Ավտոմոբիլային ճանապարհներ. ովքե՞ր են դրանց տերերը
Արմինե Ղուկասյան
Յուրաքանչյուր քաղաքի եւ բնակավայրի ներկայանալի տեսքն ապահովում են բարեկարգ ճանապարհները: Այս ոլորտում կարծես թե որեւէ խնդիր կամ բացեր չպետք է լինեին, քանի որ ՀՀ կառավարության` 10.01.2008թ. թիվ 112-Ն որոշմամբ սահմանվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, հաստատվել է ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների դասակարգումն` ըստ ենթակայության:
Այն, ինչ որոշմամբ ամրագրված է եւ հաստատված, իրականում ենթակայությունների մասով գրեթե չի գործում, որի արդյունքում, օրինակ, Սեւան համայնքում, տարիներ շարունակ համայնքային ենթակայությունից դուրս գտնվող ճանապարհների սպասարկումն իրականացրել է «ոչ հասցեատերը»` տեղական իշխանությունը, առանց այն էլ բյուջեի սուղ միջոցներից գումարների տրամադրելով նաեւ իր համար լրացուցիչ խնդիր դարձած ճանապարհներին:
Սեւանում պաշտոնավարած անձինք հավաստում են, որ խորհրդային տարիներին էլ քաղաքի մի շարք փողոցներ, օրինակ` Կարմիր Բանակի, Շահումյան, Կոմիսարների, Ազատության, Գայի փողոցները (շուրջ 7310 մ) եղել են հանրապետական նշանակության եւ սպասարկվել են համապատասխան գերատեսչություններից: Հաշվի առնելով նշված ճանապարհների ռազմավարական նշանակությունը (Հ-193)` դրանք կրկին կառավարության ցանկում են, սակայն սպասարկումն ինքնակամ ստանձնել է համայնքը:
Սեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարակական բաժնի պետ Արտաշես Բադալյանը ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական ավտոմոբիլային ճանապարհների սխեման: «ՀՀ միջպետական ավտոմոբիլային ճանապարհներից 10511 մ-ը, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներից 12075 մ-ը գտնվում են Սեւան համայնքի վարչական տարածքում: Տարիներ շարունակ այդ ճանապարհների շուրջ 9440 մ-ը սպասարկել է համայնքը: Սպասարկումն ինքին ենթադրում է բյուջեից համապատասխան գումարների հոսք` հաճախ ի հաշիվ համայնքային այլ աշխատանքների եւ ծրագրերի»,- ասում է Բադալյանը: Տվյալ դեպքում, քաղաքին ոչ ենթակա ճանապարհների սպասարկման բեռը համայնքը տարիներ շարունակ կրել է ի հաշիվ իր վարչական տարածքում գտնվող ճանապարհների:
Ըստ հաստատված սխեմայի` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման Մ-4 ճանապարհի 7453 մ հատվածը (Երեւանյան խճուղի), ինչպես նաեւ Սեւան-Մարտունի-Գետափ-Սեւանի տրանսպորտային հանգույց Մ-10 ճանապարհի 3058 մ հատվածը (Սեւան քաղաքի Շահումյան փողոց) գտնվում են Սեւան համայնքի վարչական սահմաններում: Հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների մեջ Սեւան համայնքից ներառվել են Հ-29-Սեւան-Ծաղկունք-Զովաբեր (Կարմիր բանակի - 1435մ), Հ-193-Սեւան-Ախթամար համալիր Մ-4 (Կարմիր բանակի, Կոմիսարների, Ազատության, Գայի – 7310 մ) փողոցները: Այն, ի դեպ, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերով անցնող ճանապարհն է, որը ներկա դրությամբ գրեթե անանցանելի է: Հ-194-Մ-4-Սեւանի թերակղզի (հանգստի գոտի թիվ 4 փողոց` 1500 մ), Հ-197-Սեւան-Վարսեր (Պռոշյան փողոց` Հ- 630)(, Հ-198-(Գեղամավան-Գագարին) 1200մ) ճանապարհները:
ՀՀ կառավարության` 12.03.2009թ. թիվ 256-Ն որոշմամբ հաստատվել է նաեւ «Բնակավայրերի տարածքով անցնող` ՀՀ միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը», սակայն անհասկանալի պատճառներով Սեւան համայնքի համապատասխան փողոցները, ինչպես նաեւ Հ-94, 97 եւ 193 ճանապարհները չեն ընդգրկվել ցանկում: Բացի այդ, 05.12.2006թ. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի (3-րդ եւ 4-րդ հոդվածներ) պահանջներից բխում է, որ միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածներ են նաեւ Մ-4 միջպետական եւ Հ-193 հանրապետական ճանապարհների միջեւ բնականոն տարանցիկ կապ հաստատող Սեւան քաղաքի Էներգետիկների, Նաիրյան, Զորավար Անդրանիկի հրապարակ, Գործարանային, Խաղաղության, Արա Գեղեցիկ, Խաչիկ Դաշտենց փողոցներով անցնող հատվածը, ինչպես նաեւ Ազատության փողոցը:
![]() |
![]() |
| Արտաշես Բադալյան | Ռոբերտ Ռաֆայելյան |
«Ցանկում չեն ընդգրկվել նաեւ Սեւան քաղաքի Հանգստի գոտի 1, 2, 3, 4 փողոցները, որոնք կապվում են Մ-4 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հետ եւ կարեւոր նշանակություն ունեն հանգստի լճափնյա գոտու, հատկապես ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով ստեղծված հանրային լողափների սպասարկման համար»,- ասում է քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը, ով խորությամբ ուսումնասիրել է ճանապարհների հետ կապված առկա խնդիրները:
Նշված ճանապարհների շահագործմումը, պահպանումը, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ մարզպետարանին: Սակայն, ըստ քաղաքապետարանի պատասխանատուների` այդ ճանապարհների հետ կապված գործառույթների զգալի մասը` վերանորոգում, ձնահեռացում, սանմաքրում, աղբահանություն, դարձել է տեղական իշխանությունների գործառույթներից մեկը: Համայնքի համար սա լուրջ խնդիր է, մանավանդ, եթե հաշվի առնենք բյուջեի սուղ միջոցները: Մտահոգ խնդրի կարգավորմամբ` համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Բեգլարյանին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանին:
Քաղաքապետարանի բարձրացրած հարցերն, ըստ էության, չեն ստացել լիարժեք լուծում: Այսպես` տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացված գրության համաձայն` հաստատվել է այն փաստը, որ «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման, Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության եւ Հ-20, Սեւան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհների տարանցիկ հատվածները» պետք է սպասարկի նախարարությունը եւ սպասարկում է: Սակայն իրողությունն այն է, որ Սեւան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի մի հատվածը` Վլ. Կարապետյանի անվան հրապարակից մինչեւ Սեւան-Երեւան մայրուղու խաչմերուկ, գտնվում է քաղաքում եւ այն նախարարությունը չի սպասարկում. այդ գործառույթն ինքնակամ ստանձնել է համայնքը:
Գեղարքունիքի մարզպետարանից ստացված գրության համաձայն` «ՀՀ 2013թ. պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների սղության պատճառով հնարավոր չէ մարզի ենթակայության հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհային ամբողջ ցանցի վրա իրականացնել սպասարկման աշխատանքներ, որի պատճառով ճանապարհների մի մասը դուրս է մնացել սպասարկման ցանկից»: Ստացվում է, որ առկա հիմնախնդիրը կրկին մնում է համայնքի հաշվեկշռում, եւ տեղական իշխանություններն էլ պարտադրված են իրենց չվերապահված գործառույթներ իրականացնել:
Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է. խնդրի կարգավորման ճանապարհին մշակվում են որոշումներ` հստակ ձեւակերպումներով, սակայն համապատասխան գերատեսչություններն «անզոր» են իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու գործում:
Քաղաքապետի խորհրդական Ռաֆայելյանը, ստացված գրությունների վերաբերյալ հետեւյալը հայտնեց. «Փաստորեն, դարձյալ առկախ է մնում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող Շահումյան փողոցի, ինչպես նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Հ-193-Սեւան-Ախթամար համալիր-Մ-4
(Կարմիր բանակի, Կոմիսարների, Ազատության, Գայի), Հ-197-Սեւան-Վարսեր
(Պռոշյան) փողոցների սպասարկումը եւ պահպանումը (վերանորոգում, ձնահեռացում, սանիտարական մաքրում, աղբահանություն, երթեւեկության կազմակերպում եւ այլն): Որոշակիություն չկա գոնե մոտ ապագայում սպասվող եւ նախատեսվող աշխատանքների իրականացման մասին: Անհասկանալի է եւ ոչնչով չպատճառաբանված նաեւ այն, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով, ինչպես նշված է մարզպետարանի պատասխանում, Սեւան համայնքից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վերահսկողության տակ գտնվող բոլոր ավտոմոբիլային ճանապարհները (12075 մ երկարությամբ) դուրս են մնացել ՀՀ կառավարության` 10.01.2008թ. թիվ 112-Ն որոշմամբ հաստատված սպասարկման ցանկից»:
Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Ա. Բադալյանը մասնավորեցնում է, որ ՀՀ կառավարության` 12.03.2009թ. թիվ 256-Ն որոշմամբ հաստատված տարանցիկ ճանապարհների ցանկից դարձյալ չհիմնավորված կերպով դուրս են մնացել` Հ-193, Հ-194, Հ-197 հանրապետական ճանապարհները: «Բացի այդ, հանրապետական նշանակության տարանցիկ ավտոմոբիլային ճանապարհներ են Մ-4 միջպետական եւ Հ-193 հանրապետական տարանցիկ ճանապարհների միջեւ բնականոն կապ հաստատող Սեւան քաղաքի Էներգետիկների, Նաիրյան, Զորավար Անդրանիկի հրապարակ, Գործարանային, Խաղաղության, Արա Գեղեցիկ, Խաչիկ Դաշտենց փողոցներով անցնող հատվածը, Ազատության փողոցը, Հանգստի գոտի - 1, 2, 3, 4 փողոցները, որոնք հանրապետական նշանակություն ունեցող հանգստի գոտին` հանրային լողափերը, կապում են Մ-4 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հետ եւ ամբողջությամբ համապատասխանում են 05.12.2006թ. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի (հոդված 3,4) պահանջներին եւ ճանապարհների դասակարգման վերաբերյալ սահմանված չափորոշիչներին»,- ավելացնում է Բադալյանը:
Այս օրերին համայնքում «Ձմեռ 2013-2014» ծրագրի մշակման եւ կազմման աշխատանքներն են ընթանում: Նշված փողոցներն ու ճանապարհահատվածներն այս անգամ ներառված չեն համայնքային ընդհանուր ծավալների մեջ, իսկ դա նշանակում է, որ անանցանելի կդառնան Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերը, համայնքի տարածքում գտնվող հանրապետական, մարզային ճանապարհներն ու տարանցիկ փողոցները:
Հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հրատապությունը, ինչպես նաեւ համայնքային կյանքի բնականոն ապահովումը` Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին դիմել է համապատասխան գերատեսչություններին` ՀՀ կառավարության` 12.03.2009թ. թիվ 256-Ն եւ 10.01.2008թ. թիվ 112-Ն որոշումներով հաստատված ցանկերում Սեւան քաղաքի համապատասխան փողոցներն ընդգրկելու, ինչպես նաեւ դրանց շահագործումը, պահպանումը եւ վերահսկողությունը լիազոր պետական կառավարման մարմինների միջոցով կազմակերպելու համար:
Սեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել