
Եվրոպական բուհեր դիմող հայ ուսանողների թիվն աճել է
Հոկտեմբեր ամսին կմեկնարկի WEBB (Whole Europe beyond borders) միջազգային կրթական ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր բուհերի ուսանողները` ծրագրում ներառված եվրոպական 10 բուհերից որևէ մեկում սովորելու համար: «Էրասմուս Մունդուս»-ի WEBB ծրագրի համակարգողը Իտալիայի Բոլոնիայի համալսարանն է, որի գործընկերը Հայաստանում ԵՊՀ-ն է: Հայաստանից դիմող ուսանողները կարող են ընդունվել Գենտի (Բելգիա), Տուրկուի (Ֆինլանդիա), Պուաթիեի (Ֆրանսիա), Լայպցիգի (Գերմանիա), Կա Ֆոսկարի (Իտալիա), Պավիայի (Իտալիա), Վարշավայի (Լեհաստան), Լանդի (Շվեդիա), Քարդիֆի (Մեծ Բրիտանիա) և Բոլոնիայի (Իտալիա) համալսարաններ:
WEBB-ը Բոլոնիայի գործընթացի համատեքստում մեկնարկած ծրագրերից է, որի նպատակը ուսանողների շարժունությունը ապահովելն է: Հայաստանում առայժմ կազմակերպվել է WEBB ծրագրի մեկ փուլ: ԵՊՀ միջազգային համագործակցության բաժնի աշխատակից, Հայաստանում WEBB ծրագրի պատասխանատու Նաիրա Մնացականյանի խոսքով` դիմորդները կարող են ընտրել եվրոպական 10 համալսարանների ոչ բոլոր ակադեմիական ծրագրերը: Բուհերից յուրաքանչյուրի առաջարկած դասընթացների թարմացված ցանկը հասանելի կլինի ծրագրի ընդունելության մեկնարկից հետո (հոկտեմբերի երկրորդ կես): Ընդունելության հայտը լրացնելը տևում է մոտ չորս ամիս: Դիմորդները առաջարկվող դասընթացների մեծ մասին դիմելու համար պետք է ունենան անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS` կախված համալսարանի պահանջից):
«Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում են ակադեմիական առաջադիմության թերթիկը, տեղեկանքը, որ իրենք համալսարանի ուսանող են, մոտիվացիոն նամակը (motivation letter), որով պետք է պատճառաբանեն, թե ինչու են ուզում ընդունվել տվյալ բուհ:
Լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի տեսակը կախված է այն համալսարանից, որին դիմելու են: Կա համալսարան, որ TOEFL-ի միավոր է պահանջում կամ էլ տեղեկանք բուհից, որը հաստատում է լեզվի իմացությունը, ինչպես նաև՝ անձնագրի պատճե, ընդունելության հայտ և երաշխավորագիր: Կախված նրանից, թե դիմողն ինչ համալսարան կամ ծրագրի է դիմում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր»,- նշում է Նաիրա Մնացականյանը:
WEBB ծրագրի ընդունելության հայտը լրացվում է օնլայն: Ընդունելության փուլի մեկնարկից հետո կակտիվանա Բոլոնիայի համալսարանի կայքում տեղադրված օնլայն դիմում լրացնելու (application form) հղումը:
Ծրագրի շրջանակներում կարելի է դիմել և՛ փոխանակման դասընթացների (exchange) և՛ աստիճան ստանալու (degree seeking) համար: Առաջինի դեպքում բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողը ընտրում է եվրոպական բուհերից մեկը, վերապատրաստվում այնտեղ, վերադառնում առանց աստիճան ստանալու և շարունակում կիսատ թողած ուսումն իր բուհում: Իսկ աստիճան ստանալու (degree seeking) ծրագրին դիմելիս ստանում են այն եվրոպական բուհի դիպլոմը, որտեղ սովորել են: Երկու ծրագրերի տևողությունն էլ հստակ չէ. կախված է բուհից և ընտրված դասընթացից:
«Եւ՛ exchange և՛ degree seeking ծրագրով դիմողները շատ են: Այս տարի ավելացել է դիմողների թիվը: Ուղղակի միակ թերությունն այն է, որ միաժամանակ միջազգային համագործակցության 3-4 ծրագիր բացվեց (ծրագրերը հասանելի են այստեղ- հեղ.), որի գործընկերը մենք ենք: Եթե դրանց դիմելու ինտերվալները մեծ լինեին, դիմողները ավելի շատ կլինեին: Մեկին դիմում են, մյուսին չէ, չնայած կա հնարավորություն` միաժամանակ երկու ծրագրի դիմելու: Մենք ունեինք ուսանողներ, որ երկուսին դիմել էին, բայց նախընտրեցին, օրինակ, WEBB-ը»:
Ընդունված դիմորդների կրթության բոլոր ծախսերը հոգում է եվրոպական բուհը, ինչպես նաև տրամադրում կրթաթոշակ` տվյալ երկրում բնակվելու համար: «Բակալավրիատի ծրագրով ամսական1000 եվրո, մագիստրատուրան` 1000 եվրո, PHD-ն` 1500 եվրո, PostDoc-ը` 1800 եվրո»,- ավելացրեց Նաիրա Մնացականյանը:
WEBB-ն ունի իր ֆեյսբուքյան էջը, որտեղ քննարկումներ են ծավալում ծրագրին դիմած, ինչպես նաև ընդունված ուսանողները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել