբ, զուտ քրեաիրավական առումով նման արարքը չի համարվում հանցագործության կազմակերպում: Դա ընդամենը կարող է որակվել որպես «օժանդակում», այն էլ՝ ապացույցների առկայության դեպքում: Բացի այդ, մաքսանենգության ակտիվ մասնակիցներից Արմեն Ստեփանյանը, ներկայանալով ԱԱԾ-ին, ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է կազմակերպել մաքսանենգությունը:

Եվ մանրամասն նկարագրել է մաքսանենգության նախապատրաստումն ու կազմակերպումը. իր ծանոթ, Վրաստանի քաղաքացի, ազգությամբ թուրք Ռուստամը առաջարկել էր իրեն Դեբեդ գետով մաքսանենգ ճանապարհով հագուստներ տեղափոխել Հայաստան: Ինքը համաձայնել էր: Քանի որ բեռը շատ էր՝ 18 հակ, ինքը օգնելու խնդրանքով դիմել էր հարեւանին՝ Հարություն Կարապետյանին: Վերջինս 10 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով ընդունել էր առաջարկը: Նրա միջոցով Արմեն Ստեփանյանը դիմել էր նաեւ համագյուղացի Մխիթար Կիրակոսյանի օգնությանը, որպեսզի նա իր մոտոցիկլետով գետի ափից հակերը տեղափոխի Բագրատաշեն: Նրանց էր միացել եւս մեկ մոտոցիկլիստ՝ Էդիկ Սոգոյանը: Պայմանավորված օրը եւ ժամին համագյուղացիները գնացել էին Դեբեդ գետի ափ եւ վրացական կողմից գետի վրայով տեղափոխել էին ապրանքը:

Հակերը Բագրատաշեն տեղափոխելու ժամանակ Մխիթար Կիրակոսյանը բռնվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից: Հետագայում բացահայտվել էին նաեւ մյուս մասնակիցները: («Հետքի» հետ զրույցում Արմեն Ստեփանյանը նույնությամբ կրկնեց 3 տարի առաջ տված ցուցմունքը: Ավելացրեց միայն, որ թուրք Ռուստամի հետ դեպքից առաջ էլ էին նման պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ մաքսանենգ ապրանքներ ներկրել Հայաստան: Վերջին անգամ էլ, քանի որ ապրանքը կրկնապատկվել էր, այն տեղափոխելու համար ինքը ստիպված էր եղել դիմելու համագյուղացիների օգնությանը: Բայց պնդում է, որ նրանց խնդրելով, աղաչելով, խաբելով էր տարել մաքսանենգության, եւ որ ինքն է հանցագործության մեջ միակ մեղավորը):

Մաքսանենգության մյուս մասնակիցները նույնությամբ պատմել են դեպքը: Նրանք իրենց մեղավոր են ճանաչել եւ զղջացել կատարվածի համար: Արտակ Վերանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննական ցուցմունք չի տվել, իսկ դատարանում հայտնել է, որ ինքը մաքսանենգության դեպքի հետ առնչություն չունի:

ԱԱԾ-ն Արտակ Վերանյանի մեղադրանքի հիմքում դրել է մեկ ապացույց՝ հեռախոսային գաղտնալսման վերծանում, որը, սակայն, իրավական տեսանկյունից չի եղել «վերաբերելի» եւ «թույլատրելի»: Գաղտնալսվել է 093054454 հեռախոսահամարը, որը, ըստ մեղադրանքի, պատկանել է Արտակ Վերանյանին:

ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ Ստեփան Մելքոնյանի որոշմամբ միջնորդություն է հարուցվել դատարանին «Վերանյանի 093054454 բջջային հեռախոսահամարից» կայանալիք խոսակցությունները 2 ամիս ժամանակով գաղտնալսելու եւ ձայնագրելու վերաբերյալ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը բավարարել է միջնորդությունը՝ 2 ամիս ժամանակով գաղտնալսել եւ ձայնագրել «Վերանյանի բջջային 093054454 հեռախոսահամարից» կայանալիք խոսակցությունները:

Նույն հեռախոսահամարը Արտակ Վերանյանին է վերագրվել նաեւ գաղտնագրությունների փորձագիտական եզրակացության մեջ, որտեղ նշված է, որ «քննության տրամադրության տակ է եղել Արտակ Վերանյանին պատկանող բջջային 093054454 հեռախոսահամարով անցկացված հեռախոսազրույցների գաղտնալսումների լազերային սկավառակը»: Փաստն այն է, սակայն, որ 093054454 հեռախոսահամարը չի պատկանել Արտակ Վերանյանին: Նման պարագայում արժանահավատ չէ ոչ ԱԱԾ վարչության պետի որոշումը գաղտնալսում իրականացնելու վերաբերյալ դատարանին միջնորդություն հարուցելու մասին, ոչ դատարանի որոշումը այն բավարարելու մասին, ոչ էլ փորձագիտական կենտրոնի եզրակացությունը գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ:

Նշված՝ Արտակ Վերանյանին չպատկանող հեռախոսահամարից կատարված գաղտնալսումներն ու դրանց վերծանումներն էր ԱԱԾ-ն դրել Արտակ Վերանյանի մեղադրանքի հիմքում: Ուշագրավ է, որ հեռախոսը եւ Արտակ Վերանյանին վերագրվող հեռախոսահամարի քարտը, լինելով միակ իրեղեն ապացույցը գործում, նախաքննության փուլում անհետացել են: Համենայնդեպս, դատարանում ապացույցների հետազոտման ժամանակ դրանք դատարան չեն բերվել:

Ըստ գործի նյութերի՝ ԱԱԾ-ն կատարել է ձեռք բերված գաղտնագրառումների վերծանում: Գործում առկա է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսան Տոնոյանի որոշումը ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին: Առկա է նաեւ փորձագիտական եզրակացություն: Ըստ եզրակացության՝ սկավառակի վրա 26 ֆայլ ձայնագրված հեռախոսային խոսակցություն է եղել, որից թվով 21-ում ձայնագրված 1 անձի ձայնն է միայն պիտանի եղել նույնացման: Փորձագիտական եզրակացության մեջ այնպես է նշված, թե իբր փորձագետը համեմատել եւ նույնականացրել է ձայնագրառվածը Արտակ Վերանյանի ձայնի (բանավոր խոսքի) համեմատական նմուշի հետ, արձանագրել է ընդհանուր բնութագրական հատկանիշների նմանություն եւ եզրակացրել, որ ձայնագրության մեջ լսվողը Արտակ Վերանյանի ձայնն է:

Սակայն գործում որեւէ ապացույց չկա այն մասին, որ ԱԱԾ-ն Քր. դատ. օր.-ի թույլատրելի եղանակով Վերանյանից ձայնի նմուշ է ստացել կամ դրա կատարումը հանձնարարել է մասնագետի: Պաշտպանական կողմը դատարանում պահանջել է բացահայտել Վերանյանի ձայնի նմուշի ստացման աղբյուրը, քանի որ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ չբացահայտվող աղբյուրից: ԱԱԾ-ն իր աղբյուրը դատարանում նույնպես չի բացահայտել, եւ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել գաղտնալսման արձանագրություններն ու  դրանց վերծանումները հանել ապացույցների շարքից: Սակայն պաշտպանական կողմի միջնորդությունն անտեսվել է:

Ըստ մեղադրանքի (հեռախոսային վերծանումներով)՝ Արտակ Վերանյանը զրուցել է մաքսանենգությունն իրականացնողների հետ: ԱԱԾ-ն, սակայն, չի հիմնավորել նաեւ այդ փաստը, քանի որ մաքսանենգության մասնակիցների հեռախոսները չեն գաղտնալսվել, նրանց ձայնային նմուշները փորձաքննությամբ չեն նույնականացվել:

Հետեւաբար, չի հիմնավորվում, որ զրուցողները հատկապես եղել են Արտակ Վերանյանը եւ մաքսանենգություն կատարողները (մաքսանենգության մասնակիցներից Արմեն Ստեփանյանն, օրինակ, «Հետքի» հետ զրույցի ժամանակ Արտակ Վերանյանի հետ իր հնարավոր հեռախոսազրույցը հերքեց՝ ասելով. «Ասում էին՝ բա էս ինչ համարով զանգ ա էղել, նայել ենք, քո անունի տակ ա համարը գրանցված: Ասել եմ՝ իմ համարը չի, իմ ձենը չի: Ասել եմ՝ տես իմ ձենը նման ա՞ ընդեղի ձենին: Ընդեղ ստրոգի ձեն ա, իսկ իմ ձենը դուս չի գալիս»):

Գաղտնալսման արդյունքում խոսակցությունների վերծանումները ճանաչելով իրեղեն ապացույց՝ ԱԱԾ-ն չի նշել, թե որ արտահայտությունը, բառակապակցությունը, նախադասությունն է հիմք հանդիսացել ենթադրելու, որ Վերանյանը կազմակերպել է տեղի ունեցած մաքսանենգությունը: Հեռախոսային խոսակցություններում որեւէ արարք կամ հիշատակում չկա հանցագործության կազմակերպման մասին:

Հավանաբար ԱԱԾ-ի ենթադրությունների համար հիմք է հանդիսացել այն, որ հեռախոսային վերծանումներում նշվում են անուններ, որոնք համընկնում են մաքսանենգության անմիջական կատարողների անունների հետ: Սակայն այդ դեպքում ԱԱԾ-ն պետք է նկատի ունենար, որ հեռախոսային վերծանումներում ուղղակի կամ անուղղակի կերպով հիշատակվում է նաեւ «ենթադրյալ» Արտակ Վերանյանի «ենթադրյալ» պետը՝ Ստեփան Մելքոնյանը:

Օրինակ՝ ԱԱԾ քննչական խմբի կողմից արձանագրված գաղտնալսման վերծանումներից մեկում «ենթադրյալ» Արտակ Վերանյանի եւ «ենթադրյալ» Արմեն Ստեփանյանի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ հեռախոսային խոսակցությունը. 

-Հա, շեֆ:

-Ինչ կա:

-Խաղություն:

-Իրավիճակդ ոնց ա:

-Ոչինչ:

-Նորմալ ա:

-Ըհը:

-Մի բան կարեցել ես անես, թե չէ:

-Հա:

-Ուրեմն էսօր էլ արխային ես անում արդեն:

-Էսօր լա՞վ ա:

-Էսօր լավ ա, մենք էլ պրոբլեմ չունենք ղեկավարության հետ, էս անգամ «դոբրոն» ունեմ մեր մոմենտով, էղա՞վ: Նորմալ, կազմակերպված, առանց ավելորդ որեւիցե բանի, «տիխո-տիխո» կազմակերպում ես, անում: Էղա՞վ, ուստա:

«Այս խոսակցությամբ Արտակ Վերանյանը հայտնում է իր հանցակցին, որ հանցագործության կատարման համար իբր համաձայնություն է ձեռք բերել իր ղեկավարության հետ»,- նշված է քննչական խմբի կողմից կազմված արձանագրության մեջ: Մեկ այլ խոսակցության մեջ «ենթադրյալ» Արտակ Վերանյանը հետեւյալ խոսակցությունն է վարել.

-Դու չգիտես՝ եթե բանն ասում եմ, ասում եմ: Եթե հնարավորություն ըլնում ա, անում եմ: Եթե չի լինում, ասում եմ՝ չկա:

-Ի՞նչ մոմենտ ա, ապեր:

-Ապեր, մոմենտ կա, ուրեմն, որ ես ասում եմ, ինքը էստեղ չի մնալու:

-Արա, դե գոնե էդ գործերն աներ պրծներ, իմ փողերը վեկալեի:

-Սամո ջան, ի՞նչ անեմ, այ ախպեր, ասում եմ՝ չէ, չի ըլնի, պետն ասել ա՝ անձամբ, ես էլ կոնտրոլի տակ եմ պահելու, էգուց առավոտ ժամը 9-ին էլ ինքը էստեղ չի ըլնելու:

Իսկ Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Հարությունյանի հեռախոսահամարի գաղտնալսման արդյունքում վերծանված հեռախոսազրույցներից մեկում Արտակ անվան հետ ուղղակիորեն տրվում է Ստյոպա անունը: 

-Չիմացա՞ր ինչ էղավ:

-Ի՞նչ ա էղել, ապեր:

-ԿԳԲ-ն ահագին բան ա բռնել գիշերը:

-Լավ, է: Ո՞ւմն ա էղել:

-Չէիր իմանո՞ւմ:

-Չէ: Ո՞ւմն էր:

-Ապեր, Ստյոպինը կլներ, էլի: 30 կտոր:

-Հա, բա չի երեւո՞ւմ, թե էդ ումն էր:

-Դե, Արտակինն ա կամ Ստոյպինն ա: Ստյոպինն ա, ո՞ւմն ա, այ ախպեր: Էնտեղ առանց Ստյոպի ո՞վ կարա անի:

Յուրայի գաղտնալսվող հեռախոսահամարին զանգած եւ նրա հետ հեռախոսային զրույց ունեցած Բագրատաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Եղոյանը հետագայում որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ քննիչ Տիգրան Սինոյանի կողմից: Քննիչը նրա ուշադրությունը հրավիրել է հեռախոսազրույցի առանձին հատվածների վրա՝ փորձելով մեկնաբանություններ ստանալ դրանց վերաբերյալ. «Շեշտել եք, որ մաքսանենգ ապրանքները պատկանում են կամ Արտակ Վերանյանին կամ ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանին», «դուրս է գալիս, որ Արտակը կամ Ստյոպան երաշխավորել են Բագրատաշեն գյուղի բնակիչներին, որպեսզի նրանք մաքսանենգ ճանապարհով ապրանք տեղափոխեն ՀՀ տարածք», «ասել եք՝ առանց Ստյոպայի ով կարող էր նման բան անել»: Վկան հաստատել է Յուրիկ Հարությունյանի հետ ունեցած հեռախոսային զրույցը, բայց չի բացահայտել իր հայտնած տեղեկությունների աղբյուրը:

Մաքսանենգության մասնակից Արմեն Ստեփանյանը «Հետքին» պատմեց, որ ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հոգեբանական ճնշումների ազդեցությամբ փորձել են իրենից կորզել Արտակ կամ Ստյոպա, հատկապես Ստյոպա անունը՝ որպես մաքսանենգության կազմակերպիչ: «Էնա թվում, որ Արտակին ու Ստյոպին ուզում էին բռնեն, որովհետեւ իրան ուտում էր ԿԳԲ-ի պետի տեղակալը: Ասում էր՝ մեջքիդ մարդ ունես, թուղթ ու գրիչը դնում էր, ասում էր՝ անունը գրի, դուռը բացում եմ գնաս ուղիղ ձեր տուն, տղամարդու խոսք եմ տալիս: Ասում էր՝ չեմ կարանալո՞ւ ձեռս գցեմ դրան՝ Մելքոնյանին»,-ասում է Արմեն Ստեփանյանը:

Չնայած այս վկայությանը, ԱԱԾ քննիչի՝ ոստիկանապետի վերաբերյալ վկային ուղղված վերը նշված հարցադրումներին, ԱԱԾ-ի գաղտնագրություններում «ենթադրյալ» Ստեփան Մելքոնյանի վերաբերյալ տեղեկություններին՝ հատկապես այն, որ մաքսանենգ ապրանքը նրան է պատկանում, ոստիկանապետը, սակայն, այս գործով այդպես էլ որեւէ կարգավիճակ չի ստացել: Նույնիսկ որպես վկա չի կանչվել հարցաքննության:

Ավելին՝ այն ընթացքում, երբ Արտակ Վերանյանը գտնվել է անազատության մեջ, Ստեփան Մելքոնյանը ՀՀ ոստիկանության պետի 2009 թ. ապրիլի 20-ի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնի պետի պաշտոնից տեղափոխվել եւ նշանակվել է Նոյեմբերյանի բաժնի պետի պաշտոնում: Իսկ 2011 թ. մայիսի 19-ին նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնում, որտեղ ծառայում է մինչ օրս:

«Հետքի» հետ զրույցում Ստեփան Մելքոնյանն ինքն էլ, որպես «իրավաբան», պարզաբանեց հարցաքննության կանչելու կարգը. «Եթե անունս տված լինեին, պիտի որ կանչեին հարցաքննության: Մի բանի մեջ եթե մեկի անունը տրվում ա, կամ պետք ա հերքվի, կամ պետք ա ապացուցվի»:

Չնայած զրույցի ընթացքում նշեց, որ Արտակ Վերանյանը նաեւ ի պաշտոնե էր հայտնվել այդ պատմության մեջ՝ որպես տվյալ տարածքը սպասարկող օպեր-լիազոր, բայց եւ հակասելով իրեն՝ ասաց, որ «բացարձակ» չէր սպասում, որ կարող է հրավիրվել հարցաքննության, նույնիսկ «ի պաշտոնե չէր սպասում»՝ որպես Արտակ Վերանյանի վերադաս: «Ինչի՞ պըտի կանչեին Արտակի պահով: Չէին կարա, ո՞վ կարար ինձ վկա ներգրավի»,- ասաց նախկին բաժնի պետը:

Վերջինս նաեւ կարծիք հայտնեց Վերանյանի գործի վերաբերյալ. «Չէր կարա հեռախոսով անի. մենակ հեռախոսի ձայնագրություն ա էղել: Հայաստանում չկա նման ձայնային փորձաքննություն, որ անեն ու որոշեն՝ իմ ու քո ձենն ա, թե չէ: Մարդը որ չգրի՝ դու ինձ զանգել ես, կամ ես քեզ զանգել եմ, ինչքան ուզում ա՝ փորձաքննություն արվի»:

«Հետքի» հետ ողջ զրույցի ընթացքում Ստեփան Մելքոնյանը համոզված հաստատեց, որ Արտակ Վերանյանը կապ չունի մաքսանենգության դեպքի հետ, որի համար դատապարտվել է:

«Էս տարածքում մեծ օբլավ եղավ. էլ շուկայի տնօրեն, գործարարներ, տամոժնյա, ինչ կար, չկար, բռնվան սաղ: Էդ գործով գնաց Արտակը, որ, իրոք, կապ չուներ»,- ասաց Մելքոնյանը:

(Հետաքրքիր մի փաստ. Արմեն Ստեփանյանի եւ մյուսների կողմից կատարված մաքսանենգության գործով, Արտակ Վերանյանից բացի, ԱԱԾ-ն գործում որպես մեղադրյալ ներգրավել էր նաեւ այլ անձանց, որոնց թվում՝ գործարար Յուրա Հարությունյանին, արտերկրից ապրանքներ ներկրող Էդիկ Էվինյանին, մաքսանենգության դեմ պայքարի տեսուչ Արթուր Հովհաննիսյանին. բոլորը մեղադրյալ էին միեւնույն գործով: Բայց գործը հարուցելուց 5 ամիս անց նշված գործով ԱԱԾ-ն հիմնավորված համարեց միայն Արտակ Վերանյանի մեղքը: Մյուսներին մեղադրանք առաջադրվեց մաքսանենգության ուրիշ դեպքերով, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար):

«Սաղին ասել եմ՝ քննող քննիչներին, բոլոր վերադաս ատյաններին, մինչեւ նախարար հասցրել եմ, որ էդ երեխեն մեղք ա, արդարացրեք: Մինչեւ հիմա էլ նախարարի մոտ գնալիս էդ երեխու մասին եմ ասում: Այո, ես էլ եմ օգնել, մինչեւ Վճռաբեկ ես էլ եմ պայքարել: Ես հիմա էլ եմ պայքարելու, հիմի էլ եմ օգնելու, որ վերականգնվի: Իրան էլ եմ ասում՝ օգնեմ, աշխատես: Բայց դատվածություն ա վրեն:

Հիմա էլ եմ զանգում իրան, ամեն անգամ զանգում, հետը խոսում եմ (ըստ Արտակ Վերանյանի՝ Ս. Մելքոնյանն իրեն չի զանգում -հեղ.): Իրանք (մաքսանենգություն կատարած բագրատաշենցիները - հեղ.) իրոք մաքսանենգություն արել են: Իրանց էդ փաստով են բռնել: Իրանք դատարանում ասել են: Բայց Արտակի հետ կապ չունեն: Արտակը չի արել: Պարզ ասում եմ՝ Արտակը կապ չունի էդ գործի հետ: Չէր կարա աներ, ես իրան թույլ չէի տա, որ ինքը շփվի նման մարդկանց հետ: Ես իրա պետն եմ եղել, ես իրան թույլ չէի տա դա»,- ենթակայի՝ պետից անկախ գործելու հնարավորությունների մասին է խոսում ոստիկանապետը:

Կոնկրետ մաքսանենգության դեպքի հետ կապված էլ խոստովանում է. «Ինձ էին ուզում բռնեն չերեզ Արտակ: Արտակին պահել են, որ ինձ բռնեն: Արտակին բռնել են, որ Ստյոպի վրա ցուցմունք տա»:

«Հետքի» ճշգրտող հարցին՝ նշանակու՞մ է՝ ԱԱԾ-ին ինքը՝ ոստիկանապետն էր պետք, չեն կարողացել «իր վրա դուրս գալ», Արտակն է զոհ գնացել, ոստիկանապետը պատասխանում է՝ այո՛:

Մեկնաբանություններ (8)

Ոսկան Սարգսյան
Ապրես Ադրինե, հետաքրքիր եւ կարեւոր հոդված ես գրել, մեծ աշխատանք կատարել: Ցավոք, մաքսանենգության դեմ պայքարը, որը կարեւոր գործ է, ձեւախեղվում է, վերածվում կլանների եւ անձերի հարաբերությունների «պարզաբանման«»՜ Այդպես է լինելու, քանի դեռ իշխանությունը հաշվետու չէ ժողովրդին: Ադրինե, քո հոդվածը մի փոքր ճրագ է, որ լույս է սփռում տվյալ ոլորտում տիրող խավարի վրա:
Արսեն Բաբայան
Նյութը լավ է գրված, մասնագիտական առումով պրոֆեսիոնալ, բայց լրագրողական հետաքննությունը քիչ է տեղ գտել, ավելի շատ նկատվում է փաստաբանական մոտեցում, որի արդյունքում միակողմանիություն է նկատվում: Կարծում եմ շատ է երկար ստացվել, ինչն ընթերցողին հոգնացնում է: Այս կարծիքը գրում է նյութի հեղինակ Ադրինեի համար, ով ջանք ու եռանդ չի խնայում լրագրողական հետաքրքիր հետաքննական հոդվածներ գրելու համար: Լավ է, շնորհավորում եմ Ադրինե ջան:
forHetq
Indz tvuma, ays patmutyan mej inch vor eli koxm ka.voch te andz, ayl koxm... Karcum em lragroxakan hetaqnnutyuny der petq e sharunakvi. Myus koxmic karcum em, vor ete AAC n uzenar inch vor milpeti brner, hastat kkaroxanar da anel. mek urish harc. Hamozvac eq, vor Artak Veranyany iskapes maqura... ban chunem aselu, iharke dataranum petq e apacucvi nra mexavorutyuny` ynd vorum pasterov u apacuycnerov. karcum em, ays patmutyan mej der shat chbacahaytvac koxmer kan...
Արմեն
Չկայացած համակարգին բնորոշ սովորական իրավիճակ. 1. Հանցանքը կա, բայց ձևական առումով ապացուցված չէ, 2. Իրավապահ տարբեր մարմիններ աշխատու մեն ոչ թե հանուն օրենքի գերակայության, այլ միմյանց դեմ` կոպեկ փախցնելու նպատակով, և վերջապես` 3.վտանգ կա, որ հասարակությունը կսկսի համակրել կողմերից մեկին (մեղադրյալ, ԱԱԾ, դատավոր, մաքսանենգ` կարևոր չէ), որին իրականում ոչ մեկն էլ արժանի չէ:
Hermine Ohanyan
Օձը գլխից են բռնում.... պոչից բռնել են, թե պետք է չկծի? Հակասականը շատ էր գործում: Այստեղ ինչքան էլ, որ մանրամասների մեջ խորանաս, խորանալու ու մանրամասների մեջ խճճվելու տեղ էլի կմնա: Հոդվածի հեղինակը բավականին լուրջ աշխատանք է կատարել... հերթը իրավասու մարմիններին է, չնայած նրանք իրենց գործը վաղուց արված են համարում, խիղճներն էլ հանգիստ-հանգի~ստ ...
Hovo
Es erkir@ vonc chi dzum indz
Արմե
Սովորական տհաճ իրականություն.
Սուրեն
Ամբողջ ցավը կայանում է նրանում, որ նման դեպքերը քիչ չեն ՀՀ ում, ուղակի այս ամենը արվում է ոչ թե մաքսանենքությունը կանխելու, ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու, ոչ թե մեր երկրի համար ժողովրդավարությա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter