HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանի զուգարանի դռները կողպում են, իսկ բանալին կարգադրիչների մոտ է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում գործ ունենալու դեպքում քաղաքացիները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ այլ վայրում կամ դատարանում հնարավորինս զսպել իրենց մինչեւ շենքից դուրս գան: Պատճառն այն է, որ զուգարանի դռները փակվում են բանալիով, իսկ ընդհանուր բանալին պահվում է կարգադրիչների մոտ եւ հասարակ քաղաքացիներին հասանելի չէ:

Իհարկե, դատարանի առանձին աշխատողներ ունեն զուգարանի «սեփական» բանալին: Իսկ եթե զուգարան գնալու կարիք զգում են քաղաքացիները, ապա այդ հարցով պետք է դիմեն կարգադրիչներին, վեջիններս էլ ըստ հայեցողության  կորոշեն` վստահե՞լ զուգարանի բանալին, թե՞ ոչ:

Զուգարան փակելը նոր երեւույթ չէ այս դատարանում, մեկ տարուց ավելի այս վիճակն է, թեեւ դատարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մելքոնյանը մեկամսյա ժամկետ է նշում:

Հեռուստաելույթներից մեկի ժամանակ երկրի նախագահը պահանջում էր, որպեսզի պետական մարմիններում, որպես հարգանքի նշան, «Դուք»-ով խոսեն երկրի քաղաքացիների հետ, սակայն նույն պետական ատյաններում նվաստացնում են այդ երկրի քաղաքացիներին: Թվում է, թե զուգարանի վրա փակ ու բանալի դնելը մանրուք է, սակայն դրանով խոցվում ու նսեմացվում է քաղաքացու արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում զուգարան գնալու համար հայցել կարգադրիչների թույլտվությունը:

Այսօր Էջմիածնի դատարանում մի տարեց կին փորձեց մտնել զուգարան: Մի քանի րոպե անարդյունք փորձում էր դուռը բացել, բայց չստացվեց: Ստիպված տարածքից դուրս եկավ եւ շարժվեց հարեւանությամբ գտնվող ոստիկանության շենք, հավանաբար այնտեղ հոգալու բնական կարիքները: Դրանից րոպեներ անց դատարանի երիտասարդ աշխատակցուհին «սեփական» բանալիով բացեց զուգարանի դուռն ու ներս մտավ, իսկ դուրս գալուց հետո նույն ջանասիրությամբ փակեց բանալիով:

Ի դեպ, Էջմիածնի դատարանում քաղաքացիները զրկված են նաեւ ջուր խմելու հնարավորությունից: Կարգադրիչները նրանց խորհուրդ են տալիս դարձյալ օգտվել ոստիկանության շենքի խմելու ջրի ծորակներից:

Կարեն Մելքոնյանն ասաց, որ իրենք էլ են դրսից խմելու ջուրը բերում, քանի որ զուգարանների ջուրը լավ որակի չէ, իսկ բակում ծորակ չկա: «Լավ ջուր» մատակարարվում է միայն երկրորդ հարկ, որտեղ դատավորներն են նստում:

Կարեն Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են փակում դատարանի զուգարանի դռները: Աշխատակազմի ղեկավարը, մի շարք պատճառներ նշելով, արդարացնում էր իրենց գաղափարը:

«Քաղաքացին մտնում է զուգարան եւ կոտրում է վինտիլները, դրա համար էլ փակում ենք: Բա չփակե՞նք, ասենք՝ մտնում կեղտոտում ու դուրս ա գալիս, հետեւից ջուրը չի քաշում»,-ասում է դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք հավաքարար չկա դատարանում, որպեսզի զբաղվի մաքրության հարցերով: Կ. Մելքոնյանն ասաց, որ հավաքարար ունեն, սակայն հավաքարարը չի կարող յուրաքանչյուր քաղաքացու հետեւից «ջուրը քաշել»:

«Եթե քաղաքացին ուզում է զուգարան գնալ, թող կարգադրիչներից բանալին ուզի: Չեմ կարծում, որ կարգադրիչը բանալի չտա»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Այսքանից հետո մնում է դատարանի զուգարանների դռների վրա` «բանալին կարգադրիչների մոտ է» վերնագրով գրություն փակցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter